Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակել են գաղտնի փաստաթղթեր

Հունիս 04,2009 00:00

The New York Times-ը հաղորդում է, որ ԱՄՆ կառավարությունը սխալմամբ հրապարակել է մի փաստաթուղթ, որում մանրամասն տեղեկություններ կային պետական միջուկային օբյեկտների եւ ծրագրերի մասին, այդ թվում՝ քարտեզներ, որոնցում մատնանշված էին միջուկային վառելիքով պահեստների ճշգրիտ տեղերը: Այդ փաստաթղթի 266 էջերից յուրաքանչյուրի վրա մեծատառերով նշում կար՝ «Հույժ գաղտնի»: Փաստաթուղթը տեղադրված էր կառավարական հրատարակչական վարչության կայքէջում: Դրա գաղտնազերծման մասին հայտնի դարձավ երկուշաբթի, հունիսի 1-ին՝ պետական գաղտնիքներին առնչվող հարցերին նվիրված լրահոսից, սակայն կայքէջից այդ հաշվետվությունը հանել են միայն երեքշաբթի՝ հունիսի 2-ի երեկոյան, The New York Times-ի դիմումից հետո: Փաստաթուղթը ծրագրված էր փոխանցել ՄԱԳԱՏԷ-ին: Դա պիտի տեղի ունենար ԱՄՆ-ի միջուկային ծրագրերի վերահսկողությունը խստացնելու ծրագրի շրջանակներում: Պետությունը գնաց այդ քայլին, հուսալով, որ իր օրինակին կհետեւեն այլ երկրներ եւս, այդ թվում նրանք, ում կասկածում են միջուկային զենքի մշակման եւ արտադրության մեջ, օրինակ՝ Իրանը: Մայիսի 5-ին Բարաք Օբաման փոխանցել է այդ կարեւորագույն փաստաթուղթը Կոնգրեսին, որտեղից էլ այն ընկել է ԱՄՆ կառավարության հրատարակչության աշխատակիցների ձեռքը, որոնք էլ փաստաթուղթը հասանելի են դարձրել բոլորին: Միջուկային տեխնոլոգիաների գծով մի քանի փորձագետներ հայտարարել են, որ այդ տեղեկատվության հրապարակման վնասը չնչին էր, քանի որ տեղեկությունների հիմնական մասը, ճիշտ է՝ ընդհանուր գծերով, արդեն իսկ հանրությանը հայտնի էր: Սակայն միջուկային տարածումը վերահսկող Գիտության եւ միջազգային անվտանգության ինստիտուտի (ISIS) նախագահ Դեվիդ Օլբրայթը հայտարարել է, որ փաստաթուղթը հենց նրա համար է կոչվել գաղտնի, քանի որ նրա մեջ եղած տեղեկությունները կարող էին օգնել ծայրահեղականներին՝ տիրանալ միջուկային վառելիքին:

Հաշվետվության մեջ տեղեկություն չկար ռազմական միջուկային օբյեկտների մասին, նշում է The New York Times-ը, բայցեւայնպես, նրանում կային բազմաթիվ մանրամասներ միջուկային ծրագրերի մասին, որոնք մշակվում էին միջուկային զենքերով զբաղվող երեք պետական լաբորատորիաներում՝ Լոս-Ալամոսի, Սանդիայի եւ Լիվերմորի: Առավել լուրջ արտահոսքը վերաբերում էր Թեննեսի նահանգի Օկրիջ լաբորատորիային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել