Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
Հարգելի պարոն վարչապետ, ս/թ մայիսի 2-8-ը հրավիրվել էի մասնակցելու Եվրոպական կենսաքիմիկոսների ասոցիացիաների ֆեդերացիայի (FEBS) եւ Պաստերի ինստիտուտի (Pasteur Institut) կողմից կազմակերպված լեկցիոն դասընթացին, որը տեղի էր ունենալու Ֆրանսիայում: Թվում էր, թե ամենաբարդ խնդիրը, որը կարող է առաջ գալ հայաստանյան պայմաններում աշխատող երիտասարդ գիտնականի առջեւ, այն է՝ «ինչպե՞ս հայթայթել գումարը»: Սակայն, ի շնորհիվ FEBS-ի կողմից տրամադրված ճանապարհային դրամաշնորհի, բոլոր ֆինանսական հարցերը լուծվեցին: Թվում էր, թե այլ խոչընդոտ չի կարող ծագել, քանի որ հրավիրող կողմը այնպիսի հեղինակավոր հիմնարկ է, որ սեփական երկրի ներկայացչությունը դժվար թե խոչընդոտի նրա կողմից կազմակերպվող միջազգային գիտական միջոցառմանը երիտասարդ գիտնականի մասնակցությունը: Գիտաժողովին իրենց գիտական աշխատանքները պետք է ներկայացնեին ավելի քան 200 երիտասարդ մասնագետներ գրեթե ողջ Եվրոպայից: Բայց արի ու տես, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը որոշեց չտրամադրել մուտքի վիզա: Ճիշտն ասած, լուրն իմանալուն պես, միանգամից փորձեցի խնդրել հանդիպում հյուպատոսի հետ, սակայն դեսպանությունից ինձ պատասխանեցին, որ ոչ հյուպատոսը, որը այդ ժամանակ բացակայում էր, եւ ոչ էլ փոխհյուպատոսը չեն հանդիպում «մեր պես հասարակ մահկանացուների» հետ, եւ եթե ցանկանում եմ, կարող եմ գրավոր դիմել նրան: Նախ նշեմ, որ ոչ ոք այդպես էլ չասաց ինձ, թե ինչն էր մերժման հիմքը՝ պատճառաբանելով, որ դա պահանջում է Ֆրանսիայի օրենքը: Ճիշտն ասած, իմ մեջ հարց է ծագում, եւ ես ուզում եմ հարցնել Ձեզ՝ իսկ Հայաստանի օրենքը չի՞ նախատեսում, երբ իր քաղաքացին 60 եվրոյի համարժեք գումար է վճարում, նա գոնե պետք է իմանա, թե ինչ հիմքի վրա են նրան մերժում, երբ պահանջվող փաստաթղթերը առկա են եւ հարցազրույց չի իրականացվում (այդ դեպքում, գուցե ասեին, թե հավատ չեմ ներշնչում): Բացի դրանից, ուզում եմ նշել, որ իմ խնդրանքը՝ վերանայել իրենց որոշումը, մնաց այդպես էլ անպատասխան, եւ ինձ ասացին, որ նրանք պատասխանում են միայն, երբ պատասխանը դրական է, իսկ եթե պատասխանը բացասական է, ապա՝ սպասիր մինչեւ…: Երեւի այնքան են մերժում, որ չեն հասցնում պատասխանել վերանայման խնդրանքներին, թեկուզ իմ կարծիքով դժվար չէր լինի «չգիտեմ» բառի փոխարեն օգտագործել «այո» կամ «ոչ»: Հարցն այն է, որ երբ դու զբոսաշրջիկ ես եւ ստանում ես մերժում, ապա կարող ես դիմել նորից, սակայն, եթե գիտնական ես եւ բացառիկ հնարավորություն ես ստացել մասնակցելու միջազգային գիտաժողովի, ապա սպասելու եւ նորից դիմելու հնարավորություն չունես: Ամենազավեշտալին այն է, որ Ֆրանսիայում անցկացվելիք ամեն օրվա համար դու քո հաշվեհամարին պետք է ունենաս 60 եվրո: Այսինքն, եթե գնում ես 8 օրով, ապա՝ 480 եվրո: Հետաքրքիր է, թե որտեղից պետք է այդ գումարը հայթայթի 30 000 դրամ աշխատավարձ ստացող երիտասարդ հայ գիտնականը: Այս հարցը պետք է մտահոգի մեր կառավարությանը, քանի որ դեսպանատունը պարտավոր չէ հոգալ մեր երկրի գիտնականների խնդիրները: Եվ, իհարկե, հարց է ծագում, թե ինչի համար են այն դրամաշնորհները, որոնք տրամադրում են մեր նման, այսպես ասած, «զարգացող երկրներին»: Արդյոք նրանք նպատակ ունե՞ն զարգացնելու մեր գիտությունը: Եթե այո՝ ապա ես չեմ հասկանում, ինչպես պետք է գիտնականները զարգանան, եթե նրանց զրկում են փորձ ձեռք բերելու եւ, այսպես ասած, «զարգացած երկրներում» իրենց հետազոտությունները ներկայացնելու հնարավորությունից: Եվ վերջապես, ինչի՞ համար են Եվրամիության արեւելյան գործընկերության ծրագիրը եւ նմանատիպ այլ գործընթացները, որոնք միտված են մոտեցնելու Հայաստանը Եվրոպական ընտանիքին: Մինչեւ այս հոդվածը գրելը՝ իմացա եւս մի քանի երիտասարդ գիտնականների հետ վերջերս տեղի ունեցած նմանատիպ դեպքերի մասին, որոնք կապված են Ֆրանսիա՝ մուտքի վիզա չտրամադրելու հետ: Այս տենդենցը լուրջ մտահոգության տեղիք է տալիս եւ ունի լայն հասարակական քննարկման կարիք:
Պարոն վարչապետ, խնդրում եմ Ձեր միջամտությունը նշված արհեստականորեն ստեղծված խնդիրները վերացնելու համար: