Թիվ 118 դպրոց-կենտրոն բերված՝ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դպրոցների՝ 9-րդ դասարանի քննությունների թեստերը մեկ օրինակով ավելի էին:
Երեկ ՀՀ հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանցիները քննություն հանձնեցին հայոց լեզու եւ գրականություն առարկայից: «Առավոտը» շրջայց կատարեց մի շարք դպրոցներում՝ տեղում ծանոթանալու քննական իրավիճակին: Քանի որ այս ժամանակահատվածում հասարակության ուշադրության հիմնական մասը կենտրոնացած է բուհական ընդունելության համար կազմակերպվող միասնական քննությունների վրա, դպրոցներում անցկացվող 4-րդ, 9-րդ եւ 11-րդ դասարանցիների քննությունները մի փոքր աչքաթող են արվում: Իսկ այդ իրավիճակից կարող են օգտվել շահագրգռված անձինք, մանավանդ՝ 9-րդ կամ 4-րդ դասարանցիների քննությունների մասին տեղեկություններ ստանալու համար քիչ դեպքերում են ԿԳՆ-ի, քաղաքապետարանի ներկայացուցիչները շրջայց կատարում:
«Առավոտը» երեկ այցելեց Պեյո Յավորովի անվան թիվ 131, այնուհետեւ՝ Արամայիս Երզնկյանի անվան թիվ 118 դպրոցներ: Դեռ հեռվից պարզ էր դառնում, որ այս դպրոցներում քննություն է անցկացվում. ծնողների առատությունը դպրոցների բակերում խոսում էր այն մասին, որ նրանք հուզված են:
Թիվ 131 դպրոցն ուներ 3 քննասենյակ, որտեղ քննություն էր հանձնում 137 աշակերտ: Տնօրեն Գրիգոր Սաֆարյանի փոխանցմամբ՝ ժամը 9-ին թեստերն արդեն դպրոցում են եղել, այնուհետեւ 10.30-ից սկսել է աշակերտների հոսքը դպրոց: Իսկ արդեն 11.45-ին սկսվել է քննությունը, որը տեւել է 2 ժամ: Գ. Սաֆարյանն ասաց, որ քննասենյակներում հսկիչները իրենց դպրոցի ուսուցիչներն են, բայց ոչ մասնագետներ: Օրինակ՝ սենյակներից մեկում հսկում էին կենսաբանության եւ մաթեմատիկայի ուսուցիչներ: Պարոն Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ աշակերտների գրավորները ստուգելիս պարոն Սաֆարյանը՝ որպես տնօրեն, ինչպե՞ս է վերահսկելու, որ ուսուցիչները ճիշտ եւ օբյեկտիվ լինեն: Նա պատասխանեց. «Դա հեշտորեն վերահսկելի գործընթաց է, ցանկացած աշխատանք իմ ձեռքի տակ է, եւ ես կարող եմ ստուգել՝ ստուգողը ճի՞շտ է հաշվարկները կատարել է, թե՞ ոչ»:
Այցելեցինք նաեւ թիվ 118 դպրոց-կենտրոն, որտեղից Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դպրոցների տնօրենները ստանում են իրենց դպրոցների համար բերված թեստերը: «Առավոտի» այն հարցին, թե բոլոր թեստերը տեղո՞ւմ էին, քանի որ թիվ 35 դպրոցում մեկ օր առաջ փաթեթի մեջ չէին եղել կենսաբանության թեստերը, տնօրեն Կարինե Հովակիմյանը պատասխանեց. «Այսօր փաթեթներում նույնիսկ թեստերն ավելի էին: Մենք այդ մասին արձանագրություն կազմեցինք, իսկ ավելի թեստերը օգտագործածների հետ կպահպանենք փաթեթում՝ մեկ տարի»: Թիվ 118 դպրոցում քննություն էր հանձնում 82 իններորդ դասարանցի: Զրուցեցինք նաեւ նրանցից որոշների հետ: Օրինակ՝ Գրիգոր Մելքոնյանն ասաց. «Քննությունը լավ ընթացավ, շատ խիստ էր: Ամեն ինչից գոհ ենք, ուղղակի 1-ին տարբերակի 19-րդ հարցում սխալ կար. «միջադաս» բառի փոխարեն գրված էր «առաջադաս»: Բայց դա տեղում ճշտեցինք»: Դպրոցի տնօրենի հետ էլ խոսեցինք այն ավանդույթի մասին, ըստ որի՝ քննություններից հետո որոշ դպրոցներում ծնողները սեղան են պատրաստում ուսուցիչների համար: Կ. Հովակիմյանն ասաց. «Երեկ՝ 11-րդ դասարանի ավարտական քննության օրը, ուսուցիչներով քննությունից հետո հաց կերել ենք, բայց մեր գումարներով, ոչ թե ծնողների: Չեմ թաքցնում. այսօր երեխաներն ինձ համար ծաղկեփունջ են բերել, բայց դրանում արտառոց բան չկա: Չնայած ընդունում եմ, որ ուսուցչին պիտի վերաբերմունք ցուցաբերել, բայց եթե դա պիտի տգեղ խոսակցությունների տեղիք տա, ապա ավելի լավ է այդ վերաբերմունքը չցուցաբերվի»: