Լրահոս
Օրվա լրահոսը

«Տոտալիտար մեթոդներով»

Հունիս 04,2009 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններում, ինչպես նաեւ նախընթաց նախընտրական ժամանակաշրջանում Հայաստանում կատարվել է աննախադեպ ընտրական զեղծարարություն։ Դրան մասնակցել են ոչ միայն իշխող կոալիցիայի կուսակցությունները՝ ավանդական դարձած մեթոդներով, այլեւ ամբողջատիրական (տոտալիտար) մեթոդներով դրան է ծառայեցվել ողջ պետական համակարգը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եւ համակարգմամբ: Օգտագործվել են հատկապես հանրության խոցելի խավերը։ Պաշտպանության նախարարությունն ապահովել է զինվորների եւ այլ զինծառայողների ապօրինի քվեարկությունը, ինչի մասին կան արձանագրումներ եւ հրապարակումներ։ Քվեարկությանը մասնակցելու նպատակով ՊՆ գաղտնի հրահանգով նրանց զանգվածաբար ապօրինի արձակուրդներ են տրամադրվել, մասնավորապես շեշտելով, որ դա արվում է նաեւ զինվորների եւ այլ ծառայողների ընտանիքների անդամների, բարեկամների եւ համակիրների վրա ներազդելու, ցանկալի քվեարկության հասնելու նպատակով: Փաստորեն զինծառայողներն օգտագործվել են որպես պատանդներ՝ նրանց մերձավորների վրա ազդելու նպատակով: Հիվանդանոցների եւ հանրակրթական դպրոցների ղեկավարներին հանձնարարվել է պատրաստել իշխանությունների թեկնածուի օգտին քվեարկողների, այսպես կոչված, 100 տոկոսանոց ցուցակներ, որոնք օգտագործվել են քվեարկության օրը։ Չնայած մինչ այդ մամուլում այդ մասին բազմաթիվ հաղորդումներին, դրանց հանցավոր կերպով չեն արձագանքել ոչ դատախազությունը, ոչ ոստիկանությունը: Պետական տարատեսակ մարմիններին, մասնավորապես՝ համապատասխան նախարարություններին եւ կենսաթոշակային հիմնադրամին, ինչպես նաեւ համատիրություններին իջեցված հրամաններով նախապես կազմվել են սոցիալապես անապահով մարդկանց ցուցակները, որոնցով առաջնորդվել են ընտրակաշառք բաժանողները: Մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների վրա դրվել են տուգանքներ, ապա դրանք հանվել են՝ որոշակի քվեարկության խոստման դիմաց։

Ոստիկանության եւ թաղային հեղինակությունների, կրիմինալ հակումներ ունեցողների միջոցով ճշտվել են տարատեսակ խնդիրներ ունեցող ընդդիմության համակիրները, նրանց ահաբեկել են՝ չմասնակցել ընտրություններին: Ընդհուպ՝ զանգվածաբար ժամանակավորապես առգրավել են նրանց անձնագրերը՝ ընտրություններում նրանց մասնակցությունը բացառելու նպատակով: Ընտրական ցուցակները պարունակել են բազմաթիվ կեղծիքներ, մասնավորապես՝ գոյություն չունեցող շենքեր եւ տներ՝ անհայտ բնակիչներով, մեկ տանը մի քանի տասնյակ անհայտ մարդկանց գրանցում, մեռած հոգիներ, Երեւանում հաշվառում չունեցող անձինք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել