Գետաշենի բռնազավթման 18 տարվա առիթով
Հայկազ Սեյրանյանը ծնվել է Հայոց Գարդմանաց աշխարհի հանրահայտ Գետաշեն գյուղում: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ուկրաինայի Զմեեւսկի գյուղի մոտ տեղի ունեցած ծանր մարտերում գործած սխրանքների համար պարգեւատրվել է հրամանատարության կողմից: 1991թ. սովետական բանակի զինված ստորաբաժանումների ու Ադրբեջանի ներքին զորքերի գրոհայինների համատեղ ուժերով կազմակերպված դավադիր հարձակման արդյունքում՝ Գետաշենի անկումից, ապա եւ ազգաբնակչության բռնի տեղահանությունից հետո, շատերի հետ միասին նրա ընտանիքը տեղափոխվել է ՀՀ Կոտայքի մարզի Արզնի գյուղ:
Դիտարկմանը, թե Հայրենական մեծ պատերազմից հետո Գետաշենում վարել է տարբեր պաշտոններ՝ միաժամանակ հաղթահարելով այն ժամանակվա ադրբեջանական ղեկավարության ոչ բարեհաճ վերաբերմունքը, մեր զրուցակիցը պատասխանում է. «Հպարտ եմ, որ իմ աշխատանքային վարքագծով, ինչո՞ւ չէ, նաեւ շրջահայաց բնավորությամբ, կարողացել եմ շահել շրջապատիս համակրանքը, «կոտրել» ղեկավարների հակահայ կարծրատիպերը: Պետք է նկատի ունենալ նաեւ, որ 1953-ից սկսած, Ստալինի մահից հետո, որոշակիորեն մեղմացան Բաքվի ճնշումները հայ ազգաբնակչության նկատմամբ. մինչեւ 1970-ականներն ազատ գործելու հնարավորություն կար»: 1988-91թթ. արցախյան ազգային-ազատագրական շարժման ժամանակ Գետաշենում ստեղծվեց Ազգային ինքնապաշտպանության կոմիտե, որի կազմում ընդգրկվել էր նաեւ Հ. Սեյրանյանը՝ իր բազմամյա փորձը հաղորդելով նորաստեղծ կամավորական ջոկատներին:
«Ցավալի, բայց փաստ է, որ մոտ 14 դար գոյություն ունեցող հայրենի բնօրրանը կարող էր խաշնարած ցեղերի կողմից նվաճվել: Գյուղում փոքր ու մեծ ոտքի էին ելել, պատրաստ՝ պաշտպանելու իրենց օջախները, ապուպապերի գերեզմանները, ճարտարապետական սուրբ հուշարձան-կոթողները: Գետաշենի պատմության, ճարտարապետության, մարդկային սխրանքների մասին ոչ ոք այդպես էլ չէր իմանա, եթե գետաշենցի քաջորդի մտավորականները քարոզչական-տեղեկատվական հնարավոր բոլոր միջոցներով ու սեփական ծանոթություններով դրսի աշխարհի ուշադրությունը չբեւեռեին «Մուսա լեռ» դարձած մեր տարածքի վրա՝ ահազանգելով մոտալուտ վտանգի մասին եւ խնդրելով հնարավոր բոլոր միջոցներով սատարել հայ ազգաբնակչությանը»,- ասում է նախկին գետաշենցին:
Շատերի թվում նա եւս այն կարծիքին է, որ Գետաշենը քաղաքական խարդավանքների զոհ դարձավ. «Դա ռուսական իշխող վարչակազմի (Գորբաչով, Պուգո, Կրյուչկով, Յազով եւ այլք) սարքած թակարդն էր… 1991թ. ապրիլի 30-ին Գետաշեն ներխուժեցին ռուսական կանոնավոր զորքերը, նրանց ետեւից՝ թուրք-ազերի խաժամուժը: Մինչեւ հիմա ուշքի չեմ կարողանում գալ այն մտքից, որ նույն խորհրդային բանակի կազմում մեր երկրի ազատության համար կռվել ենք ընդհանուր թշնամու՝ գերմանական ֆաշիզմի դեմ, սակայն այդ նույն բանակը տարիներ անց զենքը կարողացավ ուղղել իր իսկ ժողովրդի եմ, իմ դեմ. ո՞ր օրենքի, ո՞ր կրոնի համաձայն, հանուն ինչի՞… Ուզում եմ հավատալ, որ այսպես չի մնա, ի վերջո կգա օրը, երբ պատմական ճշմարտությունը կհաղթանակի, Գետաշենը կազատագրվի օտարի լծից… Երանի նրան, ում բախտ կվիճակվի տեսնել այդ հերոսական իրադարձությունը»:
Հ. Գ. Արդեն պատրաստ է նաեւ Բ. Սիսյանի եւ Ռ. Չիլինգարյանի «Գետաշեն» գիրքը: