Ըստ բժշկի՝ շատ սեքս բոլոր տարիքում էլ հնարավոր է…
«Սեքսի շատ լինելը վնաս չէ»,- վստահեցնում է բժիշկ-սեքսապաթոլոգ, բժշկական գիտություննեի թեկնածու Վրեժ Շահրամանյանը: Ըստ նրա` սեռական կյանքի ակտիվությունը բարերար ազդեցություն է ունենում զույգերի կայունության վրա, մասնավորապես՝ երիտասարդ տարիքում. «Զույգերը որքան շատ միմյանց պարգեւեն հաճույքի պահեր, որքան շատ «ստիպեն» արտադրել երջանկության հորմոններ, այնքան ավելի մեծ կլինի նրանց հոգեբանական կապվածությունն ու ավելի ամուր կլինեն նրանց հարաբերությունները»:
Մարդու կյանքում կան շրջաններ, որոնցում սեռական ակտիվությունը շատ ցայտուն է դրսեւորվում: Շատերը կարծում են, որ սեքսի շատ լինելը վնասակար է, բայց սեքսապաթոլոգն ասաց, որ «եթե տղամարդը օրվա ընթացքում մի քանի անգամ սեքսով զբաղվելու ցանկություն է ունենում, ուրեմն անպայման այդ ցանկությունը պետք է մարվի: Դա նորմալ է: Ընդհանրապես, սեքսուալ կենսակերպը դրսեւորվում է ըստ շրջանների՝ անցումային, հասուն սեքսուալության եւ ինվոլյուցիոն՝ հետզարգացումային շրջաններում: Մարդու կյանքի տարբեր էտապներում սեռական ակտիվությունը խիստ տարբեր է լինում: Դա ունի մի շարք պատճառներ: Օրինակ, 18-25 տարեկան հասակը այն շրջանն է, երբ մարդու օրգանիզմում՝ անկախ սեռից, տեղի են ունենում հորմոնալ բուռն փոփոխություններ: Օրգանիզմը աճում է, եւ դրան զուգահեռ փոխվում է սեռական գեղձերի աշխատանքի բնույթը՝ ավելի ակտիվ են աշխատում սեռական օրգանները, չափերով մեծանում են, սեռական էներգիայի պաշարը շատանում է: Այդ տարիքում սեքսուալ էներգիայի, այսպես կոչված՝ բավարարման բաղադրիչը միշտ տուժում է, որովհետեւ անձը սոցիալապես դեռ չի հաստատվել, կա կենսաբանական մեծ պահանջ սեռական կյանքով ապրելու, քանի որ էներգիան մարդուն ստիպում է, բայց քանի որ սոցիալական բաղադրիչը դեռեւս չի հասունացել, անձը դեռ չունի մշտական զուգընկեր, ապա ցանկություն միշտ էլ կա, որը ոչ լրիվ է բավարարվում, այսինքն՝ ցանկությունը շատ է, բայց սպառում չկա: Այս դեպքում սեքսուալ հարաբերությունների առումով ավելի կիրառելի են կամ ձեռնաշարժությունը կամ պեդինգը: Այս տարիքում դրանք դիտվում են իբրեւ սեքսուալ ակտիվության ֆիզիոլոգիական նորմաներ, այսինքն՝ լրիվ նորմալ են դիտարկվում: Եթե անձը գտնում է զուգընկեր, բնականաբար, արդեն պեդինգից եւ ձեռնաշարժությունից հրաժարվում է, փորձում այդ ամենը իրականացնել զուգընկերոջ հետ, այսինքն՝ սեքսուալ ռեալիզացիա է տեղի ունենում: Դա առաջին սեռական փորձն է: Կախված առաջին տպավորությունից, անձը մոտավորապես ընտրում է սեքսուալ կյանքի միջին ռիթմը: Որպես կանոն, 18-25 տարեկանում սեռական հարաբերությունները անկանոն են եւ այս տարիքը հենց այդպես էլ բնորոշվում է՝ անկանոն սեռական հարաբերությունների տարիք»:
Ըստ բժշկի՝ այս տարիքի տղաներին ինչպես բնորոշ է սեռական անկանոն կենսակերպը, այնպես էլ՝ բուռն սեռական կյանքը. «Եթե կա զուգընկերուհի, այս շրջանում սեռական հարաբերությունները բավական շատ են լինում: Չի բացառվում այս տարիքում օրվա մեջ մի քանի անգամ սեռական հարաբերություն ունենալը, ինչն էլ կապված է անձի սեքսուալ կազմվածքի հետ: Դա սեռական բաղադրակազմն է, որի համաձայն, աղջիկ, թե տղա, լինում են ուժեղ, միջին եւ թույլ: Եթե անձը պատկանում է ուժեղ տիպին, ապա սեքսի պահանջը շատ է: Տղաների մոտ սեքսուալ էներգիա միշտ էլ կա, ինչը մարման կարիք ունի: Պաթոլոգիկ կարող է լինել միայն այն դեպքում, եթե անձը սեքսի պահանջ չունի, բայց ինչ-որ կպչուն մտքերից ելնելով՝ օրվա ընթացքում մի քանի անգամ է զբաղվում սեքսով»:
Ինչ վերաբերում է աղջիկներին, բժշկի խոսքով, նրանց մոտ ակտիվությունը այդքան էլ արտահայտված չէ. «Աղջիկների մոտ չկա այն ֆիզիոլոգիան, ինչ որ տղամարդկանց մոտ է: Կանանց մոտ մի փոքր ավելի զուսպ է»: Վ. Շահրամանյանը նշում է, որ կանանց սեքսուալությունը հոգեբանական է, տղամարդկանցը՝ զուտ ֆիզիոլոգիական. «Եթե տղամարդը գրգռվեց, պետք է անպայման լինի համապատասխան քայլ: Իսկ կինը պետք է վերլուծի, համեմատի, որոշում կայացնի եւ հետո անգամ վերջին պահին էլ տարակուսի՝ անի դա, թե ոչ: Կինը նախ մտածում է՝ տղամարդը ինչպիսի՞ն է, պե՞տք է իրեն, թե՝ ոչ, ուշադրություն է դարձնում հագուկապին, օծանելիքին… Տղամարդը նման մանրուքների ետեւից չի ընկնում»:
Բժշկի խոսքերով՝ հասուն սեքսուալության շրջանում՝ 25-55 տարեկանում, սեքսը շատ կամ քիչ չի լինում. «Այս շրջանում զույգերի մոտ տեղի է ունենում սեռական կյանքի հաստատում. ժամանակի ընթացքում կինը եւ տղամարդը մշակում են պայմանական ֆիզիոլոգիական ռիթմ: Սա այն պայմանական ռիթմն է, որի ներքո զույգն իրեն լավ է զգում: Այս տարիքում սեռական կյանքը չունի կանոնավորություն, պարզապես ձեւավորված ռեֆլեքս է»:
Ինչ վերաբերում է ինվոլյուցիոն շրջանին, սեքսապաթոլոգի նկարագրմամբ՝ այն բնութագրվում է պոտենցիայի, պահանջարկի նվազեցումով. «Ինձ միշտ հարցնում են՝ ավագ տարիքում սեքս չկա՞: Իհարկե՝ կա, բայց ոչ այնպես, ինչպես երիտասարդ տարիքում է: Սեքսի պահանջը այս շրջանում աստիճանաբար նվազում է, մարդը ռիթմից ընկնում է: Բայց սեքսը կարող է շատ լինել, եթե անձը հետեւի իր սեռական առողջությանը. եթե անձը սեքսուալ ռիթմից չընկնի, ապա լիբիդոն 70 տարեկանում էլ իր տեղը կլինի: Նույնիսկ այս տարիքում կարող է շատ սեքս լինել, եթե անձը սիրահարվի»: