Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխելու ցուցանիշը բացառիկ բարձր է գնահատվել

Հունիս 04,2009 00:00

Հայաստան ժամանած հյուրին զայրացրել է «Արմավիային» պատկանող օդանավում տեղակայված Marlboro-ի գովազդը, որը

ծխախոտը ներկայացնում է սեքսուալության, մոդայիկության քողի ներքո:

Հայաստանի Ամերիկյան եւ Ջոնս Հոփքինս համալսարանների միջեւ համագործակցության շրջանակում օրերս Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Բլումբերգի անվան հանրային առողջապահության բաժնի պրոֆեսոր, Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային ինստիտուտի տնօրեն Ֆրենսիս Սթիլմանի դասախոսությունը՝ նվիրված Հայաստանում ծխախոտի դեմ պայքարին: Մասնագիտությամբ հոգեբան Սթիլմանը ավելի քան 20 տարի աշխատում է տարբեր ծրագրերում, այդ թվում նաեւ՝ քաղցկեղի կանխարգելման եւ հակածխախոտային ծրագրերի ոլորտում: Նրա շնորհիվ Հոփքինսի համալսարանը վերջնականորեն ազատվել է ծխախոտի ծխից: Ֆ. Սթիլմանն իր խոսքում նշեց, որ Հայաստանում, իսկ տարիներ առաջ՝ նաեւ ԱՄՆ-ում, մարդիկ ծխելը չէին էլ դիտարկում որպես խնդրահարույց ոլորտ, որովհետեւ մարդկանց մեծ մասն էր ծխում: Հայաստանում մինչ օրս էլ ծխելը սոցիալական նորմ է մնացել, իսկ այլ երկրներում արդեն վաղուց այդպես չէ:

Գիտականորեն հիմնավորված է, որ ծխախոտը պարունակում է նիկոտին, որն ուժեղ կախվածություն է առաջացնում: Մասնագետի խոսքերով՝ ծխախոտ արտադրողներն էլ գիտեն դրա վնասակարության մասին, բայց քանի որ ծխախոտի շուկան վերահսկվում է հզոր արդյունաբերության կողմից, տերերը կառավարություններն են, իսկ գումար աշխատողն էլ պետությունն է, հետեւաբար՝ դժվար է ոչ միայն անհատի վարքի, այլ նաեւ կառավարության վարքագիծը փոխելը: Որպես կանոն, ծխախոտը հեշտ է ձեռք բերել, էժան է եւ հասանելի հատկապես երեխաների համար: Ըստ հետազոտությունների՝ ծխող յուրաքանչյուր երկրորդ մարդուց մեկը մահանում է: Մասնագետի համոզմամբ, համաշխարհային արձագանքն այս խնդրին շատ է ուշանում: Եթե H1N1 վիրուսի կամ խոզի գրիպի համար Չինաստանում մարդկանց կարանտինի մեջ են պահում, անկախ նրանից՝ հիվանդ են, թե ոչ, ապա ծխախոտի համաճարակն իր գործը դանդաղ է անում, մարդիկ այն համարում են վարքագծի նորմալ վիճակ. իմանալով, որ վտանգավոր է՝ չեն մտածում ապագայի մասին:

Ֆ. Սթիլմանը հիշեցրեց, որ ծխախոտն ազդում է նաեւ չծխողների վրա. «Արդյունաբերությունը վիթխարի գումարներ է ծախսել, որպեսզի այդ ապացույցները կեղծ թվան: Ամեն ծխախոտի մեջ էլ կա մկնդեղ, եւ երբ այրում ես, թունավոր նյութերը հայտնվում են օդի մեջ, առաջացնում տարբեր հիվանդություններ ու մահ: Պասիվ ծուխը չի կարող անվտանգ լինել: Այսօր արդեն պարզ է դարձել, թե ինչի հետ են կապված նորածին երեխաների մահացության դեպքերը. պատճառը ծնողների՝ տանը ծխելն է»:

Մասնագետի տվյալներով՝ ծխելու ցուցանիշը Հայաստանում բացառիկ բարձր է՝ մոտ 60%: Ծխող կանանց թիվը դեռ փոքր է, բայց ողբերգությունն այն է, որ արտադրողները սկսում են ամեն ինչ անել, որպեսզի կանանց համոզեն ծխել՝ գովազդելով, թե իբր ծխելը յուրահատուկ տեսք է հաղորդում, ժամանակակից են դառնում, չեն գիրանում: «Մարդը միջինը 17 տարի է կորցնում ծխելու պատճառով»,- ասում է Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային ինստիտուտի տնօրեն Ֆրենսիս Սթիլմենը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում ծխի վտանգվածությունը շատ բարձր է հատկապես կանանց մոտ, նրանք մեծ քանակությամբ պասիվ ծուխ են շնչում: Հայտնի է նաեւ այն, որ ծնողների 98%-ը տանն է ծխում՝ երեխաների շրջապատում: Այսպիսով, ստացվում է, որ չծխող կանանց 76%-ը եւ երեխաների 65%-ը ստիպված ծխախոտի ծուխ են շնչում: «Հայաստանում էլ, եթե որեւէ մեկին ասես՝ հանգցրու ծխախոտդ, կարող է քաղաքավարի չհնչել, բայց քաղաքավարության հարց չկա, դա պարզապես վտանգ է»,- նշում է հյուրը ու ավելացնում, որ առաջին հերթին պետք է գովազդը վերացնել ու ավելացնել ծխելու վնասակարության մասին պիտակները, ինչպես նաեւ մի շարք օրենքներ ընդունել, օրինակ՝ չթողնել աշխատավայրում ծխել: Հայաստան ժամանած հյուրին զայրացրել է հատկապես Հայաստանի ազգային ավիափոխադրողի՝ «Արմավիայի» օդանավում Marlboro-ի գովազդը, որը ծխախոտը գովազդում է սեքսուալության, մոդայիկության, ազատ, հարուստ լինելու քողի ներքո: «Ծխախոտ գովազդելու համար նույնիսկ կրոնական խորհրդանիշներ են օգտագործում, դա արդեն վիրավորական է»,- ասաց Սթիլմենը:

2005 թվականին Հայաստանը միացել է ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային, ինչը, Սթիլմանի գնահատմամբ, մեծ քայլ է մեր երկրի կողմից:

Ֆրենսիս Սթիլմանի կարծիքով՝ առաջին հերթին պետք է մարդկանց կրթել, Ամերիկայում այժմ շատ փող ունեցողները չեն ծխում, բացառություն են կազմում լրագրողներն ու մոդելները:

Դասախոսության ընթացքում հնչեցին նաեւ հարցեր: Ամերիկյան համալսարանի շրջանավարտ Կարինե Գենդենյանցին հետաքրքրում էր՝ հնարավո՞ր է, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում մարդիկ սկսեն ավելի շատ ծխել: «Նման մտահոգություն կա, որովհետեւ մարդիկ ծխախոտն օգտագործում են որպես սթրեսը նվազեցնելու միջոց: Կան հետազոտական ապացույցներ էլ, որ հակառակն են ցույց տալիս՝ մարդկանց ապացուցելով, որ եթե ծխախոտ չգնես՝ պետությունը դրանից չի տուժի, նույն գումարը դու կծախսես սննդի, դեղերի, կրթության վրա»,- պատասխանեց Սթիլմանը: Հնդիկ ուսանողներից մեկին էլ հետաքրքրում էր, թե ինչո՞ւ ղեկավար մարմինների, հատկապես ԱՄՆ նախագահ Բ. Օբամայի վրա ճնշում չի գործադրվում, որ թողնեն ծխելը: Հարցին ի պատասխան՝ դոկտոր Սթիլմանը ասաց. «Մեր նոր նախագահը գոնե գիտի, որ հասարակական վայրերում պիտի չծխի: Նրա վրա մեծ ճնշում է գործադրվում, որ նա թողնի ծխելը ու նա խոստացել է, որ մի օր կթողնի՝ դրանով լավ օրինակ ծառայելով բոլորին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930