Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման համար, 7-8 տարի առաջ կատարված հաշվարկներով, պահանջվում էր ընդամենը $800 մլն, սակայն մի շարք գործոնների, այդ թվում նաեւ՝ միջազգային շուկայում մետաղների գների կտրուկ աճի հետեւանքով, այսօր արդեն այդ գումարը կազմում է $4,5 մլրդ: Այս մասին տեղեկացրել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման նպատակով հայտարարված մրցույթում հաղթել է ավստրալիական «Worley Parsons» միջազգային կոնսորցիումը: Հայաստանի կառավարության եւ այս ընկերության միջեւ կնքված պայմանագրով, վերջինս $459,7 մլն ներդրումով պետք է իրականացնի ատոմակայանի նոր էներգաբլոկի նախագծային, նախահաշվարկային, խորհրդատվական եւ այլ ծառայությունները: Այս ընկերությունը հետագայում նաեւ ղեկավարելու է նոր ատոմային էներգաբլոկի շինարարական աշխատանքները:
Նախատեսվում է, որ նոր ատոմակայանի բաժնետոմսերի 25%-ը պատկանելու է Հայաստանի կառավարությանը: Ծրագրվում է, որ նոր կառուցվող ատոմակայանը կունենա 1200 մեգավատ հզորություն, այսինքն՝ 3 անգամ ավելի, քան ներկայումս Մեծամորի ատոմակայանի հզորությունն է: Շինարարությունը նախատեսվում է սկսել 2012-ին, նույն վայրում, որտեղ տեղակայված է գործող ատոմակայանը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ազգային ժողովում տեղի ունեցած «Հայաստանի Հանրապետությունում միջուկային նոր էներգաբլոկների կառուցման մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ Ա. Մովսիսյանը տեղեկացրեց, որ նոր միջուկային էներգաբլոկի հզորությունը թույլ կտա նաեւ իրականացնել Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանում: