Լրահոս
Օրվա լրահոսը

Մարքսիստի գլխավոր նպատակը՝ «պերեվասպիտատ»

Հունիս 05,2009 00:00

Նա դժգոհ է մանդատներից հրաժարվելու ՀԱԿ-ի որոշումից

Այն մեղադրանքներին, թե «մարքսիստը քննադատում է աջ, քննադատում է ձախ, չի խնայում յուրայիններին էլ. հիմա նա ո՞ւմ ոհմակից է, ի՞նչ նպատակ է հետապնդում այդ քննադատությունը» (նա կարծում է, որ իր հասցեին նման կշտամբանքներ են հնչում), Դավիթ Հակոբյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Գլավնայա զադաչա մարքսիստա-պալիտիկա զակլյուչաետցա վ տոմ, չտոբ նե ռաստապտած վսյակույու պալիտիչեսկույու ի կրիմինալնույու սվոլոչ, ա իխ պերեվասպիտատ, սդելատ իզ նիղ չեստնիմի պալիտիչեսկիմի տրուժեննիկամի՝ վա բլագո օբշեստվա, վա բլագո գասուդարստվա: Ահա մարքսիստական իմպիրիոկրիպիցիզմի ողջ քաղաքական բովանդակությունը եւ իմաստը»:

Անդրադառնալով ՀԱԿ-ի՝ ավագանու մանդատներից հրաժարվելու փաստին՝ նա հավելեց. «Մունիցիպալ ավագանու քաղաքական ամբիոնից եւ տրիբունի մանդատից ինձ՝ Դավիթ Հակոբյանին սրբելու ողջ քաղաքական պատասխանատվությունն ազգի եւ Աստծո առաջ ընկնում է ՀՀՇ-ի ավազակաբարո պարագլուխների խղճի եւ հոգու վրա»: Ընդհանրապես, այս որոշումը նա համարում է «քաղաքական իդիոտիզմ, քաղաքական տկարամտություն»: Մարքսիստը դա նաեւ համարում է ազգի համար կարեւոր ամբիոնի կորուստ, որն օգտագործելը կտար կրկին կրիտիկական զանգված հավաքելու հնարավորություն, ինչպես նախագահի ընտրությունից հետո ընկած շուրջօրյա հանրահավաքների ընթացքում: Բացի այդ՝ «որպեսզի հանրապետականների դեմ պայքարենք իրենց իսկ որջում»: Նա մանրամասնեց, թե իր մոտ է եկել Կոնգրեսի ներկայացուցիչ եւ բերել դիմում՝ մանդատից հրաժարվելու մասին, որ Դավիթ Հակոբյանը ստորագրի: Հակոբյանն էլ ասել է, թե եթե ՀԱԿ-ն է հրաժարվում մանդատից, ապա պետք է միասնական դիմում լինի, ցուցակի բոլոր անդամների անունից, այլապես՝ կարող է ինքն այդ կերպ հրաժարվել մանդատից, իսկ ցուցակի այլ անդամներ մնան: Նա կարծում է, որ այդ հնարքով ՀՀՇ-ականները կարող են «անցանկալի» անձանցից մաքրել ՀԱԿ ցուցակն ու ավագանի «գործուղել» միայն իրենց նախընտրած մարդկանց: Ի դեպ, Հակոբյանն ասում է, որ Կոնգրեսի անդամ այլ կուսակցությունների առաջնորդներ էլ իր հետ մասնավոր զրույցների ընթացքում դեմ են արտահայտվել բոյկոտին: Անուններ նա չի տալիս՝ միաժամանակ փաստելով, որ դա ամենեւին չի նշանակում, թե Կոնգրեսի կուսակցությունների միջեւ կան հակասություններ. «Կա առողջ քննադատություն»:

Ընդհանրապես, բանախոսի կարծիքով, Կոնգրեսը ակնհայտորեն կորցնում է իր ընտրազանգվածին, ինչի ապացույցն է այն, որ նախագահական ընտրություններում Երեւանում Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի շատ ձայն էր ստացել, քան ավագանու ընտրությանը: Երեւանի ավագանու ընտրության նախընտրական ողջ շրջանը մարքսիստը որակեց որպես իշխանագողություն, իսկ բուն ընտրության օրը՝ «ժողովրդավարության սպանդ Հայաստանում»: Դավիթ Հակոբյանը չի հավատում, որ բողոքը կարող է արդյունք տալ. «Հանրապետական բարբարոսների դեմ նման բաներն անօգուտ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել