Օրենքի ուժ չստացած մի որոշում
1918 թ. նոյեմբերի 7-ին Հայաստանի Առաջին Հանրապետության օրենսդիր մարմնին՝ Ազգային խորհրդին ՀՀ ռազմական նախարար, գեներալ-մայոր Հախվերդովը ներկայացնում է օրինագիծ՝ զինծառայողների՝ ընտրություններին չմասնակցելու մասին։ Այդ փաստաթուղթը, որ հայտնաբերվել է Հայաստանի ազգային արխիվում, անչափ հետաքրքիր է իր բովանդակությամբ եւ առաջ քաշած խնդրով։
Քաջ գիտակցելով, որ ցանկացած պետության հզոր եւ կայուն լինելու պայմաններից մեկը ամուր բանակի առկայությունն է, նախարարն իր առաջարկությամբ փորձ է անում բանակն ապաքաղաքականացնել։ Նրա կարծիքով, որքան բանակը հեռու է կուսակցական խառնաշփոթից, այն ավելի կուռ, ամուր եւ անկախ է, եւ միակ գաղափարը, որով նա պիտի առաջնորդվի, երկրի անվտանգության եւ ապահովման խնդիրը պիտի լինի։ Երկարատեւ պատերազմներից քայքայված Հայոց բանակը կայուն պահելու համար անհրաժեշտ էր զորքի մարտունակությունը վերականգնել եւ ռազմական կարգապահություն ստեղծել։
Այսինքն, քաղաքականությունը եւ բանակը պետք է լինեն տարբեր բեւեռներում։ Ռազմական նախարար Հախվերդովը նորաստեղծ բանակի ամրությունը պահելու նպատակով անթույլատրելի էր համարում զինվորներին ընտրության իրավունք տալը, քանի որ ընտրությունների նախաշեմին բանակը դառնում էր քաղաքական կուսակցությունների թատերաբեմ։ Իսկ նրանց շրջանում պարբերաբար տարվող ելույթները բեկում եւ անկանոնություն էին առաջացնում զինծառայողների շարքերում։
Այս ամենից խուսափելու նպատակով, Հախվերդովը պնդում էր, որ քաղաքական կյանքն ու բանակը անհամատեղելի են, ավելին, ըստ նրա կազմած օրինագծի, զինծառայողներին արգելվում էր որեւէ քաղաքական կուսակցության հարելը։ Այս եզրակացությանը Հախվերդովը հանգել էր՝ ուսումնասիրելով ֆրանսիական բանակի փորձը, որտեղ նույնպես արգելված էր քաղաքական ուժերի ներթափանցումը զինծառայողների շարքերը։ Եվ պատահական չէ, որ նման դիրքորոշման համար ֆրանսիական հանրապետական բանակը ստացել էր «Великая молчальница անվանումը։ Այս որոշումն իրավական ուժ ստացել է, թե ոչ, ցավոք՝ հայտնի չէ։ Փաստաթղթերը այդ մասին ոչինչ չեն ասում։ Սակայն այն իր մեջ պարունակում է շատ դրական եւ ուսանելի տարրեր։
Ցանկալի կլիներ, որ նմանատիպ փաստաթղթերից ճիշտ դասեր քաղվեր եւ նման որոշում կայացվեր նաեւ մեր օրերում։