Յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու իր խնդիրների համար
Մեզնից յուրաքանչյուրը սիրում է հեքիաթներ՝ սիրո, ընտանիքի եւ անձնական կյանքի ոլորտներում… Մենք սպասում ենք, հույսեր փայփայում, որ երբեւէ մեզ կներկայացվի մի պատմություն այն մասին, որ երկիր մոլորակի վրա՝ ինչ-որ տեղ գոյություն ունի «հավերժական սեր»:
Մենք հավատում ենք «հավերժական սիրո» մասին հեքիաթին, եւ դա լավ է…
Պետք է հավատալ, որ ինչ-որ տեղ քայլում է ձեր կեսը, այն միակն ու անկրկնելին, որը նախատեսված է բացառապես ձեզ համար: Ձեզնից պահանջվում է միայն գտնել նրան, եւ հենց գտնեք՝ կսկսվի ձեր երազած երջանկությունը:
Մարդ արարածը ցանկանում է ու հակված է հավատալու, որ իր բոլոր խնդիրները ինչ-որ մե՜ծ գաղտնիքի չիմացության հետեւանք են: Բայց իրականում դա ամենեւին էլ այդպես չէ…
Պարզապես, անհրաժեշտ է գտնել այդ խնդիրների լուծման բանաձեւը, այսինքն այն գաղտնիքը, ըստ որի՝ ձեր կյանքը կկարգավորվի, նույնիսկ հրաշալի կթվա:
Եվ այսպես՝ բոլորս էլ գիտակցում ենք, որ իրականում հեքիաթներ չեն լինում: Իսկ «հրաշք-գաղտնիքի», կախարդական փայտիկի, հեքիաթային կյանքի մասին երազանքներն ու մտքերը մարդու մոտ առաջանում են նրանից, որ վերջինս կյանքում միշտ ձգտում եւ փնտրում է դյուրին, հարթ ճանապարհներ:
Մարդն անընդհատ սպասում է, որ ինչ-որ մեկը կպաշտպանի իրեն… Իսկ սա նշանակում է, որ նա վստահ չէ սեփական ուժերին, վստահ չէ, որ ընդունակ է ինքնուրույն ինչ-որ բան փոխել:
Բոլորի համար ավելի հեշտ է հավատալ հեքիաթների, քան սկսել գործել ինքնուրույն: Իսկ սեփական ուժերին չհավատացող մարդը վաղ թե ուշ պարտադիր դիմում է գուշակների եւ նմանատիպ այլ անձանց՝ համարելով, որ նրա՛նք, միայն նրա՛նք կարող են ուղեկցող լինել, առաջնորդող, թեեւ յուրաքանչյուրն ինքը պետք է լինի սեփական իղձերի ու ցանկությունների առաջնորդը:
Հավատացե՛ք՝ չկա որեւէ մեկը, որ պատասխան կտա ձեր կյանքի համար՝ բացի ձեզնից: Եվ ձեր «հեքիաթը» կարող եք ստեղծել միմիայն դուք՝ ձեր իսկ ձեռքերով:
Հաճախ են մեկնաբանվում, պարզաբանվում սիրո եւ մարդկային հարաբերությունների ներքին մեխանիզմները, մեր կյանքի այն կողմերը, որոնք մենք սովոր ենք ներկայացնել՝ զարդարելով գեղեցիկ բառերով եւ ծածկելով ինչ-ինչ քողերով: Իսկ հետո տառապում ենք այն բանից, որ իրականությունը չհամընկավ մեր անուրջների հետ…
Ակնհայտ է, որ բոլոր դեպքերում էլ ամեն մարդն ինքն է իր համար ստեղծում խնդիրներ եւ դրանից կարող է ազատվել միմիայն ինքնուրույն:
Այսպիսով, եթե ունենանք ձգտում, եթե հավատանք եւ վստահություն ձեռք բերենք սեփական ուժերի նկատմամբ, ապա մեր կյանքում կկատարվեն հրաշքներ եւ մեր ցանկությունների իրականացնողը կլինենք հենց մենք…