Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏ ԷԻՆՔ ԱՇԽԱՏԵԼ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՎՐԱ

Հունիս 04,2009 00:00

\"\"Ասում է Փորձագետների փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը

– ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը երեկ հայտարարել է. «Փաստահավաք խմբի անդամները, ցավոք սրտի, չկարողացան ձերբազատվել իրենց քաղաքական օրակարգից եւ գործել որպես իրապես անկախ փորձագետներ, հանգամանք՝ առանց որի ինքնին խնդրահարույց է դառնում փաստահավաք խմբի գոյությունը, ինչն էլ իր հերթին բերեց խմբի ներսում ստեղծված ներկա մթնոլորտին եւ, ըստ էության, խմբի գործունեության ձախողմանը»: Համաձա՞յն եք այս գնահատականին:

– Կարծում եմ, որ մայիսի 4-ից սկսված գործընթացի նպատակն այս հայտարարությունն էր: Եվ ցավում եմ, որ այս կազմակերպված գործընթացի սկիզբը դրվեց ՄԻՊ-ի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանի միջոցով:

Ես բացարձա՛կ համաձայն չեմ խոսնակի այդ գնահատականին, քանի որ իր գործունեության ընթացքում փաստահավաքը՝ մինչեւ խմբի որոշ անդամների արձակուրդ գնալը, գործել է որպես անկախ փորձագետների խումբ: Հետագա կազմակերպված բնույթի գործընթացներից հետո հնարավորություն չի տրվել, որ փաստահավաք խումբն իրագործի իր առջեւ դրված խնդիրների լուծման շարունակականությունը: Ընդգծում եմ, որ այն ամենը, ինչ տեսնում էինք վերջին մի քանի օրերին՝ միտված էին այս եզրահանգումը հնչեցնելու համար: Կարծում եմ, եթե քաղաքական օրակարգ եղել էլ է՝ դա չի եղել ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Ես ու Սեդա Սաֆարյանը մինչեւ վերջին պահն էլ աշխատել ու մեզ պահել ենք իբրեւ անկախ փորձագետներ:

– Այնուամենայնիվ, փաստահավաք խմբի հրաժարական տված անդամների պարզաբանումներից ստացվում է, թե դուք բոլորին անձնական վիրավորանքներ էիք հասցնում: Խմբի նախկին անդամ Ռոբերտ Ավագյանն անգամ հայտարարեց, թե ինքը ձեզ իր «Մարդու իրավունքներ» գիրքն էր նվիրում, իսկ դուք ասում էիք՝ «Արա, էդ քու գրածը ձկների մասին չի՞»: Իրո՞ք խմբում նման լարված ու անհանդուրժողական մթնոլորտ էր:

– Ինքը՝ պրն Ավագյանը, խմբի մթնոլորտի մասին խոսել է այն բանից հետո, երբ անդրադարձել է զեկույցն ուղարկելուց հետո ստեղծված իրավիճակին: Մինչ այդ՝ ըստ նրա, մենք բոլորս իրար հետ շատ լավ ենք եղել, մթնոլորտը շատ աշխատանքային էր: Եղել են սուր բանավեճեր, բայց ոչ անձնական վիրավորանքներ: Մի անգամ, այո՛, բորբոքված վիճակում չեմ դիմացել եւ ասել եմ՝ պրն Ավագյան, ես ցավ եմ ապրում, որ դուք ձկների մասին ավելի լավ պատկերացում ունեք, քան զոհված մարդկանց: Բան չունեմ ասելու՝ դրանից կարող է վիրավորված լինել: Բայց պարզապես չեմ կարողացել չպոռթկալ, քանի որ իրոք այդպես եմ տեսել, որ նա ավելի սրտացավ է ձկների, քան մարդկանց ճակատագրով: Իմ կարծիքով, 7 ամիս փաստահավաք խումբն աշխատել է շատ լարված: Եվ այս ողջ գործընթացը սկսվեց այն բանից հետո, երբ խումբը, Սամվել Նիկոյանի հրապարակային պահանջից հետո, ուղարկեց առաջին զեկույցն ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին: Դրանից հետո սկսվեցին անհասկանալի գործընթացներ:

– Ի դեպ, նաեւ Մարդու իրավունքների պաշտպանն էր հայտարարել, թե ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը փաստահավաք խումբն օգտագործեցին քաղաքական շահարկումների նպատակով:

– Իսկ երբ Պաշտպանը նման մեղադրանք է հնչեցնում՝ ունի՞ ձայնագրություններ, հրապարակումներ, որտեղ տեսել է քաղաքական ենթատեքստ: Չեմ հասկանում Արմեն Հարությունյանի որոշ ձեւակերպումները. քաղաքականացված, անհանդուրժողական մթնոլորտի մասին նրա պնդումներից այնպիսի տպավորություն եմ ստացել, որ նա կա՛մ խմբի 6-րդ անդամն է եղել, կա՛մ էլ ամեն օր դռան մոտից հետեւել է մեզ:

– Կամ էլ վստահում է խմբում իր ներկայացուցչի պատմածներին:

– Բայց կներեք՝ եթե Պաշտպանը գնահատականներ է տալիս, պիտի համակողմանի տեղեկատվության հիման վրա ձեւավորի իր կարծիքը, այլ ոչ միայն իր ներկայացուցչի հնչեցրածի: Սակայն ամենաանհեթեթն էր, որ պրն Հարությունյանը նկարագրեց, թե այստեղ կարծես հրեշներ են հավաքված ու նրանց հետ աշխատելու պիտի գործուղի այդ մթնոլորտին համապատասխան մարդու. սա նշանակում է, որ իր արսենալում նա ունի ոչ միայն գիտությունների դոկտորներ, այլ նաեւ սափրագլուխներ:

– Ռոբերտ Ավագյանը պնդեց, թե չի եղել դեպք, որ դուք մի առաջարկ անեիք եւ ինքը դրան դեմ լիներ: Իրոք այդպե՞ս էր:

– Նա շատ ճիշտ է ասել: Մեր բոլոր առաջարկները քննարկվել եւ ընդունվել են, քանի որ դրանք չհիմնավորված կամ անտրամաբանական չէին: Մեր առաջարկները բխել են խմբի ստեղծման կարգադրության ու մեր գործառույթների շրջանակներից, այսինքն՝ ուղղված են եղել մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության, զոհերի մահվան հանգամանքները պարզելու նպատակներին: Եվ բնական է, որ դրանց դեմ լինելու խնդիր երբեք չի առաջացել: Այլ հարց է, որ խմբում եղել են ակտիվ ու պասիվ անդամներ, ինչն ընդունել են նաեւ իրենք: Ես կցանկանայի, որ մեր մյուս 3 գործընկերները նույնպես ակտիվ լինեին, եւ շատ ավելի մեծ ձեռքբերումներ կունենայինք փաստահավաք գործունեության ընթացքում:

Ռոբերտ Ավագյանն իր ասուլիսում շատ կարեւոր խոստովանություն արեց սերիալների եւ մուլտիկների մասին պատմությունների արանքում: Նա ասաց, որ եթե Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ ուսումնասիրության զեկույցը չուղարկեին՝ խմբի ընդդիմադիր անդամները հնարավորություն կունենային նաեւ բացահայտելու մյուս 9 մահվան դեպքերի հանգամանքները: Ինքը շատ անկեղծ էր այս հատվածում: Եվ դա էապես բացատրում է այդ զեկույցից հետո մեր խմբի մյուս անդամների պահվածքը: Այսինքն՝ նրանք ըստ էության ընդունում են, թե փորձում են հնարավորություն չտալ Անդրանիկ Քոչարյանին ու Սեդա Սաֆարյանին բացահայտել մյուս 9-ի մահվան հանգամանքները: Ես դա այդպես եմ գնահատում: Բայց ուզում եմ իրենց հիասթափեցնել՝ անկախ ամեն ինչից, փաստահավաք խմբի գործունեության շրջանակում, թե դրանից դուրս՝ մենք, այնուամենայնիվ, կփորձենք ինչքան հնարավոր է մոտենալ մահվան հանգամանքների բացահայտմանը: Մենք եկել ենք այստեղ աշխատելու եւ ոչ թե ժամավաճառությամբ զբաղվելու, հետագայում դուրս գալու՝ հանրությանն ասելու, թե նեղացել էինք իրարից, փախանք: Այդպիսի բան չի կարող լինել: Դրա համար էլ երկուսս էլ այս պահին մեր աշխատասենյակում ենք: Եվ կոչ եմ անում նաեւ մյուսներին՝ վերադառնալ ու զբաղվել իրենց բուն պարտականություններով: Ի վերջո, նրանք նաեւ աշխատանքային պայմանագիր ունեն:

– Այս առումով՝ ինչպե՞ս եք պատկերացնում ձեր հետագա գործունեությունը, երբ այս պահին խումբը կարծես կազմալուծված է:

– Կարծում եմ, կազմալուծված չէ: Ուղղակի խմբի որոշ անդամների առջեւ դրված են բավական լուրջ խոչընդոտներ՝ հետագա հարցերն ուսումնասիրելու առումով: Այս պահին խումբն ունի 3 անդամներ, բայց նրանցից մեկը չպատճառաբանված չի գալիս աշխատանքի: Ես սա էլ եմ համարում այս գործողությունների տրամաբանական շարունակությունը, այսինքն՝ իրավական առումով հնարավորություն չի տրվում մեզ նիստ գումարել եւ վերականգնել խմբի բնականոն գործունեությունը: Անցած 7 ամսում հսկայական աշխատանք է արվել, եւ այս պահին էլ մենք ունենք պատրաստի նյութեր, որոնք պետք է բերել վերջնական տեսքի եւ ուղարկել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին:

– Մինչդեռ Ռոբերտ Ավագյանը պնդում էր, թե առաջին զեկույցում ոչ թե փաստեր էին, այլ նրա համեմատությամբ՝ «զոնալ դատախազի» աշխատանք, որը հսկում է, թե ինչ թերություններ են եղել քննության ընթացքում:

– Պրն Ավագյանին խորհուրդ կտայի մտքեր արտահայտելուց ուշադիր լինել, քանի որ այդ փաստաթղթի վրա նաեւ ինքն է աշխատել: Ինքն ընդունել է այնտեղ շարադրված բոլոր փաստերը: Խմբում ամիսներ շարունակ քննարկվել են այդ բոլոր փաստերը, եւ պրն Ավագյանն այդ գործընթացի մասնակից էր: Եվ եթե ինքն ուներ որեւէ կարծիք՝ պիտի գրեր հատուկ կարծիք, որը չի արել:

– Արդյոք ձեր զեկույցից բխո՞ւմ էր այն եզրակացությունը, որը հրապարակվեց մամուլում՝ փաստաթղթի հետ միասին, թե այս փաստերը վկայում են, որ Համլետ Թադեւոսյանը զոհվել էր, քանի որ նռնակը պայթել էր նրա ձեռքում:

– Մենք նման բան չենք գրել մեր զեկույցում: Ես չգիտեմ՝ ով, ինչպես է մեկնաբանել, բայց մենք մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո շարադրել ենք միայն եղած փաստերն ու խախտումները:

– Դուք ասում եք, թե հիմա էլ ունեք պատրաստի նյութեր: Իրո՞ք արդեն պատրաստ են եւս 3 զեկույցներ:

– Չեմ կարող ասել, թե քանի զեկույց ունենք՝ դա փաստահավաք խմբի գործունեությանը վերաբերող հարց է: Բայց այսօր խումբը հասել էր այն եզրին, որ պատրաստ էր աշխատել վերջնական զեկույցի վրա:

– Վերջին շրջանում անընդհատ խախտվում է այն կարգադրությունը, որով ստեղծվել է այս խումբը: Ըստ այդմ՝ խմբի անդամներն անփոփոխելի են, բացառությամբ այն դեպքերի, երբ կխախտեն կարգադրության այն դրույթը, որ խմբի աշխատանքն իր գործունեության ընթացքում լուսաբանման ենթակա չէ եւ անդամներն իրավունք չունեն ԶԼՄ-ներով մեկնաբանել կամ բացահայտել որեւէ տեղեկատվություն՝ կապված խմբի գործունեության հետ:

– Մենք հարցազրույցներ մինչեւ հիմա չենք տվել, բայց այսօր քննարկումներ են սկսվել, հնչում են մեղադրանքներ, եւ չեմ կարծում, որ ես եւ տիկին Սաֆարյանը պետք է հանդուրժենք այն մեղադրանքները, որոնք հնչեցվում են խմբի այն անդամների նկատմամբ, որոնք եղել են ամենաակտիվը: Բայց անկախ ամեն ինչից, ստեղծված իրավիճակից ու իրենց անտրամաբանական բացակայություններից՝ այս պահին էլ խմբում կոալիցիայի ներկայացուցիչներին ասում եմ՝ վերադարձե՛ք ու շարունակեք ձեր՝ թեկուզ պասիվ գործունեությունը: Եվ հնարավորություն ստեղծեք, որ կարողանանք գնալ առաջ ու բացահայտել 9 մահվան հանգամանքները եւս:

Ի դեպ, փաստահավաք խմբի գործունեության շուրջ այս անհեթեթ քննարկումները կբացառվեին, եթե կատարված լիներ այն պահանջը, որ խմբին մշտական մասնակցություն ունենար նաեւ միջազգային փորձագետը, որ այդպես էլ չեղավ: Այդ դեպքում իշխանության ներկայացրած մեր գործընկերներն իրենց պահվածքը երբեք չէին կարողանա փորձել արդարացնել այսպիսի անհեթեթ մեղադրանքներով՝ մթնոլորտի վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել