Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿՆԱՂԲՅՈՒՐՈՒՄ «ՏՆԱՎԱՐԻ՞» ԵՆ ԿՐԹՈՒՄ

Հունիս 04,2009 00:00

Դպրոցի տնօրենը նախընտրում է պատռել լրագրողի նոթատետրը, քան պարզաբանումներ տալ

\"\"
Կռվարար տնօրենը դռների միջից ժպտալով՝
մեզ ճանապարհ դրեց:

Ակնաղբյուր գյուղի բնակչուհի Իրինա Մխիթարյանը փորձում է Շահերի պաշտպանության եւ աջակցության Իջեւանի կենտրոնի միջոցով վերականգնել իր ոտնահարված իրավունքները: Իրինան ավարտել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի բնագիտական բաժինը: 2008-2009 ուստարում աշխատել է գյուղի հիմնական դպրոցում՝ որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի: Ուսումնական տարվա սկզբին նրա եւ դպրոցի տնօրեն Էդիկ Թիրաբյանի միջեւ կնքվել է աշխատանքային պայմանագիր՝ մեկ տարի ժամկետով, սակայն այս տարվա մարտին դպրոցի տնօրենը նրանից պահանջել է աշխատանքային պայմանագրում «մեկ տարի» ձեւակերպումը փոխարինել «մեկ ուսումնական տարի» ձեւակերպումով:

«Մայիսի 20-ին տնօրենը պարտադրեց դիմում ներկայացնել եւ բանավոր հայտնեց, որ այդ դիմումը ձեւական բնույթ է կրելու: Դիմումը թվագրված էր մայիսի 31-ով»,- պատմում է Իրինան: Դրանից հետո Իրինան դպրոցի մանկավարժների զրույցից տեղեկացել է, որ տնօրենը չի ցանկանում երկարաձգել իր հետ աշխատանքային պայմանագիրը: Նա, իրեն խաբված զգալով, մայիսի 27-ին տնօրենից պահանջել է չեղյալ համարել իր դիմումը: Մայիսի 29-ին Իրինան հոր՝ Սեւանի հետ եղել է դպրոցում եւ դիմում գրել՝ ինքնակամ աշխատանքից ազատվելու դիմումը չեղյալ համարելու խնդրանքով, սակայն Էդիկ Թիրաբյանը հրաժարվել է ընդունել այն: Դրանից հետո ուսուցչուհին հարկադրված դիմել է Իջեւանի հակակոռուպցիոն կենտրոն: Էդիկ Թիրաբյանի պարզաբանումները լսելու մեր փորձը հաջող չէր: Վերջինս, երբ իմացավ, թե ինչ հարցով եմ եկել դպրոց, խիստ զայրացավ: «Դու իրավունք չունես իմ դպրոցում ստուգումներ կատարելու»,- սկսեց գոռգոռալ ամսական 200 հազար դրամ աշխատավարձ ստացող 59-ամյա տնօրենը, ով 33 տարվա մանկավարժական ստաժ ունի, որից 25 տարին՝ Ակնաղբյուրի դպրոցի տնօրենի պաշտոնում: Բազմափորձ մանկավարժին բացատրեցի, որ ստուգում չեմ անում, թշնամի չեմ, եկել եմ իր կարծիքը լսելու, որ հենց իր շահերից է բխում մեր զրույցի կայանալը: «Չէ, եթե եկել ես այստեղ, այդպիսի բաներ ես ասում, ուրեմն իմ թշնամին ես»,- անդրդվելի էր դպրոցի տնօրենը: Գոռգոռալուն զուգահեռ, նա պոկեց բլոկնոտիս էջը, ուր գրառումներ էի կատարել, պահանջեց անջատել ձայնագրիչը: Շուտով տնօրենը հեռախոսով «օգնության կանչեց» մեկին, որը, պարզվեց, տնօրենի կինն էր՝ նույն դպրոցի տարրական դասարանների դասվար Ռոզա Մկրտչյանը: Կնոջ ներկայությամբ տնօրենը հանդարտվեց, եւ մեր զրույցը կայացավ ավելի հանգիստ մթնոլորտում:

Էդիկ Թիրաբյանը մի պահ ժխտեց, ապա հաստատեց, որ սույն տարվա մարտին փոփոխել է Իրինա Մխիթարյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, ժամկետը՝ մեկ տարվա փոխարեն, դարձրել մեկ ուսումնական տարի, այսինքն՝ 9 ամիս: Պարոն Թիրաբյանը համարում է, որ ոչ մի հակաօրինական քայլ չի կատարել, որ աշխատանքային պայմանագրի փոփոխությանը եւ աշխատանքից ազատվելու դիմումին Իրինան համաձայն է եղել: Դպրոցի տնօրենը սա պատճառաբանեց նրանով, որ ուսուցչուհու համար աշխատանքային գրքույկում սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելը ավելի ցանկալի գրառում է, քան տնօրենի հրամանով ազատվելը: Սակայն ինչո՞ւ ուսուցչուհին պետք է համաձայներ աշխատանքային պայմանագրի ժամկետի կրճատմանը կամ առանց որեւէ պատճառաբանության աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելուն եւ հետո ստիպված բողոքեր: Էդիկ Թիրաբյանն ասաց, որ ոչ մասնագետ մի քանի այլ աշխատողի հետ եւս աշխատանքային պայմանագիրը անորոշ ժամանակով է կնքվել՝ պայմանով, որ մասնագետի առկայության դեպքում նրանք կփոխարինվեն մասնագետ մանկավարժով: Սակայն ոչ մեկի հետ աշխատանքային պայմանագիրը մեկ տարով չէր կնքված, բացառությամբ՝ Իրինա Մխիթարյանի: Վերջինիս մասին էլ տնօրենն ասաց, որ նա ինֆորմատիկայի լավ մասնագետ չէ, որ ինքը դասալսման ժամանակ տեսել է, թե նա ինչպես է դասը ուսուցանելիս նյութը կարդում դասագրքից: Տնօրենի վկայությամբ, նրա պատճառով փչացել է դպրոցի համակարգիչներից մեկը: Այդ դեպքում ինչո՞ւ են սեպտեմբերին Իրինային աշխատանքի ընդունել:

«Ոչ ոք իր մոր փորում մասնագետ չի ծնվում»,- ասաց Էդիկ Թիրաբյանը, հավելելով, որ ինֆորմատիկայի ուսուցչուհին տարվա ընթացքում պետք է վերապատրաստվեր, համակարգչային գիտելիքներ ձեռք բերեր: Տնօրենը հավաստեց, որ Իրինա Մխիթարյանին աշխատանքի է ընդունել Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանի հորդորով, ով նաեւ պատվիրել է մեկ տարվա պայմանագրով գործի ընդունել: Անցած ուսումնական տարվա սկզբին Իրինա Մխիթարյանը շաբաթական 4, ապա 3 ժամ ինֆորմատիկա է դասավանդել՝ ստանալով 12 հազար դրամ աշխատավարձ: Էդիկ Թիրաբյանի վկայությամբ, հնարավոր է, որ նոր ուսումնական տարվա սկզբից դպրոցի երկկոմպլեկտ դասարանների տրոհվելու արդյունքում կրթօջախում դասաժամերն ավելանան, եւ Իրինան նվազագույնը շաբաթական 8 դասաժամ ունենա:

Այս դպրոց այցելության ժամանակ բացահայտվեց, որ այստեղ գրեթե ամեն ինչ «տնավարի» է: 61 աշակերտ ունեցող կրթօջախում դասավանդում է 13 ուսուցիչ, որից բարձրագույն կրթություն ունի 9-ը, նրանցից մեկն էլ՝ ոչ մանկավարժական: Տնօրենի կնոջն արդեն հիշատակել եմ: Էդիկ Թիրաբյանից ստացված տեղեկություններով, Ակնաղբյուրի գյուղապետ Կարեն Դոլմազյանի քենին՝ Սոֆիա Բարսեղյանը, միջին մասնագիտական կրթությամբ (ավարտել է Իջեւանի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումը) աշխատում է մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ, մյուս քենին՝ Ծովինար Սարգսյանը, որ դասվար է աշխատում, Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանի սան է: Գյուղապետի կինը՝ Իրինա Բարսեղյանը, մանկավարժական կրթություն չունի, պոլիտեխնիկական բուհ է ավարտել, սակայն աշխատում է որպես տարրական դասարանի դասվար: Եվ, վերջապես, գյուղապետի մայրը՝ Ռիտա Մխիթարյանը, թեեւ բարձրագույն կրթությամբ մանկավարժ է, սակայն վաղուց թոշակի տարիքի է՝ 69 տարեկան: Էդիկ Թիրաբյանը պնդում է, թե վերջինս քիմիա եւ կենսաբանություն առարկաների միակ մասնագետն է դպրոցում: Դպրոցի տնօրենի սանիկը՝ Մհեր Պետրոսյանը, միջին մասնագիտական կրթություն ունի (ավարտել է ՌԴ Տագանրոգի քոլեջի Իջեւանի մասնաճյուղը)՝ ֆիզկուլտուրա եւ նախնական զինվորական պատրաստություն է դասավանդում: Սանիկ Մհերի կինը՝ սանուհի Թեհմինե Պետրոսյանն էլ կես դրույքով դպրոցի տնտեսվար է աշխատում: Արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը մարզի համար մանկավարժական կադրեր է պատրաստում, մարզկենտրոն Իջեւանում էլ անգործ մանկավարժներ կան, սակայն, ինչպես երեւում է, Ակնաղբյուրի դպրոցում աշխատանքի տեղավորելիս կամ ազատելիս այլ չափանիշներ են գործում: Եվ այս ամենը մարզի ինչ-որ մի հեռավոր գյուղի դպրոցում չի կատարվում, այլ՝ Իջեւանից հազիվ 10 կիլոմետր հեռավորությամբ, մարզպետարանի կրթության վարչության աչքի առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել