Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցներում մեկնարկեցին ավարտական քննությունները

Հունիս 04,2009 00:00

\"\"

Երեկ ՀՀ հանրակրթական դպրոցներում 37731 շրջանավարտ ավարտական քննություն հանձնեց քիմիա, կենսաբանություն եւ աշխարհագրություն առարկաներից: Ինչպես միասնական քննությունների մեկնարկի օրն էր ԿԳ նախարար Ա. Աշոտյանը նշել, պետք է ընդունելության քննություններից բացի, ուշադրություն դարձվի նաեւ բուհական եւ դպրոցական ավարտական քննություններին: Ուստի երեկ նախարարը այցելեց իր սովորած Գոգոլի անվան թիվ 35 դպրոց: Դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանը հայտնեց, որ իրենց կրթօջախում ավարտական քննություն է հանձնելու 149 աշակերտ, իսկ մնացածները հանձնելու են միասնական քննություններ: Ա. Սարյանը ԳԹԿ-ից ստացված թեստերի ծրարը բացելիս հայտնաբերեց, որ նրանում չկան կենսաբանություն առարկայի թեստերը: Ա. Աշոտյանը նշեց, որ հարցը կլուծվի եւ մի քանի րոպեից ԳԹԿ-ից կբերվեն կենսաբանության թեստերը: Քննությունը սկսվեց 30 րոպե ուշացումով, բայց նախարարը վստահեցրեց, որ աշակերտների իրավունքները չեն տուժելու այս միջադեպից:

«Առավոտը» շրջայց կատարեց Երեւանի մի շարք հանրակրթական դպրոցներ՝ պարզելու, թե այդ դպրոցներում ինչպե՞ս է անցնում քննական գործընթացը: Այցելեցինք Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոց: Այս դպրոցում որեւէ միջադեպ չգրանցվեց, թեստերը ժամանակին տեղ հասան, քննությունն էլ ժամանակին սկսվեց: Իսկ քննասենյակներում գործընթացին հետեւում էին դպրոցի մանկավարժները՝ ոչ տվյալ առարկայի մասնագետներ: Երբ մտանք տնօրեն Գայանե Սարուխանյանի սենյակ, ծաղիկների առատությունից պարզ դարձավ, որ այդ օրը դպրոցում տոն կամ քննություն պիտի լիներ: Տնօրենի հետ զրույցում հետաքրքրվեցինք՝ ինքն ինչպե՞ս է վերահսկել, որպեսզի ուսուցիչները չօգնեն աշակերտներին, ինչը տարիներ շարունակ ընդունված կարգ է դարձել հանրակրթական դպրոցների ավարտական քննությունների ժամանակ: Գ. Սարուխանյանն ասաց. «Կարգն այնպիսին է, որ ցանկանալու դեպքում անգամ օգնելու տարբերակը բացառվում է: Չէ՞ որ սենյակներում բոլորը ոչ մասնագետներ են: Հետո աշակերտներն էլ իրար չեն կարող օգնել, քանի որ 4 տարբերակով են գրում»: Զրուցեցինք նաեւ այս դպրոցի 111 դասարանի աշակերտուհի Մարգարիտա Սահակյանի հետ: Նա ասաց. «Ընդհանուր առմամբ քննությունը լավ անցավ, այն բավականին խիստ էր: Ուսուցիչները չէին կարող օգնել. որքան կարողանում էինք՝ մենք երեխաներով օգնում էինք իրար»: Այցելեցինք նաեւ Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց: Զրուցեցինք տնօրեն Լիլի Վարդգեսյանի հետ: Նա փոխանցեց. «Երեխաները գալիս էին, գրանցվում, վիճակահանությամբ հանում էին համապատասխան թիվը՝ սեղանի եւ թեստի: Այնուհետեւ գրանցվում է անձնական եւ ծննդյան վկայականի համարը՝ երեխայի ներկայությամբ եւ նա ստորագրում է»: Նկատեցինք, որ այս դպրոցում 11-րդցիները միջանցքում էին քննություն հանձնում: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է պատճառը: Լ. Վարդգեսյանն ասաց. «Դասարանում շոգ է, իսկ երեխաները հուզված են. այնպես պիտի լինի, որ մի քիչ էլ իրենք իրենց լավ զգան, մյուս կողմից էլ այստեղ տեսանելի է ամեն ինչ»: Ուսուցիչների՝ աշակերտներին օգնելու երեւույթի մասին էլ ասաց. «Թեստն այդքան բարդ չէր, որ ուսուցիչներն էլ օգնեին»: Իսկ երբ հարցրինք քննությունից հետո ուսուցիչների համար բացվող «փոքրիկ» սեղանի մասին, Լ. Վարդգեսյանն ասաց. «Իհարկե, ծնողներին արգելել եմ նման բաներ անել: Բայց եթե ասեմ, որ քննություններից հետո չենք նախաճաշել, սխալ կլինի: Մենք ունենք ուսուցիչներ, որոնց երեխաներն այսօր քննության են, ուստի մի սուրճ կխմենք, մի միրգ կուտենք՝ կգնանք մեր տները»: Լ. Վարդգեսյանը «Առավոտին» հրավիրեց ուսուցիչների սենյակ, համոզվելու, որ նրանք միայն բնական հյութ, խմորեղեն ու միրգ են ճաշակել քննությունից հետո:

Իսկ քննությունների արդյունքներն արդեն պարզ կլինեն այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել