Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻՐԱԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻՆ ՆՈՐԻՑ ՇՇՊՌԵՑԻՆ

Հունիս 05,2009 00:00

\"\"Նրանք հին պարտքերը մարելու փոխարեն՝ զբաղված են եղել նոր պարտքեր կուտակելով

«Դուք բողոքում էիք նախորդ գյուղապետերից, թե պարտքերի մեջ թաղել են ձեզ, բայց դուք, հին պարտքերը բացարձակապես չմարելով, ընթացիկ պարտքեր եք կուտակել, ինչի՞ համար, ժամանա՞կն է պարտքեր անելու: Չտեսանք մի գյուղի ավագանու, որը գնահատական տար գյուղապետի աշխատանքին, ավագանին զբաղված է միայն հաղորդումներն ի գիտություն ընդունելով, սա աշխատելու ձե՞ւ է»,- երեկ Շիրակի մարզպետարանում կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ այսպիսի խրատական տոնով սկսեց իր ելույթը մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ Հովսեփ Սիմոնյանը: Նա հրապարակեց պարտքեր «շալակած» 19 համայնքապետերի ցանկը, որոնց թվում էին Ախուրիկի, Այգաբացի, Կարմրաքարի, Հովիտի, Արտենիսի, Գտաշենի, Զարիշատի, Բավրայի, Մուսայելյանի, Փոքր Սեպասարի ղեկավարները, նույնիսկ Գյումրիի մեծահարուստ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի ընթացիկ պարտքը հասնում է 5 միլիոն դրամի:

Մարզպետարանի պաշտոնյան նաեւ տեղեկացրեց, որ որոշ համայնքներում կալանքի տակ են դրված աշխատավարձերը, իսկ որոշներում էլ, օրինակ՝ Վարդաղբյուրում, օրվա բոլոր ժամերին համայնքապետարանում մարդ չկա. ինչքան ուզում ես այցելի, գյուղապետն իր անձնակազմով հավերժ արձակուրդի մեջ է: «Եթե հարկային գործակալի աշխատանքը հարկ հավաքելն է, բայց դա չի անում, ու սեփական եկամուտների հավաքագրումը գյուղում զրոյական ցուցանիշ է արձանագրում, ապա որպես ի՞նչ են աշխատավարձ տալիս տվյալ հարկային գործակալին»,- զայրացավ դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը:

Նշենք, որ սեփական եկամուտների ամենացածր ցուցանիշը միշտ արձանագրվում է Ամասիայում ու Աշոցքում, օրինակ՝ հողահարկի հավաքագրումը Ամասիայում կազմել է 26,7%, Աշոցքում՝ 15,9%: Ընդհանուր առմամբ, մարզի 59 համայնքներ չեն ապահովել սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը, իսկ 27-ում հողի հարկման մակարդակը շատ ցածր է: Այս թեման շատ ավելի խիստ տոնով շոշափեց Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը: Վերջինս, ոչ ավել, ոչ պակաս, դպրոցական աշակերտի պես ոտքի կանգնեցրեց իրենց լավ չպահած, ծույլիկ գյուղապետերին՝ մի լավ թուքումուր տալով ու կարմրացնելով: «Սկսենք նրանից, թե ինչո՞ւ եք ուշանում, եթե մարզխորհրդի նիստը ժամը 11-ին է հայտարարված, ո՞ւր եք դուք, այլեւս ուշացած ներս չմտնեք, եւ ինչո՞ւ են զնգում ձեր հեռախոսները, գիտենք, որ էս դարում բոլորդ էլ պետության հաշվին հեռախոս ունեք, բայց չեք ամաչո՞ւմ: Փոքր Սեպասարի գյուղապետը ամբողջ օրը ստեղ է՝ մարզպետարանում, անընդհատ բողոքներ է բերում, ամեն ինչ անում է, բացի իր գործից: Եթե գնում ենք գյուղերը, ու գյուղապետերը բան չեն անում, փակ են գյուղապետարանների դռները, իրենք էլ իրենց տանն են նստում, նախազգուշացնում եմ, որ նմանների համար կա օրենքով սահմանված կարգ: Համայնքները խոշորացնելու են եւ խոշորացման կգնան նրանք, ովքեր բան չեն անում»,- ասաց Շիրակի մարզպետը:

Այնուհետեւ անցավ պարտքեր արած գյուղապետերին: «Չեմ էլ ուզում անունները տալ, միշտ նույն մարդիկ են, օրինակ՝ Փոքր Սեպասար, հլը մի հատ ոտքի կանգնի, տեսնեմ, թե ինչո՞ւ ես ամբողջ օրը բողոքը ձեռքիդ մարզպետարան վազում, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը չես կատարում: Հլը դու էլ մի հատ ոտքի կանգնի, պարոն Վարդաղբյուր, տեսքիդ նայի, ջահել տղա ես, չես ամաչո՞ւմ, քո համայնքը չի՞, որ 25 բնակիչ ունի»: Ի պատասխան մարզպետի հարցադրմանը՝ Վարդաղբյուրի գյուղապետն արդարացավ, թե՝ «Հավաքեմ գը, տիկին մարզպետ»: Մարզպետը հակադարձեց. «Ի՞նչ է նշանակում հավաքեմ գը, ե՞րբ, նստի տեղդ ու մտածի ժամանակացույց կազմելու մասին: Բա Սարագյուղն ո՞ւր է, երեւի ամաչում է ոտքի կանգնի, գիտե՞ք ինչ, դուք պետք է հավաքեք, դուք էլ պիտի ծախսեք, չպիտի բերեք տաք, որ տիկին Նանյանը ծախսի»:

Ոչ պակաս հետաքրքիր էր նաեւ հանրապետական փոխմարզպետ Միքայել Վարդանյանի ելույթը. պարզվում է՝ վերջինս Շիրակի մարզի սանիտարահիգիենիկ վիճակի համար ստեղծված հանձնաժողովի նախագահն է: Նա էլ իր հերթին տարրական դասարանների դասատուի պես քարոզ կարդաց գյուղապետերի գլխին՝ հորդորելով մաքուր պահել համայնքը: Իսկ իրենց վարչական սահմանների մոտ աղբ թափող վարորդներին խոստացավ վարչական տուգանքի ենթարկել: Ամենազավեշտալին այն է, որ այդպիսի հանձնաժողովներ ստեղծվել են փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հանձնարարականով, որը եկել, համայնքները շրջել, գարշահոտությունից ու աղբից զզվելով՝ փորձել է հարցը այս ձեւով լուծել: «Մենք այսպիսի հանձնաժողով չպիտի ունենայինք, եթե մեր համայնքապետերն իրենց սուրբ պարտականությունները կատարեին, փոխվարչապետը մեզ հանձնարարություն չէր տա: Ղարաբաղի վարչապետը, այցելելով Գյումրի, զարմացավ, որ երկու ծառ չկա, որ մարդիկ գոնե ծառերի տակ նստեն»,- ասաց Շիրակի մարզպետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել