Իրանի Իսլամական Հանրապետության 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրություններից առաջ կազմակերպվում են թեկնածուների հեռուստաբանավեճեր: Դրանցից մեկի ժամանակ բարեփոխական թեւի ներկայացուցիչ համարվող Միր-Հոսեյն Մուսավին ուղիղ եթերում գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադին անվանեց «բռնապետ»: Մուսավին նաեւ հայտարարեց, որ երկրի ղեկավարի կողմից Հոլոքոսթի մերժումը էապես գցել է Իրանի միջազգային վարկը: Ըստ նախագահի թեկնածուի՝ վերջին տարիների լարվածությունը Իրանի եւ մնացած աշխարհի միջեւ ավելացել է: Գործող նախագահի ղեկավարելու բռնապետական մեթոդները վարկաբեկում են Իրանը աշխարհի աչքերում: Իր հերթին Ահմադինեջադը մեղադրել է բարեփոխիչներին անտնտեսվարության, կոռուպցիայի եւ դավադրության մեջ: Այդ դավադրությանը, ըստ Իրանի գործող նախագահի, մասնակցում են իր երկու նախորդները՝ Հաշեմի Ռաֆսանջանին եւ Մուհամադ Խաթամին: Հունիսի 12-ին կայանալիք նախագահական ընտրություններին, բացի Ահմադինեջադից եւ Մուսավիից, մասնակցելու է եւս մի բարեփոխիչ՝ Մեհդի Քարուբին, եւ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային: