Լրահոս
Օրվա լրահոսը

Ռ. ԲԱԲԱՅԱՆԸ ԿՈՒՐՍ ՉԻ ՀԱՎԱՔԻ

Հունիս 04,2009 00:00

Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության եւ ռեժիսուրայի ամբիոնի վարիչի պարզաբանումները:

\"\"
Ռուբեն Բաբայանը 4 տարի անց միայն կհավաքագրի նոր կուրս:

«Առավոտը» բազմիցս անդրադարձել է հայաստանյան արվեստի բուհերի շրջանավարտների՝ աշխատանքի տեղավորման, կադրերի կուտակման խնդիրներին: Օրերս տեղեկացանք, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության եւ ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը հրաժարվել է 2009-2010 ուստարվա հավաքվելիք իր արվեստանոցից: Պարոն Բաբայանի հայտարարությունը մտահոգող է նաեւ այն առումով, որ նա ինստիտուտի անվանի, փորձառու մանկավարժներից է, որի շրջանավարտները միշտ էլ աչքի են ընկել պրոֆեսիոնալիզմով:

Ռ. Բաբայանն ասաց, որ իր հայտարարությունը չի նշանակում, թե Տիկնիկային թատրոն տանող ճանապարհը շնորհալի ապագա արտիստների համար այլեւս կփակվի. «Կուրս հավաքագրելը մեծ պատասխանատվություն է: Ղեկավարը պետք է մտածի ոչ միայն երիտասարդներին կրթելու, այլ նաեւ ուսումնառության տարիներին ստացած գիտելիքները իրացնելու ուղղությամբ: Դասախոսական գործունեությանս ժամանակահատվածում իմ ղեկավարությամբ ավարտել է 3 կուրս: Շրջանավարտներից եւ ոչ մեկը միանգամից չի ընդունվել թատրոն՝ իբրեւ տիկնիկավար, նրանց՝ դերասանի աշխատանքը սկսվել է ելույթավճարից եւ միայն մի քանի տարի հետո են դարձել հիմնական աշխատող, ընդ որում՝ ոչ բոլորը: Օրինակ, 2001թ. շրջանավարտներիցս միայն 4-ը անցյալ տարի Տիկնիկային թատրոնում անցավ աշխատանքի: Սակայն դա չի նշանակում, որ պետք է անտեսվեն մյուսները: Ասեմ նաեւ, որ մեր թատրոնում աշխատում են դերասաններ, որոնք չունեն տիկնիկավար դերասանի որակավորում, սակայն նրանց գործունեությանը հետեւել եմ ուսումնառության տարիներին ու դրանից հետո, առավել աչքի ընկած դրամատիկ դերասաններին առաջարկել եմ համալրել տիկնիկավարների շարքը: Եվ միայն նրանց համաձայնությունից հետո ու որոշ ժամանակ ուսումնասիրելով տիկնիկավարությունը, ընդունվել են թատրոն»: Պարոն Բաբայանը գտնում է, որ պետք է սերտ լինի ինստիտուտի եւ թատրոնների կապը. «Թատրոնների ղեկավարները ավելի ակտիվ պետք է դիտեն ուսանողների ավարտական քննությունները: Դրանք իրենցից ներկայացնում են թատերական շուկա, որտեղ պետք է պարզապես ներս մտնել ու հետաքրքիր «ապրանք» նկատելուն պես՝ առաջարկ անել»:

Իմանալով, որ Ռ. Բաբայանը մասնագիտական կրթություն է ստացել Ռուսաստանում, հետաքրքրվեցինք, թե, օրինակ, այդ մեծ պետությունը ինչպե՞ս է լուծում իր կադրերի կուտակման խնդիրները կամ գուցե դրանք չկա՞ն: «Ռուսաստանում գործում է շուրջ 500 պետական տիկնիկային թատրոն եւ ընդամենը թատերական 2 բուհ՝ Սանկտ Պետերբուրգում եւ Նիժնի Նովգորոդում, որոնք պատրաստում են տիկնիկավարներ: Այդ հսկա պետությունում կադրերի կուտակման ու նման խնդիրներ չեն ծագում: Այնտեղի մշակութային բուհերում գործում է դերասան-ռեժիսորի համատեղ կուրս, իսկ այս տարվանից այն կլինի նաեւ մեր բուհում»,-ասաց մեր զրուցակիցը: Հարցին՝ մեր բուհում տիկնիկավար դերասանի մասնագիտական կուրս այլեւս չի՞ հավաքագրվելու, Ռ. Բաբայանը պատասխանեց. «Միայն չորս տարի հետո կհավաքագրվի համատեղ կուրս, որտեղ կպատրաստեն եւ տիկնիկավար դերասաններ, եւ տիկնիկային թատրոնի ռեժիսորներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել