Երեկ «Առավոտի» խմբագրություն եկավ թիվ 18 հատուկ դպրոցի տնօրեն Ծովինար Գեւորգյանը եւ «Առավոտի» մայիսի 27-ի համարում տպված «Թիվ 18 հատուկ դպրոցի ոդիսականը» հոդվածում տեղ գտած պնդումների կապակցությամբ ներկայացրեց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության որոշումը, որտեղ, մասնավորապես, գրված էր. «Նախաքննության ընթացքում Ս. Ուրումյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2008թ. սեպտեմբերի 1-ին որպես փոխտնօրեն նշանակվելուց հետո դպրոցի տնօրեն Ծովինար Գեւորգյանը, փոխտնօրենի պաշտոնից չազատելու համար, 2008թ. սեպտեմբերի 29-ին եւ հոկտեմբերի 30-ն իրենից պահանջել է իր 3 ամսվա աշխատավարձը, որն ընդհանուր առմամբ կազմում է 396 հազար դրամ, աշխատավարձերի ցուցակներում ստորագրելուց հետո հանձնել իրեն: Ս. Ուրումյանը նշել է, որ այդ մասին խոսակցություններին, բացի իրենից եւ Ծ. Գեւորգյանից, ոչ ոք ներկա չի գտնվել:
Ծովինար Կամոյի Գեւորգյանն իր ցուցմունքում հերքել է Ս. Ուրումյանի կողմից նշված հանգամանքը, նշելով, որ ինքն ընդհանրապես երբեւէ որեւէ պատճառով Ս. Ուրումյանից գումար չի պահանջել, ինչը պնդել է նաեւ Ս. Ուրումյանի հետ առերես հարցաքննության ընթացքում: Ս. Ուրումյանի կողմից նշված հանգամանքը պարզելու նպատակով հարցաքննվել են ինչպես դպրոցի ներկայիս աշխատակիցներ Գ. Բալյանը, Հ. Համբարձումյանը, Փ. Մարգարյանը, Գ. Եղիազարյանը, Մ. Գալստյանը, Կ. Հովհաննիսյանը, Ս. Դանիելյանը, Ս. Գրիգորյանը եւ Ա. Կիրակոսյանը, այնպես էլ նախկին աշխատակիցներ Ա.Ղարիբյանը, Մ. Սահակյանը, Ա. Անդրեասյանը, Ն. Մովսիսյանը եւ Ա.Հակոբյանը, սակայն նրանցից եւ ոչ մեկը դպրոցի տնօրեն Ծ. Գեւորգյանի կողմից՝ ինչպես Ս. Ուրումյանից, այնպես էլ որեւէ աշխատակցից որեւէ պատրվակով գումար պահանջելու վերաբերյալ տեղեկություն չեն հայտնել: Ծ. Գեւորգյանի կողմից փոխտնօրենի պաշտոնից չազատելու համար Ս. Ուրումյանից գումար պահանջելու վերաբերյալ հանգամանքը պարզելու նպատակով համապատասխան հանձնարարություններ են տրվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 4-րդ վարչությանը եւ Էրեբունու բաժնին, ստացվել են պատասխան գրություններ այն մասին, որ ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ ձեռք չեն բերվել:
Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հնարավոր չի եղել հաստատել Ծ. Գեւորգյանի կողմից փոխտնօրենի պաշտոնից չազատելու համար Ս. Ուրումյանից գումար պահանջելու հանգամանքը, նաեւ այն, որ գործով սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, ուստի անհրաժեշտ է Ծ. Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»: