Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՈՅԱՀՈԳԵՎՈՐ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ

Հունիս 04,2009 00:00

\"\"Բարեգործությունը՝ որպես բիզնես

Հանրահայտ է, որ բարեգործությունը «շահավետ» ու անօրեն բիզնեսների թվում հինգերորդն է, ու այս ոլորտի մեջ հայտնված ճարպիկ մարդիկ կարողանում են բարեգործությունը հօգուտ իրենց շահերի օգտագործել: Հայաստանյան բարեգործական կազմակերպությունները հիմնականում ներխրված են այս «բիզնեսի» մեջ, որն էլ աշխարհի հայության մեծ մասի մոտ անվստահություն է առաջացնում դեպի համահայկական միջոցառումները: Այլապես «հեռուստամարաթոններում» թվերը տասն անգամ մեծ կլինեն: Սակայն ձեռնարկողները մտածում են՝ ավելի լավ է քիչ, բայց անձնական ավելի մեծ օգուտ, քան թե վստահելի թափանցիկություն, աշխարհի ողջ հայության մասնակցություն ու միասնություն, հսկայական միջոցներ, սակայն՝ դատարկ սեփական գրպան: Եթե որեւէ կազմակերպություն խուսափում է ընդունված այս «աշխատաոճից», ապա այն դուրս է մղվում ասպարեզից:

2000 թ., հիմնելով «Շուշի» բարեգործական հիմնադրամը՝ որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, որոշեցի այն զերծ պահել բիզնեսային մտածողությունից, հանրությանը ցույց տալ, որ մաքուր մնալ հնարավո՛ր է հանրապետությունում: Սկզբունքորեն դեմ էի բարեգործական օգնության անվան տակ սննդամթերք, օգտագործած շորեր ընդունելու եւ վերավաճառելու առաջարկություններին: Ձեռնարկած առաջին համալիր ծրագիրը կապված էր բերդաքաղաքի եւ նրա շրջակայքի մշակութային ժառանգության ուսումնասիրման, հուշարձանների գիտական հաշվառման, քարտեզագրման, չափագրման, գիտական պեղումների հետ: Առաջինը օգնության ձեռք մեկնեց Բեյրութի կաթոլիկ համայնքը: Թվայնացված աշխատանքը հրատարակվեց երկու ծավալուն հատորների մեջ ու ներկայացվեց ԼՂՀ կառավարությանը: Հիմնական նպատակն էր հիմք ստեղծել Շուշի բերդաքաղաքի XIX դարի քաղաքային մթնոլորտի հնարավորին չափ վերականգնման համար: Հաջորդ քայլը Շուշիի զարգացման գլխավոր հատակագծի համար միջազգային մրցույթի կազմակերպումն էր: Հիմնադրամը, համագործակցելով Հայաստանի ճարտարապետների միության, ՀՀ եւ ԼՂՀ նախագծային հիմնարկների հետ, պատրաստել էր համապատասխան տեսագրված, լուսանկարչական նյութեր, քարտեզներ, գծագրեր, ալբոմներ՝ երեսուն երկրների ճարտարապետական լավագույն նախագծող կազմակերպություններին այս մրցույթին մասնակից անելու համար: Անշուշտ, հաշվի էր առնվել նաեւ խնդրի քաղաքական կողմը: Հիմնադրամն իրականացնում էր այլ ծրագրեր եւս, ինչպիսիք են www.journal.shoushi.am ինտերնետային հայերեն եւ անգլերեն գիտահասարակական պարբերականը՝ օնլայն ծրագրով, «Արցախյան գոյամարտի համահավաք» մատենաշարի (30 հատոր) հրատարակումը (թվայնացվել ու պատրաստ են հրատարակման 15 հատորները), Շուշի բերդաքաղաքում հին քաղաքային դպրոցի շենքում Հիմնադրամի հին լուսանկարների (7000) հավաքածուի հիման վրա «Լուսանկարչության ազգային թանգարանի» (տես՝ www.avetis.org վեբ կայքը) հիմնումը, աշխարհի հակամարտությունների մասին 2500 լուսանկարների հավաքածուի հիման վրա «XX դարի տեղային հակամարտությունների ֆոտոքրոնիկոն» թանգարանի եւ հակամարտությունների ուսումնասիրության ու կանխման կենտրոնի հիմնումը(տես՝ www.photo.avetis.

org վեբ կայքը), «Արցախի պատմամշակութային գանձերը» 30 րոպե տեւողությամբ 15 ֆիլմերի շարք՝ մ.թ.ա. 750 թ. մինչեւ մեր օրերը, «Արեւմտյան Հայաստանը մինչեւ 1915 թ.՝ լուսանկարներում» ցուցահանդեսի կազմակերպումը Երեւանում, ՀՀ եւ ԼՂՀ մարզերում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի երկրներում, հայ երիտասարդությանը հայրենի եզերքի հետ կապելու զբոսաշրջության «Ճանաչիր հայրենի եզերքդ» համակարգ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում (տես՝ www.

shoushitour.am վեբ կայքը):

Թվում էր, թե ոչինչ չի խանգարի հայ ներդրողներին մասնակից լինել այս գործընթացին: Արդեն բանակցություններ էինք սկսել՝ ՀՀ-ում, ԼՂՀ-ում եւ արտերկրում այս ծրագրերի իրականացման համար հեռուստամարաթոն ձեռնարկելու համար: Սակայն հետագայում պարզվեց, որ որոշ պետական այրեր, ազգային ու հասարակական գործիչներ ուշի ուշով հետեւում էին «Շուշի» ԲՀ գործունեությանը ու հարմար պահի սպասում: Ուշացումով տեղեկացա, որ ՀՀ նախորդ նախագահի հովանավորությամբ Երեւանի այն ժամանակվա քաղաքապետը ձեռնարկել է «Շուշի վերածնունդ» հիմնադրամի ստեղծումը: Իհարկե, քերականական սխալով մի շարք մարմինների ձեռքից ձեռք անցնելն ու երկրի նախագահից, քաղաքապետից, արդարադատության նախարարությունից սկսած՝ մինչեւ նոր հիմնադրամի տնօրենը, Խորհրդի 16 անդամների հայերենի չիմացությունը զարմացնում է: Նման սխալ անողը, մայրենի լեզվի նկատմամբ անտարբերությունն էլ հիմք է դառնում խախտումների, կոռուպցիայի, խաբեությամբ ուրիշի աշխատանքի անպատիժ յուրացմանը: Ինքս սկզբում մտածեցի, որ եթե նպատակը Շուշիի զարգացումն է, ուրեմն պետք է ամեն ինչով օգնեի, մանավանդ որ, նոր հիմնադրամի նախագահն առաջարկեց համագործակցել: Իմ անունը գրանցեցին Խորհրդի կազմում, սակայն որոշ ժամանակ անց հայտնաբերեցի, որ առանց Խորհրդի անդամների գիտության, առանց ինձ զգուշացնելու անունս հանել են Խորհրդի կազմից: Այսինքն, այստեղ տիրապետում է կամայականությունը, անպատժելիությունը: Ես՝ որպես Խորհրդի անդամ, մյուս Խորհրդի անդամներ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Լեւոն Անանյանի, Ֆլորա Նախշքարյանի եւ Արտեմ Սարգսյանի ստորագրությամբ չորս նամակ եմ հանձնել նոր հիմնադրամի նախագահ, Երեւանի քաղաքապետ Ե. Զախարյանին՝ մի քանի ծրագրերով երկու հիմնադրամների համագործակցության առաջարկներով: Սակայն Ե. Զախարյանը չբարեհաճեց անգամ պատասխանել: Սա արմատացած բյուրոկրատի աշխատաոճ է: Ես «Ժամանակ Երեւան» թերթի հոդվածով տեղեկացա, որ այդ հիմնադրամի գործունեության ֆինանսական հիմնական աղբյուրը քաղաքապետարանի «Երեւան» հիմնադրամի գումարներն էին, որոնք գոյանում են մայրաքաղաքի բնակիչներից անօրեն կերպով տեղեկանքների դիմաց բռնի գանձվող գումարներից: Միայն այդ հոդվածի լույս տեսնելուց հետո հիմնադրամի հաշվետվություններում ի հայտ եկան որոշակի տվյալներ այդ մասին: «Շուշի վերածնունդ» հիմնադրամը, սեփականացնելով «Շուշի» ԲՀ կատարած աշխատանքները, արհամարհելով միջազգային մրցույթի գոյություն ունեցող ծրագրերը, նախաձեռնեց բերդաքաղաքի գլխավոր հատակագծի նախագծումը: Շուշիի վերականգնման գործում շահագրգիռ ճարտարապետները ցանկացան ծանոթանալ պարսկահայ ճարտարապետուհու նախագծի հետ, քննարկել այն, սակայն «Շուշի վերածնունդ» հիմնադրամը հրաժարվեց: Պարզվում է, որ դրա հիմքը ունեին: Այն հապճեպ էր արված, առանց ազգային ու Շուշիին յուրահատուկ առանձնահատկությունները, քաղաքական իրավիճակը, ներկայիս պահանջները հաշվի առնելու:

«Շուշի վերածնունդ» հիմնադրամը, կանխելով հեռուստամարաթոն անցկացնելու մեր ծրագիրը, հապշտապ առաջ անցավ: Մի քանի տարի մենք պատրաստվում էինք դրան, համապատասխան հասարակական կարծիք ձեւավորում, որպեսզի միջոցառմանը մասնակից դարձնենք ողջ հայությանը: Այդ նպատակով նախաձեռնել էինք «Ո՞վ է համաձայն, որ Շուշին դառնա համայն հայության կրթամշակութային մայրաքաղաք» համահայկական հանրաքվեն, որն արտահայտվում էր յուրաքանչյուր մասնակցի կողմից 500 դրամ փոխանցելով: Պտուղը դեռ չհասունացած՝ ուրիշները քաղեցին: Իսկ մեր գլխավոր նպատակը աշխարհի ողջ հայությանը կրկին Արցախի խնդրի շուրջը միավորելն էր: Ընդհանրապես, դրամահավաքների կազմակերպումը հայկական կազմակերպությունների կողմից անցկացվում է առանց հաշվի առնելու հասարակական կարծիքը, առանց համապատասխան աշխատանքներ տանելու այս ուղղությամբ: Դա է պատճառը, որ մասնակիցների թիվը խիստ պակաս է հնարավորությունից: Այս խախտումներից հետո Ե. Զախարյանը նոր պաշտոն ստացավ, իսկ հիմնադրամի տնօրենը նշանակվեց Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս:

Սա միայն մեկն է հարյուրավոր օրինակներից:

Այժմ «Շուշի» ԲՀ-ն նյութական ծանր կացություն է ապրում: Որոշ ծրագրեր արդեն սառեցվել են, հիմնադրամի կողմից վարձակալած սենյակը շուտով ստիպված կազատվի: Ո՞ւմ է սա ձեռնտու: Անտարբերությունը, անձնական շահի համատարած գերակայությունը հանրության շահի նկատմամբ՝ հասարակությանը կանգնեցնում է լուրջ կորուստների առաջ:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել