Միքայել Պողսյանը՝ ինչպես որ կա
Մ. Պողոսյանը նաեւ «նվագում» է Վ. Չալդրանյանի
«Մաեստրո» ֆիլմում:
«Ամենալավ երգը լռությունն է, ամենալավ ներկայացումը՝ դատարկ բեմը, ամենալավ գեղանկարչությունը՝ մաքուր կտավը…»,- «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց շուրջ 35 տարի բեմում հանդես եկող ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանը:
Նա ասաց նաեւ, որ ներկայումս խաղում է՝ ինչպես կարող է, երգում՝ ինչպես ուզում է: «Փակագծերը բացելով» էլ հավելեց, որ այսպիսով ինքն իրեն շնորհել է ազատ արվեստագետի կարգավիճակ:
Մ. Պողոսյանը, որ Երեւանի կամերային թատրոնի հիմնադիրներից մեկն է, ժամանակին հանդես է եկել խաղացանկային շուրջ 10 ներկայացումներում, նկարահանվել մոտ 20 ֆիլմում, թողարկել երգերի CD-ներ: Վերջերս արտիստի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ թողարկվել են նրա «Խաղում եմ՝ ինչպես կարող եմ, երգում եմ՝ ինչ ուզում եմ» խորագրով DVD-ն ու CD-ն, նաեւ արվեստաբան Ռուզան Զաքարյանի «Արտիստ, երգիչ եւ տրուբադուր» գիրքը:
Արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը հոդվածներից մեկում Մ. Պողոսյանին «դժվար» է անվանել, մանրամասնելով, որ դժվար են նրանք, ովքեր դուրս են շաբլոնից, ծանոթ ու մատչելի սխեմաներից:
Մեզ հետ զրույցի ընթացքում, ասվածը հաստատեց նաեւ ինքը՝ Միքայել Պողոսյանը: «Աշխատել խաղացանկային թատրոնում, որտեղ ուզես, թե չուզես՝ ճարահատյալ պետք է խաղաս առաջարկվածը, երեկոյան էլ գաս ու պարտադրված բեմ դուրս գաս, ինձ համար անընդունելի է: Ինչու պետք է ինչ-որ մեկը քո փոխարեն որոշի՝ ինչ խաղալ, երբ բեմ դուրս գալ…», -ասաց մեր զրուցակիցը:
Մ. Պողոսյանը պատմեց, որ ինքը «դժվար» է եղել դեռեւս երեխա ժամանակվանից. մայրը ծննդյան օրվանից մինչեւ 2006թ. գրել է օրագիր, որտեղ տեղ են գտել չարաճճի որդու կյանքի նաեւ արտառոց դեպքերը: Օրինակ, այդ օրագրում նշվում է այն մասին, թե ինչպես է 9-րդ դասարանցի Միքայելի նկատմամբ համամիութենական հետախուզում հայտարարվել, կամ ինչպես է տղան բեռնատար ինքնաթիռով ծաղիկները ձեռքին թռել Սուխում, որպեսզի տեսնի սիրած աղջկան:
Հետաքրքրությանը, թե մայրն ինչու 2006-ից այլեւս օրագիրը չի շարունակել, դերասանն ասաց. «Երբ ծնվեց դուստրս՝ Վիկտորիան, որին կոչեցինք մորս՝ Վիկտորիա Արամովնայի անունով, մայրս սկսեց թոռնուհու մասին օրագիր պահել»:
«Առավոտի» հաջորդ հարցին՝ մի քիչ հավակնոտ չէ՞ իր մասին գրքի խորագիրը՝ «Արտիստ, երգիչ եւ տրուբադուր», Մ. Պողոսյանը պատասխանեց. «Իմ ստեղծագործական կյանքի ընթացքում ես առանձնահատուկ շեշտադրում չեմ արել թատերարվեստի, կինոարվեստի, երաժշտարվեստի վրա…Դրանք այն «տարածքներն» են, որտեղ կարողանում եմ ինքնաարտահայտվել, ինքնադրսեւորվել՝ կախված հոգեվիճակից: Եվ որ ամենակարեւորն է՝ ես տարերքի մեջ եմ բոլոր երեք «տարածքներում» էլ: Երբ խոսքն է վերջանում՝ երգում եմ, երբ երգը՝ խոսում եմ, իսկ երբ մյուս արտահայտչամիջոցները, արդեն նկարում եմ: Երեւի գիտեք, որ առաջին մասնագիտությամբ նկարիչ եմ»: Հարցապնդմանն էլ՝ այնուամենայնիվ, Ձեզ ո՞ր ոլորտում եք տերուտիրական զգում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Արվեստն այդ առումով գործ չունի, իմ կարեւոր «ձեռքբերումը» ծնողներս են, երեխաներս, մտերիմներս…Նրանցով եմ երջանիկ, տերուտիրական»: