Ըստ ադրբեջանցի վերլուծաբանի՝ իրենց իսկ դիլետանտության պատճառով
Օրերս ադրբեջանցի մի խումբ ակտիվիստներ դիմել են իրենց հայրենակիցներին՝ միանալ «Համագործակցության կոչ» ակցիային: Ի՞նչ են ուզում այս անգամ մեր հարեւանները: Նրանց հիմա էլ դուր չի գալիս, որ գերմանական Deutsche Welle հայտնի ռադիոկայանի կայքում եղանակի տեսությունը ներկայացնող քարտեզում Լեռնային Ղարաբաղը ներկայացված է Ադրբեջանի կազմում, բայց երեւում են ԼՂ ադմինիստրատիվ սահմանները: Ադրբեջանցիներին նյարդայնացնում է այն, որ, օրինակ, Վրաստանի կազմում Աբխազիան եւ Հարավային Օսեթիան սահմանազատված չեն, իսկ Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում, սահմանազատված է:
«Այս առումով Ադրբեջանը անհավասար դիրքում է»,- գրում է Today.az-ը՝ Գերմանիայի լրատվական ամենամեծ կայքէջում՝ Deutsche Welle-ում, այս անճշտությունը քաղաքական սխալ եւ կողմնակալ վերաբերմունք համարելով: «Լավագույն տարբերակը կլինի այն, որ ցուցադրվեն երկրի միայն պետական սահմանները»,- առաջարկում են ադրբեջանցիները: Նրանք այս հարցով որոշել են դիմել Գերմանական Deutsche Welle -ին՝ սխալը շտկելու պահանջով:
Իհարկե, իրենց «դիմումի» տեքստում ադրբեջանցիները չեն մոռացել նաեւ մի քանի վիրավորական բառ նետել Հայաստանի հասցեին եւ սիրաշահել Գերմանիային՝ իբրեւ իրենց ռազմավարական գործընկերոջ:
Քարտեզների նկատմամբ ունեցած իրենց հատուկ վերաբերմունքը ադրբեջանցիները բազմիցս են արտահայտել: Հիշենք՝ Թեհրանում մեկ ամիս առաջ կազմակերպված՝ Թեհրանի գրքի 22-րդ միջազգային ցուցահանդեսի ժամանակ արձանագրված միջադեպը, երբ Իրանում Ադրբեջանի ներկայացուցչությունը տհաճ անակնկալի է եկել՝ հայկական տաղավարի պատին տեսնելով Հայաստանի քարտեզը՝ միավորված ԼՂՀ-ին: Ադրբեջանցիները փորձել էին ամեն ինչ անել՝ պատից ԼՂՀ քարտեզը հանելու համար, ինչը նրանց, բնականաբար, չէր հաջողվել:
Ավելի վաղ՝ Մոսկվայում կազմակերպված միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսին, որտեղ Զբոսաշրջության արցախյան գործակալությունը առանձին տաղավարով էր մասնակցում, ադրբեջանցիները փորձել են խոչընդոտել Արցախի մասնակցությունը, սակայն նրանց ձեռնարկած բոլոր գործողություններն ապարդյուն են անցել: Իսկ հայկական կողմին հաջողվել էր խոչընդոտել Ադրբեջանի զբոսաշրջային կազմակերպության փորձը՝ իրենց ծրագրում ներկայացնել Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջության ռեսուրսները:
Իսկ ադրբեջանցի լրագրողների եւ ընդհանրապես ապատեղեկատվություն տարածողների մասին մայիսի 15-ին «mediaforum.az» կայքում յուրահատուկ նկատառում է արել Բաքվում Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Գաֆար Չախմաղլին՝ պատասխանելով իր իսկ բարձրացրած հարցին, թե ինչո՞ւ են տեղեկատվական պատերազմում հայերը հաղթում ադրբեջանցիներին. «Հայաստանում ուսումնասիրություններ իրականացնող կենտրոնները լուրջ գործոն են տեղեկատվական պատերազմում: Նրանք ավելի լավ են ուսումնասիրում եւ գիտեն ավելին, քան մենք: Դրա համար էլ նրանք մեզ հաղթում են: Մենք լուրջ ուսումնասիրությունների կենտրոն չունենք, իսկ եղածներն էլ ղեկավարում են ոչ պրոֆեսիոնալները»: Հայկական լրատվական մի քանի գործակալություններ, ըստ Չախմաղլիի, վերլուծական կենտրոնների համար ամենագլխավոր զենքն են: Իսկ ադրբեջանցիները, ըստ կենտրոնի տնօրենի, ինքնագործունեությամբ են զբաղված, դրա համար էլ հայտնվում են տհաճ իրավիճակների մեջ: