Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ «ԱՐՏԱՇԻՐԻՄՈՒՄ»

Հունիս 04,2009 00:00

Բաց փորձաքննությունը բացեց ընտրությունների իրական դեմքը

\"\"
Փորձագետները դեռ աշխատում են:

\"\"
«Կասկածյալը»՝ հատակին:

Ինչպես «Առավոտում» տեղեկացրել ենք, մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հունիսի 1-ին ձերբակալվել էին Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքի 05 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Նորայր Եղիազարյանը եւ նույն տեղամասի ընտրող Արմեն Օհանյանը:

Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության, նրանք կասկածվում են քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Հունիսի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով:

Երեկ Հատուկ քննչական ծառայության քննիչներ Դավիթ Հարությունյանը եւ Վաղինակ Մկրտչյանը, ովքեր իրականացնում են այդ խայտառակ տարածքի ընտրական հանձնաժողովի անդամի եւ տեղամասի ընտրողի նկատմամբ հարուցված քրգործի վարույթը, հրավիրել էին լրագրողներին, դիտորդներին, շահագրգիռ անձանց՝ քվեապարկի բացմանն ու փորձաքննությանը: «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի կողքին եվրոպացի մի դիտորդ կար, որը փորձաքննության ժամանակ ցանկություն հայտնեց տեսնել, «շոշափել» մեկ վավեր թերթիկ: Նա կասկածում էր, թե այդ թերթիկը կլինի պատճենված: Ի դեպ, քրեական գործի հարուցման շարժառիթը 15 պատճենված քվեաթերթիկների լցոնումն է եղել: Սակայն 15 քվեաթերթիկի փոխարեն փորձաքննության մասնակիցներս ականատես եղանք տեսանելի խախտումների, որը կանխատեսումների տեղիք է տալիս մեզ: Այն է՝ այս ընտրատեղամասում ընտրություններն անվավեր կհամարվեն:

Փորձագիտական կենտրոնի 2 փորձագետներից բացի, քվեապարկը հետազոտում էին ԿԸՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սեւակ Հովհաննիսյանը, թիվ 10 տարածքի հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը, նույն հանձնաժողովի քարտուղար Նորիկ Երանյանը: Առաջին խախտումը, որ նրանք բարձրաձայն հաղորդեցին՝ քվեաթերթիկներով պարկի բացված լինելն էր: Իհարկե, դրանից հետո փորձագետները լռեցին, որովհետեւ նրանց պատասխանը լինելու է եզրակացության տեսքով եւ գրավոր: Ակամա ընթերակա դարձած լրագրողներս արձանագրեցինք, որ տեղամասային արձանագրությունները չկային: Կար պարկի մեջ մի փաթեթ, որը պետք է ստորագրած լինեին 3 հանձնաժողովական, մինչդեռ մեկի ստորագրությունն էր: Փորձագետները կխոսեն մի քանի օր հետո, նրանք թվեր չէին տալիս, աշխատում էին, ինչպես կարող էին աշխատել փորձագիտական կենտրոնում:

Ստուգման ենթարկվող քվեաթերթիկները գերազանցապես Հանրապետական կուսակցության օգտին «պատրաստված» թերթիկներն էին: Տպավորությունն այնպիսին էր, որ այս տարածքում գործել են «հաստիքային լցոնողներ»՝ «Առաջ, Հայաստան» կարգախոսով: Կային փաթեթներ, որոնք կնքված չէին եւ այդպես էլ դրվել էին այլեւս առգրավված քվեաթերթիկների պարկի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել