Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՏ ԾԱԽՍՈՂՆԵՐԸ ՇԱՏ ՁԱՅՆ ԵՆ ՀԱՎԱՔԵԼ

Հունիս 04,2009 00:00

Նախընտրական շրջանում որոշ կուսակցություններ միլիոններ են վատնել հեռուստաեթերների ու գովազդային վահանակների վրա,

իսկ որոշներն էլ՝ անգամ 100 դրամ չեն ծախսել:

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում կուսակցություններից ամենաշատ ծախսը կատարել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ մոտ 44,5 միլիոն դրամ: Նրանց հիմնադրամ մուտք է արվել մոտ 46 միլիոն դրամ, որի մեծ մասը ՀՀԿ-ն ծախսել է հեռուստաեթերի վրա՝ օգտվելով բոլոր հեռուստաընկերությունների եթերից: ՀՀԿ-ի գործերի կառավարիչ Արմեն Ազատյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ Հանրային հեռուստատեսության վճարովի հեռուստաեթերի համար իրենք ծախսել են 4 միլիոն դրամ, «Արմենիա», «ԱրմՆյուզ» եւ «TV5» հեռուստաընկերություններին վճարել են 8 միլիոն 755 հազար դրամ, «հ2»-ին վճարել են 5 միլիոն 400 հազար դրամ, «Շանթին»՝ 5 միլիոն 400 հազար, «Կենտրոնին»՝ 3 միլիոն 360 հազար, «ԱԼՄ»-ին՝ 1 միլիոն 650 հազար եւ «Երկիր մեդիային»՝ 1 միլիոն 600 հազար: Ա. Ազատյանի ներկայացմամբ, բազմաբնակարան շենքերի վերելակներում իրենց պաստառները տեղադրելու համար ծախսվել է 525 հազար դրամ, ծրագրերի, բուկլետների, թերթիկների եւ այլ պաստառների համար՝ 5 միլիոն 500 հազարից մի փոքր ավելի: Ինտերնետային առաջխաղացման, այսինքն՝ բլոգերում ակտիվություն մտցնելու համար կուսակցությունը ծախսել է 300 հազար դրամ: «Քեզ համար, Երեւան» CD-ն թողարկելն էլ արժեցել է մոտ 215 հազար դրամ: Կուսակցության հիմնադրամի հաշվին մնացել է 1 միլիոն 500 հազար դրամ, որն էլ նրանք պետք է վճարեն նախօրոք ձեռք բերված ՀՀԿ-ական կրծքանշանների համար:

Ծախսերի մեծությամբ երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Չնայած ԲՀԿ-ն հիմնադրամում ունեցել է 44 միլիոն 823 հազար դրամ, սակայն գումարները խնայողաբար է ծախսել՝ ընդամենը 34,5 միլիոն դրամ: Թե ինչի վրա է ծախսվել այդքան գումարը, մեզ հետ զրույցում կուսակցության մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը չհստակեցրեց, միայն ասաց, որ «որոշ հեռուստաընկերություններից հաշիվ-ֆակտուրաները դեռեւս չեն ստացվել»: Բ. Մհերյանի ներկայացմամբ, հաշվետվությունները պատրաստ կլինեն մինչեւ հունիսի 6-ը:

«Հայ հեղափոխական դաշնակցությունից» «Առավոտին» փոխանցեցին, որ նախընտրական շրջանում իրենք ծախսել են 19 միլիոն 26 հազար դրամ, որի մեծ մասը դարձյալ ծախսվել է հեռուստաեթերի վրա: Կուսակցության մամուլի քարտուղար Արեգ Սավգուլյանի տեղեկացմամբ, ՀՅԴ-ն մոտ 12 միլիոն դրամ վճարել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը, իսկ 5 միլիոն 280 հազար էլ՝ «ԱՐ»-ին:

Պաստառների պատրաստման համար կուսակցությունը ծախսել է 1 միլիոն դրամ: Երեւանի կանգառներում տեղակայված գովազդային վահանակները ՀՅԴ-ի լոգոտիպով եւ կարգախոսով զարդարելու համար՝ կուսակցությունը «Գայարտ» ընկերությանը վճարել է 100 հազար դրամ: 45 հազար դրամ ծախսվել է շապիկների վրա կուսակցության լոգոն տպելու համար: Հաղթանակի զբոսայգում «Ուրախ ժամանց» միջոցառման տեխնիկան վարձակալելը ՀՅԴ-ի համար արժեցել է 50 հազար դրամ: Տպագրական ծախսերի համար պահանջվել է 135 հազար դրամ: Կուսակցության հիմնադրամում մնացել է ընդամենը 1000 դրամ: Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում ՀՅԴ-ի հիմնադրամի մուտքերն ու ելքերն այլ թվերով են ներկայացված: Ըստ այդմ, մայիսի 25-ի դրությամբ նրանք ունեցել են 11 միլիոն դրամ, սակայն ծախսել են 9 միլիոն 929 հազար դրամը: Ստացվում է, որ կուսակցությունը հիմնական ծախսերը կատարել է քարոզարշավի վերջին 4 օրերի ընթացքում:

Ժողովրդական կուսակցության տվյալները եւս տարբերվում են ԿԸՀ-ի կայքի տվյալներից: Ըստ ԺԿ-ի՝ իրենք ծախսել են 1 մլն 922 հազար 167 դրամ, իսկ ԿԸՀ-ի տվյալներով այդ թիվը մի քանի հարյուր հազարով պակաս է՝ 1 մլն 686 հազար 667 դրամ: Կուսակցությունից «Առավոտին» տեղեկացրին, որ 120 հազար դրամ ծախսվել է բուկլետների տպագրման համար, իսկ մնացած ծախսերը պահանջվել են հեռուստաեթերի համար: Ուշագրավ է, որ ԺԿ ղեկավար Տիգրան Կարապետյանն օգտվել է իր իսկ հեռուստատեսության վճարովի եթերից: Նա արձակուրդ է վերցրել եւ մեկ ամսվա ընթացքում 2 անգամ օգտվել է «ԱԼՄ»-ի եթերից՝ սեփական բյուջեն հարստացնելով ընդհանուր առմամբ 1 մլն 800 հազար դրամով:

«Օրինաց երկիր» կուսակցությունը նախընտրական հիմնադրամում ունեցել է 40 միլիոն 50 հազար դրամ, որը գրեթե ամբողջությամբ սպառվել է: Հիմնադրամի հաշվին մնացել է ընդամենը 300 դրամ: Գումարը ծախսվել է հեռուստաեթերում, տպագիր մամուլում եղած գովազդների, ինչպես նաեւ մայրաքաղաքի փողոցներում տեղակայված պաստառների տեղադրման համար: Կուսակցության ղեկավարի խորհրդական Վարուժան Բոլորչյանը տեղեկացրեց նաեւ, որ քարոզարշավի շրջանակներում վարձակալվել են դահլիճներ, բացի այդ, գումարներ են տրամադրել նաեւ վառելիք գնելու համար:

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» ղեկավար Մովսես Շահվերդյանի հավաստմամբ էլ, նախընտրական շրջանում իրենք «ոչ մի կոպեկ ծախս չեն արել, հիմնադրամում էլ փող չեն ունեցել»:

Հայ ազգային կոնգրեսի տեղեկացմամբ՝ հիմնադրամում ունեցել են 8 միլիոն 285 հազար դրամ, որից մնացել է ընդամենը 62 հազար 500-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել