Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԱՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՆ ԶԱՎԹՈՒՄ

Հունիս 04,2009 00:00

Մայրաքաղաքը կանաչ քաղաք դարձնելու՝ քաղաքական ուժերի խոստումները դժվար էլ իրականանան

\"\"
Կանաչ տարածքների հաշվին՝ «Տրիումֆը» անընդհատ ընդլայնվում է:

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունների քարոզչության ընթացքում ամենից հաճախ հնչած խոստումներից մեկը մայրաքաղաքը կանաչ քաղաք դարձնելու խոստումն էր, թեեւ ավելի ճիշտ կլիներ ասել ոչ թե դարձնելու, այլ՝ վերադարձնելու:

Ժամանակին Ալ. Թամանյանի կողմից քաղաք-պարտեզի սկզբունքով նախագծված Երեւանը հավակնում էր դառնալ տարածաշրջանի ամենականաչ քաղաքներից մեկը, սակայն 70-ականներին արված թամանյանական հայեցակարգից շեղումներն ու ավելի ուշ՝ 90-ականների պատերազմական տարիներից սկսած կանաչ տարածքների համատարած ոչնչացումը փոխեցին մայրաքաղաքի բնապահպանական իրավիճակը: Երեւանի կանաչազերծման գործընթացն անարգել շարունակվեց նաեւ հետագայում, երբ մայրաքաղաքի կենտրոնի գրեթե բոլոր կանաչ տարածքները տրվեցին երկարաժամկետ՝ երբեմն մինչեւ 99 տարով վարձակալության եւ բարեկարգման անվան տակ կառուցապատվեցին: Ու չնայած այն հանգամանքին, որ հետագա տարիներին յուրաքանչյուր նոր քաղաքապետ իր գործունեությունը սկսում էր կանաչ տարածքների պահպանության խոստումներով եւ հավաստիացնելով, որ իր օրոք կանաչ տարածքների կառուցապատման որեւէ նոր թույլտվություն չի լինի, երեւանցիները շարունակում են ականատես լինել քաղաքի առանց այդ էլ բզկտված կանաչ գոտու նորանոր զավթումների ու կառուցապատումների, որոնց մասին բոլոր հարցադրումներին, որպես կանոն, տրվում է հետեւյալ պատասխանը. այդ որոշումը տրվել է նախորդ քաղաքապետի օրոք:

Կանաչ տարածքի վայրենի կառուցապատման թերեւս ամենացայտուն օրինակը Օղակաձեւ զբոսայգին է, որտեղ մեկը մյուսին կպած սրճարանների թիվը, որքան էլ անհավանական է, սակայն դեռ շարունակում է աճել: Ժամանակին Երեւանի ներկայիս գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, նշանակվելով այդ պաշտոնին, ինքնավստահ հայտարարեց, որ Օղակաձեւ զբոսայգում տեղակայված «Հին Հռոմ» սրճարանի դեպքում 7 կետով խախտված է հաստատված նախագիծը եւ խոստացավ 1 ամսվա ընթացքում այդ խախտումները վերացնել: Խախտումները ոչ միայն չվերացան, այլեւ այսօր «Հին Հռոմի» 2 կողմում ծավալված կառուցապատման կողքին այն, կարելի է ասել, ուղղակի թեթեւ շինություն է: Անցած 2 տարվա ընթացքում նոր սրճարաններ կառուցվեցին Կամերային երաժշտության տան հարեւանությամբ, «Երիտասարդական» մետրոյի հետնամասում, թենիսի կորտերի կողքին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց, հսկայածավալ շինարարություն է իրականացվում Օղակաձեւ զբոսայգու նախկին լողավազանի տարածքում եւ այլն: Ընդ որում, նշված գրեթե բոլոր սրճարանների եւ կառույցների տերերը Երեւանի ավագանու ընտրություններում հաղթած Հայաստանի հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների անդամներն ու համակիրներն են, որոնց նախընտրական ծրագրերի մի զգալի մասը նվիրված է մայրաքաղաքի կանաչ տարածքների վերականգնմանն ու ընդլայնմանը: Ուստի, հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես են քաղաքային նորընտիր իշխանությունները սկսում իրենց իսկ կողմից ոչնչացված եւ կառուցապատված կանաչ տարածքների վերականգնումն ու ընդլայնումը:

Իսկ առայժմ վերականգնվում եւ ընդլայնվում են ՀՀԿ եւ ԲՀԿ անդամների եւ նրանց համակիրների օբյեկտները: Մասնավորապես, բոլորին հայտնի «Տրիումֆ» սրճարանը, որը կառուցվեց նախկին հանրային զուգարանի տեղում, այսօր ընդլայնվել է այնքան, որ վերաճել է երկհարկանի կառույցի եւ գրավել ողջ շրջակա կանաչ տարածքը: Այդ սրճարանի տերերը պարբերաբար վերանորոգում են կառույցը՝ արդյունքում հերթական կես մետրը զավթելով զբոսայգուց: «Տրիումֆի» շրջակայքում մշտապես թափված շինարարական աղբի պատճառով անհնար է դարձել զբոսայգու հարակից արահետով քայլելը, իսկ երկար տարիների ընթացքում առաջին անգամ հարեւան «Առագաստ» սրճարանի հիմնանորոգումը պատճառ է դարձել, որ «Տրիումֆի» տերերը ձեռնարկեն հերթական ընդլայնումը՝ ի հաշիվ կանաչ տարածքների: Ընդ որում, մեզ հետ զրույցում սրճարանի տեր ներկայացած անձնավորությունը նախ փորձեց մեզ դասախոսություն կարդալ, թե ինչպես չի կարելի փող աշխատել եւ մարդկանց վատություն անել, ապա հայտարարեց, որ «Տրիումֆը» իր «սեփականությունն է, իր տունը», եւ մենք իրավունք չունենք լուսանկարել, թե ինչպես են իրենք զավթում այգու հերթական հատվածը: Մայրաքաղաքն այլեւս ունի նոր ղեկավարություն, որը խոստացել է Երեւանը դարձնել կանաչ քաղաք: Երեւանցիներն էլ, կարծես թե, հավատացել են: Մնում է մնացածը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել