Մեծամորի ատոմակայանի ղեկավարությունը տարիներ շարունակ առողջության համար վտանգավոր ձեռնարկությունում աշխատեցնելով աշխատակիցներին, չի վճարել նրանց հասանելիք հավելավճարները:
2001-ից մինչեւ 2007-ը Մեծամորի ատոմակայանի 160-ից ավելի աշխատակիցներ հավելյալ աշխատավարձ չեն ստացել, մինչդեռ ՀՀ «Աշխատանքի վարձատրության մասին» օրենքում նշված է, որ «Առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում աշխատողին վճարվում է հավելում՝ նրա տարիֆային աշխատավարձի 50%-ի չափով։ Առողջության համար առանձնապես վնասակար եւ ծանր աշխատանքի կատարման դեպքում վճարվում է հավելում՝ աշխատավարձի 100%-ի չափով«։ Այս օրենքն ընդունվել է 2001-ին, սակայն ՀԱԷԿ-ը որոշել է աշխատակիցների հավելավճարները տրամադրել 2007-ից: ՀԱԷԿ-ի աշխատակիցները փորձել են պահանջել նաեւ նախորդ տարիների հավելավճարները, սակայն նրանց պահանջներն անուշադրության են մատնվել: ՀԱԷԿ-ի 100% բաժնետերը հանդիսանում է պետությունը: Ստացվում է, որ պետությունը խախտել է իր իսկ ամրագրած օրենքը:
Այս առնչությամբ աշխատակիցները բազմիցս դիմել են պետական պաշտոնյաներին, սակայն նրանց դիմումին արձագանքել է միայն «Ժառանգություն» խմբակցությունը: Խմբակցության անդամ եւ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղղել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին: Նախարարն էլ համաձայնել է, որ դա օրենքի խախտում է: Սակայն այդ տեսչությունն էլ է խնդիրն աչքաթող արել:
Ա. Բախշյանը բազմիցս դիմել է ատոմակայանի ղեկավարությանը, որպեսզի նրանց աշխատավարձերը վճարվեն: Ի վերջո, «Ժառանգության» «հետապնդումներից» հետո, ՀԱԷԿ-ն ընդունել է, որ պարտավոր է աշխատակիցների հավելավճարները վճարել, որը կազմում է 800 մլն դրամ, իսկ պարտադիր սոցիալական վճարումների հետ միասին՝ շուրջ 1 մլրդ դրամ: ՀԱԷԿ-ը տեղեկացրել է, որ իր աշխատակիցների հետ ձեռք է բերել համաձայնություն՝ փուլային վճարումների մասին եւ մինչեւ 2015-ը կմարի պարտքը, սակայն «Առավոտի» հետ զրույցում ատոմակայանի աշխատակիցները վստահեցրին, որ իրենք չեն ստորագրել այդ պայմանագրի տակ եւ պատրաստվում են դատի տալ ձեռնարկության տնօրինությանը. «Այդ համաձայնության ժամանակ ներկա են եղել եւ ստորագրել են միայն նրանք, որոնք ոչ մի առնչություն չունեն վտանգավոր արտադրամասի եւ հավելավճարների հետ: 7 տարի չեն վճարել, հիմա էլ 6 տարի՞ սպասենք»:
Ա. Բախշյանի կարծիքով. «Մեծամորի տնօրինությունը պարտավոր է ժամանակացույցը վերանայել եւ միջոցներ գտնել ու շտապ մինչեւ վերջին կոպեկը մարել: ՀԱԷԿ-ը խախտել է օրենքը, դա հանցանք է: Անհասկանալի է, թե այդ գումարներն ուր են կորել, իրենք շրջանառության մեջ են դրել, հիմա էլ իրենց ուզած ժամանակացույցն են նշում, իսկ մինչեւ 2015-ը ով գիտի, թե այդ գումարը որքան կարժեզրկվի: Փաստորեն, եթե ժողովուրդը չբողոքեր, ուրեմն պիտի մարսեին այդ գումարը: Սա է մեր երկրի իրականությունը: Ստացվում է, եղունգ ունես՝ գլուխդ քորի, պետություն, որպես այդպիսին, գոյություն չունի, որ մարդկանց սահմանադրական իրավունքները պաշտպանվեն»:
Խնդրի առնչությամբ «Առավոտը» պարզաբանում խնդրեց նաեւ ՀԱԷԿ-ից: Փոխտնօրեն Մովսես Մովսիսյանի ներկայացմամբ. «Որպեսզի այսօր ատոմակայանը կարողանա պահանջվող գումարը վճարել, նախ այն պետք է ունենա, բայց այդ գումարը չկա: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կարող է լինել, եթե այդքան աշխատողները գնան, դիմեն դատարան ու ստանան այդ գումարը: Հաջորդ ամիս հնարավորություն չենք ունենա անգամ ընթացիկ աշխատավարձերը վճարել: Որ այդ գումարն ունենայինք՝ կթողնեի՞նք, որ խնդիրն այսքան բարդանար»: Իսկ թե ինչու մինչ այսօր աշխատակիցներին ոչ մի կոպեկ հավելավճար չի տրվել, պարոն Մովսիսյանը պարզաբանեց. «2001-ին՝ այդ մասին օրենքի ընդունումից հետո, կառավարությունը պետք է այդ աշխատողների ցուցակը հաստատեր, որը մի քանի տարի շարունակ ձգձգվել է: Եվ այդպես, տարիներն անցնելով, եկել ենք հասել այստեղ: Բայց հիմա արդեն ստեղծել ենք վճարման հիմքը, կա գրաֆիկը, եւ չհամաձայնվողները կարող էին գալ եւ ասել, որ համաձայն չեն, մենք էլ այդ ժամանակ կորոշեինք, թե ինչ կարելի էր անել: Ոչ ոք չի հրաժարվում այդ գումարները վճարելուց, եթե նույնիսկ դատի էլ տան, դատարանը տեսնում է, այդ ձեռնարկությունը ինչ հնարավորություններ ունի, ըստ դրա՝ գրաֆիկներ է կազմում ու համաձայնեցման պայմանագրեր են կնքվում: Հիմա մենք, ըստ էության, նույն բանն արել ենք՝ առանց դատարանի: Եթե աշխատողները համաձայն չեն, ապա դա իրենց իրավունքն է եւ կարող են այն պաշտպանել»: