Պարարտանյութի փողը կանխավ վերցնելով, այս ընկերությունը 3 ամիս է՝ ապրանքի մատակարարումը ձգձգում է:
Լոռու, Շիրակի ու Արարատյան դաշտավայրի գյուղացիները որքան էլ դժգոհ են «Դվին հոլդինգի» մատուցած ծառայությունից, այդուհանդերձ, ստիպված են պարարտանյութը նրանից գնել: Քանի որ, գյուղացիների խոսքերով, վերջինս այս դաշտում «մոնոպոլիստ» է: Վրաստանով պարարտանյութ ներկրելու մենաշնորհը վերապահված է միայն «Դվին հոլդինգին»: Նշենք, որ պարարտանյութ է ներկրվում նաեւ Իրանից, սակայն շատ քիչ քանակությամբ, եւ գյուղացիները հիմնականում գնում են «Դվին հոլդինգից»: Թե ով է այս ընկերության տանիքը, գյուղացիներին քիչ է հետաքրքրում, նրանք մտահոգված են, որ պարարտանյութը ժամանակին իրենց հատկացնեն: Փաստն այն է, որ այսօր «Դվին հոլդինգը» գյուղացիներին փաստի առաջ է կանգնեցրել: Պարարտանյութ մատակարարող ընկերությունը, պայմանագիր կնքելով Շիրակի մարզպետարանի գյուղվարչության հետ ու Շիրակի մարզի բոլոր գյուղերից համապատասխան գումարները կանխավ ստանալով, տեղ է հասցրել պարարտանյութի ընդամենը 40%-ը: Իսկ սա լուրջ անհանգստության տեղիք է տվել. գյուղացին ուշացրել է հացահատիկի ցանքատարածությունների սնուցման գործը, շուտով սկսվելու է կարտոֆիլի ցանքատարածքները մշակելու ու սնուցելու սեզոնը, սակայն պարարտանյութը դեռ տեղ չի հասել:
Երեկ «Առավոտին» էր դիմել Շիրակի մարզի ամենամեծ ու բերքառատ համայնքի՝ Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը, դժգոհելով, որ «Դվին հոլդինգի» փողն իրենք վճարել են դեռեւս 2009-ի մարտի 9-ին՝ մոտավորապես 240 տոննայի արժեք՝ 28 միլիոն դրամ, սակայն այս ընկերությունը, խախտելով պայմանագիրը, մեկամսյա ժամկետում պարարտանյութը սպառողին չի հասցրել:
«Սկզբում պատճառաբանում էին Վրաստանի քաղաքական խառը իրավիճակը, որ երկաթուղու ճանապարհները փակ են, չեն վստահում, կարող է ճանապարհին կորչի բեռը, իսկ հանդարտվելուց հետո խոստանում էին՝ վաղը, մյուս օրը, էգուց բերել, եւ մեզ բերեցին-հասցրեցին էս օրը: Պարարտանյութ չլինելու դեպքում բերքի խիստ անկում է սպասվում, էլ չեմ ասում՝ անորակ բերք է ստացվում, առանց այն էլ հողերը սննդազուրկ են, տարիներ շարունակ կալորիականություն պարունակող պարարտանյութերով չեն պարարտացվել, էսօր ժողովրդի հույսը մենակ մնացել է ազոտական պարարտանյութը, որը շատերի համար անհասանելի է՝ շուկայում արժի մոտավորապես 9 հազար դրամ: Իսկ գյուղատնտեսական մթերքի շուկայական գները բոլորիս են հայտնի, եթե էդ արժեքով գյուղացին պարարտանյութ ձեռք բերի, բնականաբար, իր տնտեսության հաշվարկների մեջ տուժելու է»,- ասաց գյուղապետը: «Առավոտը» հետաքրքրվեց, թե պարարտանյութ չլինելու պատճառով գյուղատնտեսական ապրանքների թանկացում կլինի՞ մարզում: Ըստ գյուղապետի, «Դվին հոլդինգի» հասցրած վնասի հետեւանքով մարզում կսկսվի գյուղատնտեսական ապրանքների դեֆիցիտ, ապրանքը անորակ կլինի, չի իրացվի, եւ բերքի քանակը շատ քիչ կլինի, որը չի փակի անգամ գյուղացու ծախսերը: Ազատանը «Դվին հոլդինգի» գործելաոճից ամենաշատն է տուժել, մարզ ներկրվող պարարտանյութի 40%-ի գումարը վճարել է հենց այս գյուղը. այն Շիրակի մարզի գյուղատնտեսության «կորիզն» է: Ազատանցիներին նաեւ տեղեկություններ են հասել, որ դեռեւս անցած տարիներից «Դվին հոլդինգը» չի կարողացել լիարժեք վճարել իր ներկրած ապրանքի դիմաց, ուստիեւ խնդիրներ է ունեցել վրացի գործարարների հետ: Շիրակի գյուղապետերը բողոք-նամակ են ուղղել երկրի նախագահին, վարչապետին, որոնց բողոքով դիմել են նաեւ մյուս մարզերի գյուղապետերը: Իսկ թե ինչո՞ւ չեն դիմում դատախազություն, պարոն Իկիլիկյանի խոսքերով, հարցը դրան չի հասել, փորձում են «Դվին հոլդինգի» վրա ազդել վերին ատյանների միջոցով:
Այս հարցի շուրջ «Առավոտը» պատրաստ է լսել նաեւ «Դվին հոլդինգի» նախագահ Ռաֆիկ Սարգսյանի պարզաբանումները: