Լրահոս
Օրվա լրահոսը

Վենեսուելայի նախագահը մեղադրում է ԿՀՎ-ին

Հունիս 04,2009 00:00

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մեղադրել է ԿՀՎ-ին՝ իր հանդեպ հարձակման նախապատրաստության մեջ, տեղեկացնում է Associated Press-ը: Չավեսն ասել է, որ այդ հարձակման սպառնալիքի պատճառով նա ստիպված է եղել հետաձգել իր այցը՝ Սալվադորի նոր նախագահի երդմնակալության արարողությանը: Ըստ Չավեսի՝ վենեսուելական հատուկ ծառայությունները վստահելի տեղեկություններ ունեն այն մասին, որ ինքնաթիռը, որով Չավեսը պիտի մեկներ, ծրագրվում էր հրթիռակոծել:

Վենեսուելայի նախագահի վարկածով, ամերիկյան հատուկ ծառայությունները սպանության պլանը կազմել են Լուիս Պոսադա Կարիլեսի հետ համագործակցության արդյունքում, որը Կուբայում ծնված վենեսուելացի է՝ Ֆիդել Կաստրոյի ռեժիմի դեմ պայքարողներից մեկը: ԿՀՎ-ի նախկին աշխատակից Կարիլեսին համարում են մի քանի ահաբեկչական ակտերի իրագործման պատասխանատու, որոնց թվում է կուբայական ինքնաթիռի պայթեցումը, որի ժամանակ զոհվել է 73 մարդ:

ԱՄՆ-ում մի անգամ նրան ձերբակալել են երկրում անօրինական մնալու համար, սակայն 2007-ին բաց են թողել գրավի դիմաց:

Նախկինում Չավեսը բազմաթիվ անգամներ էր մեղադրել ԱՄՆ-ին՝ իրեն սպանելու կամ «գահընկեց անելու» մտադրությունների մեջ, սակայն նման մեղադրանք առաջին անգամ է հնչում նրա եւ Օբամայի հանդիպումից հետո, որը կայացավ ապրիլին՝ Տրինիդադ եւ Տոբագոյում: Չավեսն ասել է, որ չի մեղադրում Օբամային, քանի որ Օբաման բարի մտադրություններ ունի, սակայն նրա հետեւում կանգնած է մի ողջ կայսրություն՝ ԿՀՎ-ի գլխավորությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել