Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՎԵԼԻ ԹՈՒԼԱՑՐԻՆ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 05,2009 00:00

\"\"Այսպես է գնահատում Երեւանի ավագանու ընտրությունները ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը

ԵԽ դիտորդները «կրակն են ընկել» հայ քաղաքական ուժերի ձեռքը. եթե նրանք հրապարակում են մի եզրակացություն, որը ձեռնտու է ընդդիմությանը՝ իշխանամետ գործիչները մեղադրում են, թե նրանք ցանկանում են զիջումներ կորզել ԼՂ հարցով: Իսկ եթե նրանց եզրակացությունը ձեռնտու է լինում իշխանությանը՝ ընդդիմադիրներն են միջազգային դիտորդներին մեղադրում, թե կաշառված են: Մեր այս դիտարկումներին ի պատասխան՝ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն ասաց. «Նախ՝ եկեք արձանագրենք, որ այս անգամ դիտորդական առաքելություն ներկա չի եղել Երեւանի ավագանու ընտրություններին: Եղել է պատվիրակություն ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսից, որը չունի բավարար փորձ՝ դիտարկելու ընտրությունները: Պատահական չեմ համարում, որ ԿԸՀ-ն դեմագոգիկ տարբեր պատրվակներով չհրավիրեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին, որոնք նման փորձ ունեն: Գարեգին Ազարյանը երեւի այն ժամանակ արդեն գիտեր, թե ինչ ընտրություններ են լինելու, եւ նախապատրաստվում էր կոծկելու այս բոլոր խախտումները: Ինչ վերաբերում է ԵԽ կոնգրեսի առաքելությանը, եթե պատմությունը հիշենք՝ մենք խնդիր ենք ունեցել այդ մարմնի հետ, քանի որ Հայաստանը չէր համապատասխանում ԵԽ կոնգրեսի չափանիշներին՝ մենք չունեինք տարածքային կառավարման ընտրովի մարմիններ: Եվ այդ պատճառով կոնգրեսի պատվիրակությունն այդպես ողջունեց այն, որ Երեւանը վերջապես ունեցավ ավագանի եւ անուղղակի ընտրված քաղաքապետ: Իսկ ընդհանրապես՝ եվրոպացիներին շատ դժվար է հասկանալ բաներ, որոնք իրենք չեն պատկերացնում: Երբ փորձում ես նրանց բացատրել կեղծիքների մեխանիզմը՝ այնպես են նայում աչքերիդ, ինչպես, երբ աֆրիկացին կասեր, թե իշխանությունն ուտում է ընդդիմադիր գործիչներին: Մենք տարբեր չափանիշների համակարգում ենք: Երբ դիտորդին փորձում ես բացատրել, որ վստահված անձին դուրս են շպրտում՝ միանգամից ասում է, թե դիմեք ոստիկանություն: Նա չի հավատում, որ ոստիկաններն այդ ժամանակ կանգնած էին շպրտողների կողքին: Նաեւ առաջարկում է՝ դիմեք դատարան, քանի որ իրենց մոտ այդ մարմինը մարդու իրավունքները պաշտպանելու համար է, ինչը Հայաստանում չի գործում: Իսկ երբ դիտորդին նախարարը (օրինակ՝ Արմեն Գեւորգյանը) մի բան է ասում՝ նա չի կարող չհավատալ նրան: Սովորաբար նրանք ավելի շատ վստահում են պետության ներկայացուցչին»:

Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ այս ընտրություններն անցան «ավելի ցինիկ ու լկտի», եւ խախտումներ անողները գործում էին արդեն առանց որեւէ վախի, թե կարող է ենթարկվեն պատասխանատվության. «Այս անգամ կեղծարարները խախտումներ էին անում իրենց տեսակն ընտրելու համար: Այսինքն՝ անցկացնելու մեկին, որին պետք չէ դիմել առնվազն հայրանունով՝ «Ազատիչ», այլ կարելի է իրենց շրջանակում անվանել ուղղակի «մեր ախպեր» կամ դիմել մականունով: Եվ սա, կարծում եմ, դեր խաղաց՝ «թաղային» աշխարհն ավելի հոգով ու սրտացավորեն էր վերաբերվում այս ընտրություններին»:

Նրա մատնանշած եւս մի առանձնահատկությունն էր՝ «կաշառքները» բաժանվում էին բյուջեից. «Ես նկատի ունեմ այն ծախսերը, որոնք կատարվում էին ասֆալտապատման եւ այլնի համար: Եվ դա թույլ տվեց խնայել միջոցներ, որոնք տրամադրվեցին ընտրողներին արդեն անհատապես կաշառելու համար: Այսինքն՝ եթե նախկինում ընդհանուր «օբշչյակից» էր իշխանությունը ծախսում փողերը քարոզչական նպատակներով, այս անգամ ծախսում էին հարկատուների փողերը»:

ՀՀՇ վարչության անդամն այսպես բացատրեց, թե ինչու այս անգամ ավելի շատ էին բռնությունները լրագրողների հանդեպ՝ պատճառը վախն էր, որ խախտումների մասին կտեղեկանա հանրության ավելի լայն հատվածը. «Ու կարծես հրաման էին ստացել կասեցնել տեսաձայնագրող սարքերով բոլոր անձանց գործունեությունը, որոնք կարող էին այս խայտառակությունը հայտնի դարձնել հասարակությանը եւ արտաքին աշխարհին»:

Հովհաննես Իգիթյանը կանխատեսեց, որ այս ընտրությունները մի նոր բացասական նրբերանգ կավելացնեն Հայաստանի միջազգային իմիջին. «Բայց այն մարդիկ, որոնք այսպես էին կազմակերպել այս ընտրությունները՝ նրանց քաղաքական փորձը չէր հերիքում, որպեսզի հասկանան, թե ինչ վնաս են հասցնում մեր պետությանը: Նրանք չեն հասկանում, թե Մալաթիա-Սեբաստիա կամ Ավան համայնքներում կեղծիքներն ինչպես կարող են անդրադառնալ, օրինակ, Ղարաբաղի խնդրի լուծման կամ հայ-թուրքական բանակցությունների վրա: Այս ընտրությունները եւս մի ապացույց դարձան, որ Հայաստանում ժողովրդավարության առումով խնդիրներ կան, ու դա թուլացնում է պետությունն ու նրա ղեկավարներին: Եվ այս ֆոնի վրա է Հայաստանը գնում ԼՂ խնդրի կարգավորման եզրափակիչ փուլին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել