Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը՝ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են հերթական ապատեղեկա-տվությունը՝ այս անգամ Հայաստանին մեղադրելով առայժմ գիտությանն անհայտ ինչ-որ խորհրդավոր հրաձգային զենք կիրառելու մեջ: Բառացիորեն այդ օպուսը հնչում է հետեւյալ կերպ. «Հայաստանի զինված ուժերը վերջին ժամանակներս Ադրբեջանի բնակավայրերը եւ մեր բանակի դիրքերը գնդակոծում են ժամանակակից ռազմական համակարգում չներառված զենքից»: Ադրբեջանցի մասնագետների տվյալներով, նոր փամփուշտները (որոնց տրամաչափը 5,45 – 7,62 մմ սահմաններում է) ի զորու են ծակել-անցնել մեկ մետր լայնությամբ հողի շերտը, բարակ բետոնե շերտը, զրահաբաճկոնները եւ թեթեւ զրահատեխնիկան: «Առայժմ մանրամասն տեղեկատվություն չկա այն զենքի մասին, որից արձակվում են այդ փամփուշտները, եւ դրանց տեխնիկական ցուցանիշների մասին»,- ասված է տեքստում:
Այդ «խորհրդավոր զենքի» առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար «Արմինֆոյի» թղթակիցը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանին: «Դժվար է լրջորեն մեկնաբանել այդ հաղորդումը, քանի որ «աշխարհին անհայտ» ինչ-որ հրաձգային զենքի հնարավոր կիրառման մասին հայտարարությունը, պարզապես, ծիծաղելի է: Սովորական հրաձգային զենքը շատ լավ հայտնի է բոլոր երկրների մասնագետներին եւ ոչ մի գաղտնիք չի ներկայացնում»,- նշել է Ս. Շահսուվարյանը, ավելացնելով, որ նման տեղեկատվություն է տարածվում ակնհայտ նպատակով՝ հերթական անգամ հայկական կողմին «խաղաղ ադրբեջանական տարածքների» գնդակոծման մեջ մեղադրելու համար, այն էլ՝ անհայտ զենքից: «Վախի աչքերը մեծ են եւ, հնարավոր է, ինչպես դա բազմիցս պատահել է մեր հարեւանների հետ, տեղի է ունեցել թյուրիմացություն, եւ ադրբեջանցիներն «անհայտ խորհրդավոր զենքի» տեղ են դրել բոլորովին մեկ այլ բան: Նման զավեշտական դեպք տեղի էր ունեցել դեռ Ղարաբաղի պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանցիները «լազերային զենքի» տեղ էին դրել մեջքին լապտերիկ ամրացված ավանակին»,- նշել է Ս. Շահսուվարյանը: