Իրան-Հայաստան երկաթուղու շինարարական ծրագրով զբաղվելու համար, հնարավոր է, որ առաջիկայում Հայաստանում ստեղծվի առանձին ձեռնարկություն, որից հետո արդեն պարզ կդառնա երկու երկրներից յուրաքանչյուրի մասնակցության չափն ու շահագրգռությունը այդ նախագծում: Երեկ ասուլիսում տեղեկացրեց «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը: Նշենք, որ նախագծի նախնական արժեքը գնահատվում է մինչեւ $2 մլրդ:
Շ. Շայդուլինն ասել է նաեւ, որ «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարման պայմանագրում կկատարվեն որոշակի փոփոխություններ, որոնք ներկայումս քննարկվում են տրանսպորտի եւ կապի նախարարության հետ. «Այդ փոփոխությունները ուղղված են նախ եւ առաջ երկաթուղու աշխատանքի արդյունավետության եւ սպասարկման որակի բարձրացմանը»:
Անդրադառնալով այս տարվա 1-ին եռամսյակի գործունեության արդյունքներին, Շ. Շայդուլինը նշել է, որ չնայած ճգնաժամի պայմաններում 12%-ով կրճատվել են արտահանման, իսկ 7%-ով՝ ներկրման ծավալները, այնուամենայնիվ, իրենց հաջողվել է ապահովել 191 մլն ռուբլու եկամուտ: Ընկերության գլխավոր տնօրենի հավաստմամբ, ապրիլից բարձրացել են նաեւ աշխատակիցների աշխատավարձերը՝ միջինը մինչեւ 115 հազար դրամ:
Նշենք, որ «Հարավկովկասյան երկաթուղիները» կոնցեսիոն կառավարման է հանձնվել նախորդ տարի՝ 30 տարի ժամկետով: