Պնդում է «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն «ԱրմԻնֆո»-ի հարցին, թե համաներում հայտարարելու դեպքում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կշարունակի՞ մնալ հետախուզման մեջ, պատասխանել էր. «Նա մեղադրվում է բավականին լուրջ հոդվածներով: Չեմ կարծում, թե համաներումը տարածվի նման ծանր հոդվածների վրա: Նման դեպքերում, եթե բացակայում է դատական ակտը՝ համաներում չի կիրառվում»:
Նկատենք, որ Խաչատուր Սուքիասյանն այժմ մեղադրվում է ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված ՔՕ 300 հոդվածով եւ 225 հոդվածի 3-րդ մասով, եւ մեղադրանքը վերաորակվեց, երբ ուժի մեջ մտան «Քրեական օրենսգրքում» Դավիթ Հարությունյանի ղեկավարած աշխատանքային խմբի արած փոփոխությունները: Այսինքն՝ այս առումով մարտի 1-ի կապակցությամբ հետախուզման մեջ գտնվողների եւ այլ գործիչների, որոնց մասով այժմ դատաքննություն է ընթանում, մեղադրանքներում չկան տարբերություններ:
«Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը մեր զրույցի ընթացքում նախ իրավական առումով վիճահարույց համարեց, թե կարելի է հետախուզում հայտարարել մի հոդվածով, հետո ընթացքում վերաորակել այն. «Ես գտնում եմ, որ երբ օրենսդրական փոփոխությունների հետեւանքով ՔՕ 225 հոդվածի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչվեց, իսկ 1-ին եւ 2-րդ կետերը խմբագրվեցին՝ մեղադրանքն ամբողջությամբ փոխվեց»:
Սակայն դառնանք այն հարցադրմանը, թե համաներումն իրո՞ք չի կարող տարածվել «Մարտի 1»-ի գործով հետախուզման մեջ գտնվողների, մասնավորապես՝ Խաչատուր Սուքիասյանի եւ Նիկոլ Փաշինյանի վրա: Տիգրան Տեր-Եսայանն այս առնչությամբ նախ հարկ համարեց ընդգծել. «Չեմ գտնում, թե այն մարդիկ, որոնց անուններն այս կապակցությամբ թվարկվում են՝ համաներման կարիք ունեն: Նրանք որեւէ հանցագործություն չեն կատարել»: Իսկ հետո ասաց. «Բայց ո՞վ է ասել, որ ՀՀ նախագահը կաշկանդված է ստորագրելու այնպիսի մի հրամանագիր, ըստ որի՝ համաներումը կարող է տարածվել նաեւ այնպիսի գործերի վրա, որոնք դեռեւս նախաքննության փուլում են, եւ այն անձանց նկատմամբ, ովքեր հետախուզման մեջ են: Եթե համաներումը լինելու է մարտի 1-ի դեպքերի հետ կապված՝ այն, միանշանա՛կ, նաեւ կիրառելի կլինի հետախուզման մեջ գտնվող բոլոր անձանց նկատմամբ, քանի որ վերջիվերջո՝ նրանց առաջադրված մեղադրանքների հիմքը մարտի 1-ի դեպքերն են: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես կձեւակերպվի համաներումը: Կարող է այնպիսի հոդվածներ լինեն, որ համաներումն, ասենք, Պետրոս Մակեյանի ու Աշոտ Զաքարյանի վրա էլ չտարածվի, քանի որ նրանց գործը չի վերաբերում մարտի 1-ին, այլ՝ քվեարկության օրվան: Բայց ուրեմն նրանք պիտի դո՞ւրս մնան այս գործընթացից: Ո՛չ, չպիտի մնան, քանի որ, ըստ էության, համաներումը պիտի վերաբերի նախագահական ընտրություններին ու դրանց հետեւանքներին: Բայց եթե ցանկություն չեղավ նման ձեւակերպմամբ համաներում կիրառելու՝ այն կարող է լինել ընդամենը սահմանափակ մի հրամանագիր: Ուղղակի խնդիրն այն է, թե ինչ են ուզում անել»: