«Իրականում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը շատ լավ գիտակցում է, որ իր գործունեությունը օրենքից դուրս է, սակայն մեկնաբանում է, որ ժամանակի հետ տեխնիկական միջոցները զարգանում են, եւ օրենքներն էլ դրան համապատասխան կարող են փոխվել»,- երեկ ասուլիսի ժամանակ ասաց «Էկոլուր» տեղեկատվական հ/կ-ի տնօրեն Ինգա Զարաֆյանը: Միջոցառման կազմակերպիչները հերթական անգամ կոչ էին անում «Սոթք» ոսկու գործարանի գործունեությանը խոչընդոտել, որպեսզի Արարատի ոսկու արտահանման եւ վերամշակման գործարանը չտեղափոխվի Սեւանի ավազան: Ըստ բնապահպանների, դա կարող է աղետաբեր հետեւանքներ ունենալ Սեւանի բնապահպանության եւ շրջակա միջավայրի համար:
Նշենք, որ Արարատի ոսկու արտահանման գործարանի տնօրենին ձեռնտու չէ ոսկու պաշարի տեղափոխումը Արարատից Սեւան, քանի որ շատ ծախսատար է, այդ պատճառով էլ 2007-ից գործարանի նոր տնօրինությունը մոտ մեկ տարով դադարեցրել է իր աշխատանքները: Հաշվի առնելով վնասով աշխատելու հանգամանքը, գործարանի տնօրինությունը դիմել է հ/կ-ների եւ այլ կազմակերպությունների՝ հուսալով ստանալ նրանց համաձայնությունն ու աջակցությունը՝ Արարատի գործարանը Սեւան տեղափոխելու: Սակայն վերջիններս գրավոր մերժել են՝ հիմնավորելով, որ դա անօրինական է:
Մանրամասն ծանոթանալով այդ նախագծին ու «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ծրագրերին՝ «Էկոլուր» հ/կ-ն դիմել է հանրապետության նախագահին եւ այլ պաշտոնատար անձանց, որպեսզի նրանք ոչ մի գնով թույլ չտան իրականացնել «Սոթքի» նախագիծը: ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն այս առիթով ասել է. «Եթե «Սոթքի» նախագիծը օգուտ է տալու, հավանություն տալու ենք, եթե վնաս՝ հավանություն չենք տալու»: Կարելի է ենթադրել, որ նախագահը միանշանակ դեմ չէ նախագծի իրականացմանը:
«Էկոլուրը» շարունակում է համախոհներ փնտրել, որոնք կօգնեն իրենց՝ խափանել «Սոթքի» նախագիծը: Հ/կ-ն հույս ունի, որ անգամ մեծ դժվարությունների գնով, այնուամենայնիվ, կկարողանան կանխել այդ նախագծի իրականացումը: «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն էլ ի պատասխան ասել է, որ եթե նախագծին հավանություն չտրվի եւ այն չիրականացվի, իրենք ստիպված են լինելու հրաժարվել «Սոթքից»: