Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման մերձենում է Մերձավոր Արեւելքի հետ

Հունիս 05,2009 00:00

\"\"Չորեքշաբթի օրը Սաուդյան Արաբիա իր այցի ժամանակ Բարաք Օբաման այդ երկրի թագավոր Աբդուլայից ծանր ոսկե շղթա նվեր ստացավ: Աբդել -Ազիզ թագավորի շքանշանը սաուդյան բարձրագույն պարգեւն է: Ընդհանրապես, այդ երկրում ԱՄՆ նախագահը շքեղ ընդունելության արժանացավ: Մասնավորապես, թագավորը Օբամայի համար էքսկուրսիա կազմակերպեց՝ իր ճոխ ձիաբուծարանը: Հանձնելով շքանշանը՝ թագավորն ասաց, որ նման պարգեւ ստանում է իր բարեկամների միայն մի փոքր մասը, եւ ԱՄՆ նախագահը նրանց թվում է: Օբամայի այցը Մերձավոր Արեւելք՝ կոչված է ցույց տալ ԱՄՆ վարչակազմի ջերմ վերաբերմունքը իսլամական աշխարհի նկատմամբ, որի հետ հարաբերությունները փչացան Ջորջ Բուշի նախագահության օրոք: Օբաման եւ Աբդուլա թագավորը քննարկել են պաղեստինա-իսրայելական կարգավորման հեռանկարները, սակայն բոլոր պաշտոնական բանակցություններն անց են կացվել փակ դռների հետեւում: Երեկ Միացյալ Նահանգների ղեկավարն ավարտեց իր մերձարեւելյան շրջագայությունը Եգիպտոսում: Նա հանդիպել է իր գործընկեր Հոսնի Մուբարաքի հետ, ինչպես նաեւ ելույթ է ունեցել Կահիրեի համալսարանում, եւ խոսել իսլամական աշխարհի հետ հարաբերությունների նոր դարաշրջան սկսելու մասին: Սպիտակ տանը Օբամայի շփումներն իսլամական աշխարհի հետ պատմական են անվանում, դրան հակառակ՝ թիվ 1 ահաբեկիչ Օսամա Բեն Լադենը հայտարարել է, որ Օբաման շարունակում է Բուշի հակաիսլամական քաղաքականությունը եւ Մերձավոր Արեւելքում ցանում է ատելության նոր սերմեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել