«ԱրմենՏելն» ամրակցված եւ շարժական կապի բաժանորդներին վճարման նոր տարբերակ է առաջարկում՝ «ունիվերսալ քարտ» եւ «բալանսի փոխանցում» ծառայության միջոցով: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նրա խոսքերով՝ «Մենք մեծ կարեւորություն ենք տալիս այս ծառայություններին: Սա իմ՝ տնօրեն նշանակվելուց հետո, հավանաբար առաջին փոքր քայլն է՝ ուղղված ծառայության, սպասարկման որակի բարձրացմանը: Այս ծառայությունները նպատակաուղղված են առաջին հերթին բաժանորդների հարմարավետությունն ապահովելուն: Այլեւս կարիք չի լինի ծառայությունների վճարման համար անպայման «Beeline»-ի գրասենյակներ այցելել կամ միջնորդավճար մուծել: Նորամուծությունը թույլ է տալիս հեշտությամբ լիցքավորել ազգականների եւ բարեկամների հաշիվները»: Ընկերության տնօրենի ներկայացմամբ՝ այսուհետեւ նոր ծառայությունների միջոցով բաժանորդները հնարավորություն են ունենում ունիվերսալ քարտի կամ բալանսի փոխանցման միջոցով լիցքավորել ինչպես իրենց բջջային, այնպես էլ ամրագրված հեռախոսը: Բալանսի փոխանցման ծառայությունը թույլ է տալիս կանխավճարային համակարգի բաժանորդներին («easy» քարտ) գումար փոխանցել իրենց հաշվից Beeline բջջային կամ ամրակցված ցանկացած հեռախոսահամարին: Իսկ ունիվերսալ քարտը թույլ է տալիս Beeline բոլոր ամրակցված եւ շարժական կապի բաժանորդներին լիցքավորել Beeline ցանցի ցանկացած ամրակցված կամ բջջային հեռախոսահամարների հաշվին: