Ռուսաստանը աշխարհի ամենախաղաղասեր պետությունների (Global Peace Index) վարկանիշում ընդամենը 136-րդն է: Վարկանիշային այդ ցուցակը հրապարակվել է երեկ՝ հունիսի 3-ին: Ցուցակում տեղ է գտել 144 երկիր: Ռուսաստանից ավելի վատ դիրքերում են միայն Պակիստանը, Չադը, Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունը, Սուդանը, Իսրայելը, Սոմալին, Աֆղանստանը եւ Իրաքը: Ռուսաստանից ավելի խաղաղասեր են համարվել նույնիսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Շրի Լանկան, Մյանման, Եթովպիան, Կորեական Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը: Զիմբաբվեի հետ միասին 134-րդ տեղն է կիսում Ռուսաստանից ընդամենը մեկ աստիճանով ավելի խաղաղասեր Վրաստանը: Ցուցակում առաջինը Նոր Զելանդիան է, ապա՝ Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան: Նախկին ՍՍՀՄ երկրներից ամենախաղաղասերն Էստոնիան է՝ 38-րդ տեղ, ԱՄՆ-ը 93-րդն է:
Հայաստանը տարօրինակորեն այդ ցուցակում ընդհանրապես չկա:
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են բնակչության 100 հազար շնչին բաժին հասնող իրավապահների քանակը, դատապարտվածների տոկոսային հարաբերությունը, հանցավորության մակարդակը, քաղաքացիներին զենք-զինամթերքի հասանելիության աստիճանը, մարդու իրավունքների հանդեպ վերաբերմունքը, հարաբերությունները հարեւան երկրների հետ եւ այլն: