Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական շուկաների զարգացումների բացասական ազդեցությունը դրսեւորվել է՝ սկսած 2008-ի 4-րդ եռամսյակից: Հայաստանի բանկային համակարգը, չունենալով կարճաժամկետ պարտավորությունների գծով միջազգային ֆինանսական շուկաներից կախվածություն, կարողացել է զերծ մնալ 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունից: Այս մասին ասվում է երեկ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված «Ֆինանսական կայունության հաշվետվության» մեջ:
Ըստ ԿԲ-ի՝ 2008-ին հայաստանյան տնտեսության իրական հատված ներթափանցած խնդիրները եւ կապիտալ ներհոսքի դանդաղումը բացասական անդրադարձ են ունեցել ՀՀ բանկային համակարգի զարգացման վրա՝ հիմնականում վարկավորման աճի տեմպերի դանդաղման դրսեւորմամբ: Նավթամթերքի եւ առաջնային սպառման ապրանքների համաշխարհային գների նվազումը ստեղծել է գնանկումային միջավայր, իսկ հումքային ապրանքների, մետաղների գների անկումը բացասաբար է անդրադարձել այդ ոլորտների զարգացման հեռանկարների վրա:
Ռուսաստանի Դաշնության 2009-ի զարգացումների վերաբերյալ տարբեր կանխատեսումները հիմնականում տնտեսական անկման ուղղությամբ են, որի պարագայում Հայաստանի բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների ծավալները կարող են նվազել: Ըստ ԿԲ-ի, հնարավոր է նաեւ ՌԴ-ի հետ արտաքին առեւտրի ծավալների եւ տնտեսական համագործակցության հետագա կրճատում:
Հաշվետվության մեջ ասվում է նաեւ, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունն արտացոլվել է նաեւ Հայաստանի արտաքին առեւտրի ծավալների վրա: Միջազգային գների նվազման եւ Հայաստանից արտահանվող որոշ ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի անկման պարագայում գրանցվել է արտահանման եւ ներմուծման աճի տեմպերի կրճատում:
ԿԲ-ն նշել է նաեւ, որ Հայաստանի բանկային համակարգի միջոցով ստացված բնակչության դրամական փոխանցումների 89,6%-ը ստացվել է Ռուսաստանի Դաշնությունում ապրող եւ աշխատող հայազգի քաղաքացիներից: Ստացված տրանսֆերտները եւ գործոնային եկամուտները հիմնականում ուղղվում են ընթացիկ սպառողական ծախսերին, ինչպես նաեւ մասնավոր շինարարության ֆինանսավորմանը: