ԱՊՀ երկրներում կաշառք տվողների քանակությամբ առաջին տեղը զբաղեցնում է Ադրբեջանը, իսկ երկրորդը՝ Հայաստանը: Ադրբեջանում կաշառք տվողները կազմում են բնակչության 46%-ը, իսկ մեր երկրում՝ 43%-ը, Վրաստանում այս ցուցանիշը ընդամենը 2% է: Այս տվյալները պարզվել են «Թրանսփարենսի Ինտերնեյշնլի» ուսումնասիրությունների արդյունքում:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ վերջին 12 ամսվա ընթացքում աշխարհում 10 հարցվողներից մեկը հայտնել է, որ ինքը կամ իր ընտանիքի անդամներից մեկը կաշառք է տվել: Հարցման ենթարկված երկրների մեծ մասը, որպես ամենակոռումպացված ոլորտ, նշել է մասնավոր հատվածը, իսկ բոլոր հարցվողները մատնանշել են ոստիկանության համակարգը՝ որպես ամենակաշառակեր հաստատություն: Կոռումպացվածության աստիճանով 2-րդ տեղում են պաշտոնյաներն ու քաղծառայողները, իսկ 3-րդ տեղում՝ խորհրդարանը: Նախորդ տարվա ընթացքում ոստիկանության հետ առնչություն ունեցող 4 քաղաքացիներից մեկը կաշառք է վճարել:
«Թրանսփարենսի Ինտերնեյշնլը» հետաքրքրվել է նաեւ, թե հասարակությունը, ընդհանուր առմամբ, ինչպես է գնահատում կոռուպցիայի դեմ պայքարելու կառավարության ջանքերը: Հարցվածների 56%-ը այդ ուղղությամբ կառավարության ջանքերը գնահատել է ոչ արդյունավետ: Հարցին դրական պատասխան է տվել Հայաստանի բնակչության 38%-ը:
Հարցումն անց է կացվել աշխարհի 69 երկրների ավելի քան 73 հազար մարդկանց շրջանում՝ 2008-ի հոկտեմբերից 2009-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում։
Հայաստանից բացի, մանր կաշառակերությամբ աչքի ընկնող երկրների խմբում ընդգրկվել են Ադրբեջանը, Կամբոջան, Կամերունը, Իրաքն ու Ուգանդան։ Մեր երկիրը հայտնվել է նաեւ այն երկրների խմբում, որտեղ հարցվածների մոտ 64%-ը պնդել է, թե պատրաստ է վճարել ավելին՝ առանց կոռուպցիայի աշխատող ընկերություններից ապրանքներ ու ծառայություններ ձեռք բերելու համար։