Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ քվեաթերթիկների գործով

Հունիս 05,2009 00:00

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության շենքում շարունակվեց Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով նշանակված փորձաքննությունը: Ինչպես տեղեկացրել էինք, բացվել էր թիվ 8/05 ընտրական տեղամասից առգրավված քվեաթերթիկների պարկը: Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետներ Արսեն Բաղդասարյանը, Յուրի Ավետիսյանը, ԿԸՀ-ի կողմից լիազորված ներկայացուցիչներ՝ ԿԸՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սեւակ Հովհաննիսյանը, թիվ 10 ԸԸՀ նախագահ Սիլվա Մարկոսյանը եւ թիվ 12 ԸԸՀ քարտուղար Նորիկ Երանյանը, զննելով քվեաթերթիկների պարկը, արձանագրել՝ են, որ չօգտագործված քվեաթերթիկների ծրարը բաց էր, որտեղ լցված էին ոչ միայն չօգտագործված քվեաթերթիկները, ինչպես պահանջում է օրենքը, այլ նաեւ քվեարկված վավեր քվեաթերթիկներ (98 հատ՝ քվեարկված հօգուտ ՀՀԿ-ի), քվեարկված-պատռված քվեաթերթիկներ (114 հատ՝ հօգուտ ՀՀԿ-ի), ելունդներ (256 հատ), ամբողջությամբ պատռված քվեաթերթիկների կտորներ:

Անվավեր քվեաթերթիկների ծրարում հայտնաբերվեց 9 անվավեր քվեաթերթիկ եւ եւս չսահմանված նմուշի, այն է՝ չկնքված 4 ծրար: Փորձագետներն արձանագրեցին, որ այս ծրարները պետք է առանձին ծրարում զմռսվեին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկված քվեաթերթիկների ծրարում հայտնաբերվել է 210 քվեաթերթիկ, որոնցից 2-ը ճանաչվեց անվավեր, Ժողովրդական կուսակցության օգտին քվեարկված 15 քվեաթերթիկների մեջ հայտնաբերվեց 1 քվեաթերթիկ՝ քվեարկված ՀԱԿ-ի օգտին:

ՀՀԿ-ի օգտին քվեարկված քվեաթերթիկների ծրարում հայտնաբերվել է 476 քվեաթերթիկ, որոնցից 7-ը՝ անվավեր, եւս 15-ը՝ չսահմանված նմուշի, այսինքն՝ 454 վավեր քվեաթերթիկ: Չսահմանված նմուշի քվեաթերթիկները ենթարկելով նախնական զննման՝ փորձագետ Յուրի Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ առկա են քսերոպատճենահանման, լազերային տպագրման հատկանիշներ, իսկ քվեաթերթիկի հետեւի մասում հանձնաժողովի 3 անդամների ստորագրությունները չեն կատարվել գրելագործիքով:

ՕԵԿ-ի օգտին քվեարկված քվեաթերթիկների ծրարում հայտնաբերվել է 80 քվեաթերթիկ, որոնցից 1-ը՝ անվավեր: Սահմանված նմուշի ծրարների պարկում հայտնաբերվել է 965 ծրար, 47 չսահմանված նմուշի ծրար:

Երեկ փորձագետները բացեցին նաեւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/01 եւ 8/03 ընտրական տեղամասերի քվեապարկերը: Նույն պատկերն այստեղ էր. չկնքված պարկեր, արձանագրություններ, որոնք ստորագրվել են 1 անձի կողմից, պատճենված քվեաթերթիկներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել