Կնոջ իրավունքի ոտնահարման հայկական տարբերակը
«Առավոտը» բազմիցս է անդրադարձել դեռեւս 2008թ. փետրվարի 8-ին Հասմիկ Պողոսյանի՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջազգային կապերի բաժնի պետի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում միակ հաղթող ճանաչվելու եւ այդ պաշտոնում չնշանակվելու խնդրին:
Ինչպես արդեն ընթերցողին հայտնի է, նախկին նախարար Աղվան Վարդանյանի եւ փոխնախարարներ Արայիկ Պետրոսյանի, Արտեմ Ասատրյանի եւ աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանի թեթեւ ձեռքերով Հ. Պողոսյանը ոչ միայն չնշանակվեց այդ պաշտոնում, այլեւ ազատվեց բնապահպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետի պաշտոնից, քանի որ նրանք ահազանգել էին քաղծառայության խորհուրդ, թե իբր Հ. Պողոսյանի աշխատանքային գրքույկը կեղծված է:
Քաղծառայության օրենքի համաձայն, Հ. Պողոսյանը դիմեց դատարան: Դատը շահելուց հետո նախարարության վերոհիշյալ պաշտոնյաները ստիպված էին կատարել դատարանի վճիռը, բայց միայն մեկ ամսում իրենց թեկնածուի համար նոր մրցույթ հայտարարելու, նրան այդ պաշտոնում նշանակելու եւ Հ. Պողոսյանին աշխատանքից նորից ազատելու պայմանով, քանի որ այդ մարդիկ արդեն 4 հոգու աշխատանքից ազատվելու դիմում գրել էին տվել՝ նրան նշանակելու համար:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության այս պաշտոնյաները, որպեսզի նորից իրագործեն իրենց որոշումը, Հ. Պողոսյանի գործերը ուղարկեցին դատախազություն՝ նրան ոչ միայն այդ պաշտոնից նորից ազատելու, այլ կեղծարարության համար պատժելու նպատակով եւ նրանք Հ. Պողոսյանին աշխատանքից ազատեցին ոչ թե դատախազության եւ Կենտրոնի ոստիկանության որոշումները ստանալուց հետո, այլ դրանից առաջ:
Մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում Կենտրոնի ոստիկանությունը կայացրեց մի որոշում, համաձայն որի՝ Հ. Պողոսյանը բարեգործական ֆոնդում աշխատել է համատեղության կարգով, իսկ իրականում նա, իրոք, 1992-96թթ. աշխատել է սոցապ նախարարության այսօրվա Սոցաջակցության նախահիմքը հանդիսացող սոցաջակցության բաժնում, որն արձանագրված է մինչեւ այժմ պահպանվող հրամանագրքում: Հ. Պողոսյանի աշխատանքային գրքույկում առկա թեթեւ ուղղումը կատարված է կադրերի բաժնի պետի կողմից, որի տակ նա կնքել եւ ստորագրել էր:
Առաջին դատը շահելուց հետո Հ. Պողոսյանը դիմեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ այդ ամիսներին իրեն պատճառած նյութական վնասը փոխհատուցելու համար: Դատը ձգվեց շուրջ 1 տարի եւ վերջապես դատավոր Արայիկ Մելքումյանը մի քանի տողանոց որոշում ընդունեց՝ բավարար հիմնավորումների բացակայության պատճառով հայցը չբավարարելու մասին:
«Ասացեք, խնդրեմ, պարոն Մելքումյան, ո՞րն է արդեն շահած դատի շարունակությունը կազմող ֆինանսական փոխհատուցման հիմնավորումը,- հարցնում է Հ. Պողոսյանը:- Հայցը չի բավարարվել թերեւս երկու պատճառով՝ կամ դատավորը, շահագրգռված չլինելով, չի խորացել հարցի էության մեջ, կամ նախարարության պաշտոնյաներն այստեղ էլ են մուտք գործել»:
Հ. Պողոսյանը դիմել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան: Նա զարմանքից քար է կտրել, երբ ստացել է ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Վ. Առաքելյանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված պատասխանը, որտեղ առկա փաստարկների մեջ ամենազավեշտալին այն էր, որ Հ. Պողոսյանի հետ կարող էր դժբախտ դեպք պատահել (մոտավորապես՝ ընկներ մեքենայի տակ) եւ այդ գումարը չստանար:
2008թ. սեպտեմբերին 2-րդ անգամ աշխատանքից ազատվելուց հետո Հ. Պողոսյանը նորից է դիմել վարչական դատարան եւ դատավոր Արծրուն Միրզոյանի զբաղվածության պատճառով մինչեւ օրս սպասում է: Հ. Պողոսյանը շուրջ 1,5 տարի է՝ ոչ միայն չի աշխատում, այլեւ ծախսել է կլորիկ գումար՝ փաստաբաններին վճարելու համար:
Կատարվածը մի քանի պաշտոնյա այրերի կողմից կնոջ իրավունքի ոտնահարման վառ օրինակ է: Մի կնոջ, որն ընդամենը համարձակվել էր առանց իրենց «դաբրոյի» մասնակցել իրենց պապերի կալվածքներում գոյություն ունեցող պաշտոններից մեկի մրցույթին եւ հաղթել:
«Նկատի ունենալով այսօրվա տնտեսական ճգնաժամը, դատը շահելու դեպքում ես հասկանում եմ պետության կողմից ինձ պատճառված վնասի փոխհատուցման դժվարությունը: Իսկ ո՞վ պետք է հասկանա եւ փոխհատուցի այն բոլոր վնասները, որոնք ես կրել եմ այս 1,5 տարվա ընթացքում: Ես երկար եմ սպասել, բայց ավելի քան համոզված եմ իմ արդար պայքարի հաղթանակի մեջ, իսկ եթե դատերը չշահեմ, պատրաստ եմ շարունակել պայքարս՝ դիմելով ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- «Առավոտին» ասաց Հ.Պողոսյանը: