Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետի եղբոր գործը

Հունիս 04,2009 00:00

«Ջիլիզայի անտառտնտեսությունում» պակասում է 69 միլիոն դրամ

\"\"
Դատավոր Սուրեն Բաղդասարյանը
կորոշի նախկին մարզպետի եղբոր մեղքի ծանրությունը:

Ապրիլի 28-ին «Առավոտը» տեղեկացրել է, որ Հենրիկ Քոչինյանի Լոռու մարզպետ եղած տարիներին՝ մինչեւ 2006-ի դեկտեմբեր, նրա եղբայր Հովհաննեսը միանգամից երեք աշխատանք է ունեցել՝ «Ջիլիզայի անտառտնտեսություն» ընկերության տնօրեն, «Էրիկ-Էդիկ» եւ «Շնող» ընկերությունների ղեկավար: Իսկ 2007-ին պարզվել է, որ Հովհաննես Քոչինյանը իր ղեկավարած ընկերությունների միջեւ տարատեսակ գործարքներ է իրականացրել եւ արդյունքում պետական ընկերությունը՝ «Ջիլիզայի անտառտնտեսությունը» 26,970 միլիոն դրամ պակասորդ եւ 42 միլիոն դրամ դեբիտորական պարտք ունի: Նախկին մարզպետի նախկին անտառապետ եղբորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (Յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով: Պատիժը՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) եւ 314 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը: Պատիժը՝ տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով):

Հունիսի 2-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, շարունակվեց այս գործով դատական նիստը: Վկա՝ «Հայանտառ» ՊՌԱԿ-ի իրավական հարցերով խորհրդական Հայկ Մարգարյանը հայտարարեց, որ «Հայանտառի» տնօրենի հրամանով «Ջիլիզայի անտառտնտեսությունում» 2007 թվականի սեպտեմբերին ստուգումներ են անցկացվել եւ պարզվել է, որ «առկա է 26,970 միլիոն դրամի պակասորդ եւ 42 միլիոն դրամ դեբիտորական պարտքեր: Ստուգումներին մասնակցել է նաեւ Հովհաննես Քոչինյանը՝ սկզբից մինչեւ վերջ՝ բոլոր գործողություններին ներկա է եղել: Նույնիսկ տարբեր անտառտնտեսություններ ամբողջությամբ միասին նայել ենք, սակայն ստուգումների վերջնական արդյունքներով կազմված ակտի տակ, առանց հիմնավոր առարկություններ ներկայացնելու, Հովհաննես Քոչինյանը չի ստորագրել: Պարտքերը առաջացել են տարբեր հիմքերով: Մի մասը՝ Քոչինյանը տնտեսության դրամարկղից կանխիկ գումարներ է ստացել՝ 31 միլիոն դրամ, տարբեր ապրանքներ՝ բենզին, դիզվառելիք… գնելու նպատակով, սակայն դրանց պատշաճ ձեւակերպում չի տվել: Ապրանքների մի մասը, ասենք՝ բենզին, դիզվառելիք, ձեւակերպել են, սակայն գնման կարգը չի պահպանվել՝ որտեղից է գնել եւ այլն: Գնել է ավտոմեքենա, գնել է մեղվափեթակներ, բայց բոլոր տեղերում երեւում է, որ ինքը իրենից է գնել: Մեղվափեթակների կարիք անտառտնտեսությունը բացարձակապես չի ունեցել: Բացի դա, Քոչինյանը իր վերադասի՝ «Հայանտառ» ՊՌԱԿ-ի համաձայնությունը չի ունեցել, կարելի է ասել, որ ինքնագլուխ է դրանք ձեռք բերել: Իր պաշտոնավարության ընթացքում Հովհ. Քոչինյանը տարբեր կազմակերպությունների վառելափայտ եւ շինափայտ է տրամադրել եւ գումարները չի մուտքագրել տնտեսության բյուջե եւ մնացել են դեբիտորական պարտքեր՝ 42 միլիոն դրամ: Դրանց չնչին մասը՝ 2 միլիոն դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է Քոչինյանի կողմից, մնացածը առայսօր մնում է պարտք»,- դատարանին տեղեկացրեց Հայկ Մարգարյանը:

Հովհաննես Քոչինյանը իրեն մեղավոր է ճանաչել միայն վառելիքի յուրացման եւ փաստաթղթերի կեղծման մասով, իսկ դատաքննությունը կշարունակվի հունիսի 30-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել