«Առավոտի» զրույցը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Սյուզան Բրայդենսթայնի եւ նրա ամուսնու՝ Վիկտոր Ռոխասի հետ:
Ամերիկուհի Սյուզան Բրայդենսթայնը եւ վենեսուելացի Վիկտոր Ռոխասը երկու տարի է, ինչ բնակություն են հաստատել Երեւանում: Երիտասարդ ընտանիքին Հայաստան է բերել Սյուզանի դիվանագիտական աշխատանքը. նա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի տեղակալն է: «Առավոտը» զրուցեց Սյուզանի եւ Վիկտորի հետ, բացահայտեց նրանց կյանքի բազում հետաքրքիր անկյուններ եւ հասկացավ, որ երիտասարդ զույգը իր երեք տարեկան զավակի՝ Դավիթիկի հետ իրեն Հայաստանում զգում է «ինչպես տանը»: Այժմ նրանք ապրում են Երեւանում եւ, Սյուզանի փոխանցմամբ, սերտորեն շփվում են հայ հարեւանների հետ. «Մենք լիովին ինտեգրվել ենք Ձեր հասարակությանը. նույնիսկ մեկ անգամ հրավիրվել ենք մատաղի («մատաքի»՝ Սյուզանի տարբերակը- Տ. Հ.): Երկու անգամ մասնակցել ենք հուղարկավորության արարողության, ծննդյան տոնի, այստեղ նշել ենք Նոր տարին, բաց դեռ ոչ մի անգամ չենք հրավիրվել հայկական հարսանիքի: Հարեւանների, հատկապես պարոն Ռաֆիկի հետ լավ հարաբերություններ ունի Դավիթիկը: Պարոն Ռաֆիկը նրան ծանոթացնում է հայկական խոսակցական լեզվին. օրինակ՝ որդիս նրանից սովորել է «ինչ կա-չկա», «ախպեր ջան» եւ այլ արտահայտություններ»:
Մինչ հայաստանյան մյուս արկածների մասին խոսելը, Սյուզանին եւ Վիկտորին խնդրեցինք պատմել, թե ի՞նչն է միացրել նրանց: Այս հարցից հետո նրանք միաժամանակ ժպտացին, քանի որ նրանց ծանոթությունը տեղի է ունեցել զվարճալի, միեւնույն ժամանակ՝ լարված մի իրավիճակում, որի մասին նրանք պատմեցին նաեւ «Առավոտին»: Սյուզանը հիշեց. «Ընդհանուր ընկերներ ունեինք, ովքեր պնդում էին, որ պետք է ծանոթանամ Վիկտորի հետ, նույնիսկ մի քանի անգամ երեկույթների ժամանակ հանդիպել ենք, բայց ուշադրություն չէի դարձնում նրան: Իսկ այդ «ճակատագրական» հանդիպումը տեղի ունեցավ ոստիկանության բաժանմունքում: Շատ զվարճալի էր. խոսում էինք բասկետբոլից եւ այլ բաներից»:
Սյուզանի եւ Վիկտորի ընտանիքը մշտապես ճանապարհորդում է, քանի որ Սյուզանի աշխատանքի բնույթն է այդպիսին: Իհարկե, սկզբում դա բավականին դժվար էր հատկապես Վիկտորի համար, քանի որ նա ստիպված էր Վենեսուելայում թողնել իր բազմանդամ ընտանիքն ու հարազատներին, սակայն ժամանակի ընթացքում նա էլ համակերպվեց. գործը էապես հեշտացրեցին նրա մասնագիտությունը՝ երաժշտությունը եւ երաժշտական նոր ոճերի գրավչությունը: Վիկտորն այժմ ՀՀ-ում էլ է շարունակում իր երաժշտական կարիերան: Նա պատմեց. «Հայաստանում համերգներով հանդես եմ գալիս իմ նվագախմբի՝ «Chevere la banda»-ի հետ, City FM ռադիոկայանի եթերում ունեմ իմ հեղինակային հաղորդումը՝ «Radio Fiesta»-ն, իսպաներեն եմ դասավանդում Իսպանական կենտրոնում եւ երբեմն դասախոսում հայաստանյան բուհերում: Զարմացած եմ, որ հայ երիտասարդներն այդքան շատ են սիրում իսպաներենն ու իսպանական երաժշտությունը: Ինձ համար անսովոր է, որ մարդ կարող է որեւէ օտար լեզու սովորել այն դեպքում, երբ այդ լեզուն իրեն աշխատանքում կամ այլ նպատակների համար պետք չի գալու: Բայց հայերն իսպաներեն սովորում են հենց այնպես. դա ուրախալի եւ զարմանալի է: Ինչ վերաբերում է իսպանական եւ հայկական երաժշտությանը, ապա դրանք որոշ նմանություններ ունեն, գուցե դա է պատճառը, որ հայ լսարանը լսում եւ հասկանում է իսպանական երաժշտությունը: Առաջիկայում ցանկություն ունեմ իսպանական եւ հայկական ազգային գործիքների համադրությամբ երաժշտություն գրել»:
«Առավոտը» Վիկտորից կատակով հետաքրքրվեց, թե դժվար չէ՞ ապրել կին-դիվանագետի հետ: Նա ժպիտը դեմքին պատասխանեց. «Ոչ թե դժվար է, այլ հաճելի ու հեշտ: Պատճառն այն է, որ Սյուզանն ինձ լավ է հասկանում, ու մեր ընտանիքում գործում է թիմային աշխատանքի սկզբունքը: Ես ինձ ընտանիքում հանգիստ եւ ապահով եմ զգում, քանի որ Սյուզանն այնպիսի կին է, ով պատրաստ է իր վրա պատասխանատվություն վերցնել»: Հայերից շատերի շրջանում տարածված է այն կարծիքը, որ ամերիկացիները բնույթով «սառը» մարդիկ են, նրանց ժպիտը հաճախ արհեստական է: Այս հարցը լսելով՝ զրուցակիցներս սկսեցին ծիծաղել, իսկ Վիկտորը պատասխանեց. «Դա կախված է տվյալ անձից, կապ չունի՝ նա որ ազգի ներկայացուցիչ է: Մյուս կողմից էլ գուցե ամերիկացիներն այդպիսի տպավորություն են թողնում այն պատճառով, որ անընդհատ աշխատում են, իսկ անդադար աշխատանքը, իրոք, երբեմն մարդուն թույլ չի տալիս լիովին արտահայտել իր զգացմունքները»:
Սյուզանի եւ Վիկտորի համար զրույցի ամենասիրելի թեման, թերեւս, իրենց զավակի հետ կապված զվարճալի պատմություններն են: Սյուզանը պատմեց, որ չնայած Դավիթիկը ծնվել է ԱՄՆ-ում եւ նրան կոչել են David, սակայն, գալով Հայաստան, բոլորին պարտադրել է, որ իրեն Դավիթիկ ասեն: Կամ երբ «Հելլոուինի» (Halloween) տոնի կապակցությամբ Սյուզանի եւ Վիկտորի ընտանիքը գտնվում էր ԱՄՆ-ում, եւ ավանդույթի համաձայն երեխաները պետք է թակեն բոլորի դռները, իսկ դուռ բացողները պետք է երեխային շոկոլադ կամ այլ քաղցրավենիք տան, Դավիթիկը շատ է զարմացել, քանի որ Հայաստանում նրան առանց որեւէ ջանք գործադրելու են կոնֆետներ տվել: Նա Սյուզանին ասել է. «Հայաստանում այսպես թե այնպես բոլորն ինձ սիրում էին եւ քաղցրավենիք ու կոնֆետներ էին տալիս»: Սյուզանն ու Վիկտորը զարմացած էին, թե ինչպես են հայ ծնողները դաստիարակում իրենց երեխաներին, երբ չեն թողնում, որ երեխաները որեւէ դժվարություն տեսնեն, կամ չափահաս դառնալով ինքնուրույն հոգան իրենց կյանքը: Նրանք ժպիտով ասացին, որ իրենք էլ կցանկանային հայ ծնողներ ունենալ: