Air-France ընկերության A330 աերոբուսը, ըստ ամենայնի, քանդվել է դեռեւս օդի մեջ: Այդ մասին է հայտարարել ընկերության անանուն ներկայացուցիչը: Վերջին հաղորդագրությունը, որը ստացվել է աղետյալ ինքնաթիռի օդաչուից, այն էր, որ օդանավը մտել է մրրկահողմային գոտի: Այնուհետեւ ավտոպիլոտն անջատվել էր եւ համակարգիչները սկսել են սնվել էներգիայի պահեստային աղբյուրից: Վերջին հաղորդագրությունը վկայում է, որ ինքնաթիռում անջատվել են էլեկտրաէներգիայի բոլոր համակարգերը: Այդ հաղորդագրությունները աերոբուսից հաղորդվել են ավտոմատ ռեժիմով եւ չեն պատասխանում այն հարցին, թե ո՞րն էր աղետի իրական պատճառը: Ավելի ճշգրիտ ինֆորմացիա կարող են տալ «սեւ արկղերը», սակայն դրանք արդեն, ամենայն հավանականությամբ, գտնվում են օվկիանոսի հատակին եւ դժվար թե հայտնաբերվեն մեծ խորության (մոտ 7կմ) եւ հատակի բարդ ռելիեֆի պատճառով: Որոնողական աշխատանքներ իրականացնող երեք երկրները՝ Ֆրանսիան, Բրազիլիան եւ ԱՄՆ-ը հայտարարել են, որ ահաբեկչությունը՝ որպես աղետի հնարավոր պատճառ, չի էլ դիտարկվել: Բանն այն է, որ բացի օդանավի մնացորդներից, աղետի վայրում հայտնաբերվել է վառելիքի մեծ հետք, որը ձգվել է մոտ քսան կիլոմետր: Դա, ըստ Բրազիլիայի պաշտպանության նախարարի, նշանակում է, որ ինքնաթիռում որեւէ պայթյուն տեղի չի ունեցել: