Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ՄԱՐՄՆԻ ԱՄԵՆ ՄԱՍՆԻԿՆ ԱԶԱՏ Է

Հունիս 05,2009 00:00

Ցանկություն, լողազգեստ եւ ժամանակ. ահա թե ինչ է անհրաժեշտ ջրային աերոբիկայով զբաղվելու համար

«Ակվաաերոբիկայով զբաղվողները չեն նիհարում, դա նիհարելու համար նախատեսված պարապմունք չէ»,- ասում է թիավարության միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի գավաթակիր, «Orange Fitness» համալիրի լողավազանի ավագ մարզիչ Արամ Անդրեասյանը։ Ժամանակ առ ժամանակ Երեւանում, Հայաստանի տարբեր մարզերում բացվում են մարզասրահներ, ֆիթնես ակումբներ, որտեղ զբաղվում են բազմազան սպորտաձեւերով՝ լող, վազք, թենիս, վոլեյբոլ, աերոբիկա, շեյփինգ, ակվաաերոբիկա եւ այլն։ Հայկական մտածելակերպի համաձայն, յուրաքանչյուր նմանատիպ սրահի բացումը նպատակ ունի օգնել գեր մարդկանց նիհարելու հարցում։ Այսինքն՝ մարզասրահի բացումը ասոցացվում է զուտ նիհարելու, մարմնի կառուցվածքը գեղեցկացնելու, հետո նոր՝ մարզվելու հետ։

Վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում է գտել ակվաաերոբիկան, որը մարզում է ջրի մեջ։ Ըստ ակվաաերոբիկայի մարզիչ Արամի՝ դա բուժում է, այլ ոչ թե նիհարելու միջոց, սակայն, ինչպես ինքն է նշում, մարզումների հաճախողների մեծ մասը գեր անձինք են։ «Ակվաաերոբիկան հիմնականում գրավում է գեր մարդկանց, քանի որ նրանք ցանկանում են հաճախել այս դասընթացներին նիհարելու համար։ Չեմ ժխտում՝ ակվաաերոբիկան շատ օգնում է նիհարելուն։ Բայց ավելի շատ օգնում է ոչ թե ճարպերը քայքայելով, այլ՝ մկանային տոնուսի բարձրացմամբ»։ Ըստ Արամի, ջրային աերոբիկան օգտակար է նրանով, որ եթե մարդ լողալ չգիտի եւ չի կարողանում իր էներգիան ծախսել, վարժությունների շնորհիվ ու երաժշտության տակ ռիթմիկ շարժումներ կատարելով կարող է մարել կուտակված էներգիան. «Ակվաաերոբիկայով զբաղվելու համար պարտադիր չէ լողալ իմանալ։ Ակվաաերոբիկան նույն աերոբիկան է՝ պարզապես լողավազանի մեջ»։ Մարզման արդյունավետության եւ օգտակարության մասին էլ ասաց. «Աերոբիկայի այս տեսակը շատ լավ արդյունք է տալիս։ Այն օգտակար է առողջական խնդիրներ ունեցող անձանց համար, օրինակ՝ ողնաշարի, սրտանոթային, անոթային համակարգի, հոդերի, հենաշարժողական ապարատի հետ խնդիրներ ունեցողների։ Ջրային միջավայրը շատ նպաստավոր է արյան շրջանառության համար։ Մի խոսքով, ջրում վարժությունների շնորհիվ կարելի է լավ արդյունքի հասնել առողջության բարելավման ուղղությամբ: Յուրաքանչյուր ոք, ով գալիս է անդամագրվելու ջրային աերոբիկայի դասընթացներին եւ ընդհանրապես ֆիթնես ակումբի ծառայություններից օգտվելու համար, նպատակն ունի բարելավել առողջությունը։ Իմ պրակտիկայից ելնելով՝ հաճախորդների 90%-ը գալիս է հենց այդ նպատակով, այլ ոչ թե ատլետիկ կեցվածք ունենալու համար։ Սակայն չեմ ժխտում, որ ատլետիկ կեցվածք ունենալու ակնկալիքներ հայերը եւս ունեն, ինչն էլ ավելի շատ գերիշխում է տղամարդկանց շրջանում։ Մեր հաճախորդների 70-80%-ը ունի առողջական խնդիրներ։ Այսինքն՝ նրանց չես կարող դարձնել ատլետ, նրանց նախ պետք է առողջացնել, բարելավել առողջական վիճակը»։ Արամը նշում է, որ դասընթացները տեւում են 45-50 րոպե եւ ավելացնում, դրանից ավելի ջրում մնալ եւ վարժություններ կատարել խորհուրդ չի տրվում։ Չնայած վնասակար չէ, բայց ամեն դեպքում չի էլ խրախուսվում։

Մարզիչը շեշտում է, որ ակվաաերոբիկան ոչ թե սպորտաձեւ է, այլ ֆիզկուլտուրա։ «Նախքան մարդու հետ ակվաաերոբիկայի դասընթացներ սկսելը, ծանոթանում ենք նրա ֆիզիկական կազմվածքին, հետո խորհուրդ տալիս հաճախել 5 նախնական բազային էլեմենտներ պարունակող դասընթացների, որից հետո ենք ընդգրկում հիմնական խմբակային դասընթացներին»,- ասում է Արամը: Ըստ մեր զրուցակցի, ակվաաերոբիկայի դասընթացները բաժանվում են խմբերի, ըստ պատրաստվածության՝ ցածր, միջին եւ բարձր։ Այն ներառում է aqua basic, aqua noodies, aqua dumddells, aqua runner, aqua mix դասընթացներ: «Aqua basic-ը նախնական դասընթացն է։ Նպատակը անհատին ակվաաերոբիկայի մեջ ներգրավելն է։ Aqua basic-ի մարզման բեռնվածությունը ծանր է, ուղղված է բազային տեխնիկայի հիմնավորմանը։ Այս դասի տեւողությունը 40-45 րոպե է։ Aqua noodies-ը ուժային մարզում է ջրում՝ հատուկ գույքի օգտագործմամբ։ Մարզումը նպաստում է բոլոր մկանային խմբերի ամրապնդմանը եւ ուղղված է աերոբ դիմացկունության զարգացմանը։ Այս դասընթացին ընդհանրապես խորհուրդ է տրվում մասնակցել aqua basic դասից հետո։ Սրա տեւողությունը 50-55 րոպե է։ Aqua runner-ը ծանրաբեռնվածությամբ դաս է՝ վազքի տարատեսակների կիրառմամբ։ Նպաստում է սրտանոթային համակարգի բարելավմանը եւ թոքերի կենսական տարողության մեծացմանը։ Մարզումը նախատեսված է միջին եւ բարձր պատրաստվածության տեր անձանց համար։ Այս դասի տեւողությունը 45-50 րոպե է։ Դե, իսկ aqua mix-ը մարզում է ջրում ուժային եւ աերոբ աշխատանքի համադրությամբ՝ գանտելների, նուդլսների օգտագործմամբ։ Այս մարզումը նախատեսված է միջին եւ բարձր պատրաստվածություն ունեցողների համար։ Հենց այս տեսակն է նպաստում մարմնի գեղեցիկ կառուցվածքի ձեռք բերմանը, ինչպես նաեւ աերոբ եւ ուժային դիմացկունության զարգացմանը»,- մեկնաբանում է Արամ Անդրեասյանը։

Հարցին, թե ի՞նչ է անհրաժեշտ անհատին՝ ակվաաերոբիկայով զբաղվելու համար, մարզիչը կես կատակ-կես լուրջ պատասխանեց. «Ցանկություն, լողազգեստ եւ ժամանակ։ Բոլորին թվում է, թե այս սպորտաձեւը թուլակազմ մարդկանց համար չէ, բայց դա այդպես չէ։ Այստեղ մարդու կազմվածքը բացարձակ կապ չունի։ Այս սպորտաձեւը մի մեծ առավելություն ունի. այստեղ կան այնպիսի վարժություններ, որոնք դրսում գեր եւ շատ ժամանակ նաեւ նիհար մարդիկ անհարմար են զգում կատարել։ Նրանց թվում է, թե իրենք այնքան տգեղ են երեւում այդ վարժությունը կատարելիս կամ գուցե եւ սխալ կատարեն՝ հանկարծ կողքից ոչ ոք չտեսնի, ոչ ոք չնկատի… եւ այդպես հոգեբանորեն, անկախ իրենց կամքից նրանց մեջ բարդույթ է ձեւավորվում ոչ միայն այդ, այլեւ մնացյալ բոլոր վարժությունների հանդեպ։ Ջուրն այս առումով համարվում է նրանց փրկիչ գործոնը, այսինքն՝ ազատում է ամեն տեսակի բարդույթից, քանի որ ջրում մարդու մարմինը, մարմնի ամեն մի մասնիկը ազատ է, շարժվում է ազատ եւ, ամենակարեւորը, այդ շարժումները տեսանելի չեն ոչ ոքի։ Այսինքն՝ ջրում նրանք այդօրինակ վարժություններն անում են առանց ամաչելու ու մեկը մյուսից քաշվելու»։ Մարզչի խոսքերով, ակվաաերոբիկայում կարեւոր դեր ունի նաեւ ջրի ջերմաստիճանը. «Ջրի ջերմաստիճանը վարժություններ կատարելիս մեծ նշանակություն ունի։ Վարժություններն իրականացվում են միջին ջերմաստիճանի ջրում։ Ջուրն իր հատկություններով արյան շրջանառությունը լավացնում, մարդու միջից հանում է լարվածությունը։ Դա է պատճառը, որ սրտի հետ խնդիրներ ունեցողները ջրում իրենց ավելի լավ են զգում։ Հասարակությունը հիմնականում տեղյակ չէ, թե ինչ բան է ակվաաերոբիկան, ինչի համար է այն, ինչ է տալիս մարդուն։ Այսինքն՝ մարզումների այս տեսակը դեռեւս ծանոթ չէ հանրությանը, այդ պատճառով շատ հաճախ գալիս են առանց գիտակցելու, որ սա ժամանց չէ, այլ առողջություն է, բուժում։ Ակվաաերոբիկայի կուլտուրան մեր հասարակության, մասնավորապես՝ կանանց եւ աղջիկների շրջանում ձեւավորված չէ։ Եվ, ընդհանրապես, ոչ միայն ակվաաերոբիկան, այլեւ մարզասրահ, ֆիթնես ակումբ հաճախելը, չգիտես ինչու, ասոցացվում է ժամանակ անցկացնելու վայրի հետ։ Բայց ակվաաերոբիկայի դասին մեկ անգամ այցելելուց՝ ակտիվ սկսում են հաճախել։ Այսինքն՝ դա գրավում է մարդկանց։ Գուցե այստեղ գեղեցիկ մարմին ունենալու խնդիրն է…»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել