Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգյանցը՝ կրկին նախագահ

Հունիս 04,2009 00:00

\"\"Համագումար՝ առանց անակնկալների

Երեկ Կինոյի տան դահլիճում կայացավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության 10-րդ համագումարը: Ի տարբերություն մյուս ստեղծագործական միությունների համագումարների, կինոգործիչների մոտ, թեկուզ արտաքուստ, ամեն ինչ խաղաղ էր ու անաղմուկ: Միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը փաստեց, որ 2004- 2009թթ. Կինոգործիչների միությունն ունեցել է կորուստներ, ներկաները հարգեցին Խորեն Աբրահամյանի, Ֆրունզե Ամիրխանյանի, Եպրաքսիա Բաբայանի, Վարդան Բադալյանի, Աղասի Այվազյանի, Ալբերտ Յավուրյանի եւ այլոց հիշատակները: Խորհրդականի բերանով հնչեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում ասված էր, թե չնայած դժվարություններին, կինոգործիչները պետք է հասարակության մեջ սերմանեն մշակութային բարձր չափանիշներ, բարձրացնեն մտավորականի հեղինակությունը եւ այլն: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ կարծիք հայտնեց. «Համագումարները մեր կյանքում մշտապես եղել են երեւույթ: Չեմ չափազանցնի եթե ասեմ, որ դրանք իրական տոնի են վերածվում…»: Չգիտենք, մշակույթի նախարարին Նկարիչների՞ միության համագումարի գզվռտոցն էր տոն թվացել, թե՞ գրողների, կամ գուցե նկարիչների, կոմպոզիտորների ու երաժշտագետների…

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն իր հիացմունքն արտահայտեց, որ, ի տարբերություն մյուս ստեղծագործական միությունների, որտեղ արհեստական բարիկադներ են ստեղծվում, Կինոմիությունը միասնական է. «Կինոմիությունը մեր արվեստագետների շրջանում դառնում է բարոյականության վերջին պատվարներից մեկը եւ դա շատ օրինակելի է»: Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանն էլ իր խոսքում նշեց, որ հասարակությունն այսօր կարոտ ունի կինոյի՝ անցյալ տարիների արտադրանքի: Նաեւ ավելացրեց, որ «Անզեն աչքով կարելի է տեսնել, որ, ի հակառակ անցած տարիների, այսօր մշակույթի գործիչը մեր պետության ուշադրության կենտրոնում է: Հասարակությունը մեզանից սպասում է լուրջ գործեր: Որքան շատ են խոսում, թե ստեղծագործական միությունները պետք են, թե ոչ, այնքան ավելի ամուր ենք մնում, եւ երիտասարդների հոսքն ավելի մեծ է լինում»: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը եւս բարի նախանձով ասաց. «Ուրախ եմ, որ համերաշխ եք»:

Ռ. Գեւորգյանցի կարծիքով՝ ստեղծագործական միությունները նրա համար են, որ ստեղծագործական վեճեր լինեն, այլ ոչ՝ աթոռակռիվներ: Նա նաեւ նկատել է, որ վերջին երկու տարիները շատ են տարբերվում 2004 թվականից. «Կամաց-կամաց կինոն մաքրվում է, թե չէ՝ ժամանակին կինո մտած պատահական մարդիկ սիրողական կինոն հրամցնում էին իբրեւ պրոֆեսիոնալ: Այժմ դրական բաներ էլ կան, օրինակ՝ «+ Կինո» ամսագիրը, «Ես եմ», «Ոսկե ծիրան» կինոփառատոները»: Ռ. Գեւորգյանցը ասաց նաեւ, որ առավոտյան իրեն զանգել է մոտ 30 լրագրող ու հարցրել՝ ո՞նց են միությունում գործերը, հետո երբ իմացել են, որ ամեն ինչ նորմալ է, հետաքրքրությունը կորել է ու չեն եկել լուսաբանելու:

Փաստենք, որ Կինեմատոգրաֆիստների համագումարին կինոգործիչները արտահայտվելու ցանկություն չհայտնեցին, հետո էլ բաց քվեարկությամբ միաձայն նախագահ ընտրեցին միակ թեկնածու Ռուբեն Գեւորգյանցին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել