Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԳՏՆԻ՞, ԱՐԴՅՈՔ, ԻՐ ՃԻՇՏ ՏԵՂԸ

Հունիս 05,2009 00:00

Հազիվ ստեղծված՝ Հանրային խորհուրդը պետք է քննություն հանձնի, համապատասխանու՞մ է, արդյոք, իր ստեղծման նպատակին

Ինչի՞ համար է ստեղծվել այս Հանրային խորհուրդը: Հայտնի է՝ գլխավորապես նրա համար, որ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնի հասարակության մեջ առկա տրամադրությունները, որոնք նախագահն իր ունեցած տեղեկատվության մյուս աղբյուրներով ստանալ չի կարող: Առաջին հերթին՝ այդ հնարավորությունը չի տալիս ներկա խորհրդարանը, որը գնալով ավելի ու ավելի է արժանանում «թյուրիմացություն» որակավորմանը (ասենք, կարող է հանգիստ կերպով չեղյալ հայտարարել մեկ տարի առաջ իր իսկ կողմից ընդունված դատարանական ռեֆորմը):

Ահա, Սերժ Սարգսյանը խնդրեց ՀԽ-ին պարզել, թե երկրում կա՞, արդյոք, իր խոսքերով ասած, «հասարակական ցանկություն»՝ համաներում անցկացնելու: Լավ, իր՝ նախագահի համար սա պարզ չէր, չնայած տարուց ավելի բոլոր կողմերից հնչող կոչերին: Նախագահը իր խորհրդատուներին էլ չի վստահում: Հիմա դիմել է ՀԽ-ին, որն իր առաջին իսկ նիստում ասաց՝ կա՛ այդպիսի «ցանկություն»: Ու ՀԽ-ն անմիջապես անցավ հաջորդ հարցին՝ կապե՞լ ապագա համաներումը 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի հետ, թե՞ ոչ: Ու որոշեցին դիմել իրավապահ մարմիններին՝ տեղեկատվություն ստանալու համար համաներման հնարավոր իրավական հիմքերի մասին:

Ահա այստեղ է քննությունը, եւ ՀԽ-ն արդեն իսկ մոտ է նրան, որ «անբավարար» ստանա այդ քննությունից: Համաներման իրավական հիմքերը ճշտելու համար գոյություն ունեն (առնվազն՝ պետք է գոյություն ունենան) իրավաբանական ծառայություններ նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովում, վերջապես, կան իրավապահ մարմիններ, որոնց հետ նախագահը նույնպես խորհրդակցում է: Դերասաններից, արվեստաբաններից, ֆուտբոլի մարզիչներից, բնապահպաններից, քաղաքական գործիչներից ու այլ մասնագետներից կազմված ՀԽ-ի գործը դա չէ: ՀԽ-ի գոյության նպատակը այլ է՝ երկրի նախագահին տեղեկացնել «հասարակական ցանկությունների» մասին:

Եվ արդ՝ ի՞նչ «հասարակական ցանկության» մասին է խոսքը: Արդյո՞ք հասարակությունը «ցանկություն» ունի որոշ հանցագործների՝ բռնարարք կատարածների, գողերի կամ, ասենք, խարդախության համար դատապարտվածների ազատ արձակել: Թե՞ այդ «ցանկությունը» պայմանավորված է բացառապես մարտի 1-2-ի առնչությամբ կալանվածների հանգամանքով:

Ինձ համար ակնհայտ է, որ ճիշտը երկրորդ պատասխանն է (ով համաձայն չէ, թող պատասխանի մի պարզ հարցի՝ արդյոք, Սերժ Սարգսյանն առհասարակ կբարձրացնե՞ր համաներման խնդիրը, եթե չլինեին մարտի 1-ի գործերով դատապարտված այն 55 անձինք, որոնք գտնվում են բանտում, բայց հրաժարվում են մեղայական գրել, գտնելով, որ դատված են անարդարացի):

Այս է ՀԽ-ի խնդիրը. նա պետք է նախագահին հստակ ուղերձ տա: Կամ ասի՝ «Պարոն նախագահ, երկրում կա «մարտի 1-2»-ի գործերով բանտարկվածների կապակցությամբ համաներում հայտարարելու հասարակական պահանջ»: Կամ ասի, օրինակ՝ «Պարոն նախագահ, երկրում կա բռնարարք կատարածների (ներառյալ ոստիկանների նկատմամբ), նաեւ գողերի ու խարդախության համար դատապարտվածների կապակցությամբ համաներում հայտարարելու հասարակական պահանջ»: Եվ վերջ:

Իսկ թե ինչպե՞ս, ի՞նչ հոդվածներով ու ի՞նչ ընթացակարգով կարվի այդ համաներումը (ու կարվի՞, արդյոք, ընդհանրապես)՝ դա արդեն ՀԽ-ի գործը չէ: ՀԽ-ն պետք է ընդամենը կարողանա ուղիղ նայել երկրում առկա իրականությանը, ու ասել այդ մասին բարձրաձայն, որքան էլ որ նրա անդամները, օրինակ՝ մեծարգո Սոս Սարգսյանը, անհանգստություն հայտնեն, թե դա կարող է ծառայել այս կամ անձի քաղաքական շահերին: Վերափոխելով Չեխովի բառերը, կարող ենք ասել՝ ՀԽ-ն հասարակության բժիշկը չէ, այլ հասարակության ՑԱՎԻ արտահայտիչը։

Իսկ եթե ոչ՝ ապա ՀԽ-ն, որը կոչված է լինել յուրատեսակ «Հասարակական խորհրդարան», վտանգվում է կա՛մ վերածվել նախագահի աշխատակազմի մի նոր բաժնի, կա՛մ էլ դառնալ այս կամ այն կուսակցության կցորդը: Տվյալ դեպքում, վտանգվում է դառնալ ՀՀԿ-ի կցորդը: Այն կուսակցության, որը անցյալ նախագահական ընտրությունների նախօրյակին ճգնում էր այնպիսի տպավորություն ստեղծել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը նույն ուժի քաղաքական գործիչ է, ինչպես Արտաշես Գեղամյանն ու Տիգրան Կարապետյանը: Արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք: Հիմա էլ ՀՀԿ-ն ձգտում է ցույց տալ, որ «Մարտի 1»-ի գործով դատապարտվածները (ես նրանց քաղբանտարկյալներ եմ համարում ու պատրաստ եմ դա ապացուցել շատ պարզ ձեւով) երկրի բանտերում գտնվող այլ դատապարտյալներից (հանցագործներից) ոչնչով չեն տարբերվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել