Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ մարդկանց ձեռնտու էր արյունահեղությունը»

Հունիս 04,2009 00:00

\"\"Դատարանում հայտարարեց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործով դատավարությունը: Անդրադառնալով վկաներից մեկի՝ ոմն Երանոսյանի ցուցմունքներին՝ պատգամավորն ասաց. «Երանոսյանին էին ցուցմունք գրել տվել, որ Հակոբը ասել ա, որ եթե ղարաբաղցիք վերցրեցին, ուրեմս մեր համար շատ վատ ա լինելու»,- հետո էլ ավելացրեց. «Լավ կլիներ, որ Երանոսյանը էստեղ լիներ, իմանայինք՝ ինքը կապ ունի՞ էդ գրածի հետ, թե՞ չէ: Բոլորս էլ լավ գիտեինք, որ Քոչարյանն էլ էր ղարաբաղցի, ու Հակոբն իրա հետ որեւիցե խնդիր չի ունեցել: Իմ ընգերությունն էլ գիտի, որ «Ղարաբաղ» հասկացողությունն իմ կյանքից թանկ ա եղել: Իրանք եթե էդքան քրդի շուն են ու Հակոբին ցավացնելու, մարդկանց աչքից քցելու համար ղարաբաղցի հասկացողությունն են առաջ բերում, դա ինձ համար շատ վիրավորական է»: Արդեն մարտի 2-ին լուրեր են տարածվել, թե 5 զոհվածները Հակոբյանի հարազատներն են եղել: Այս մասին պատգամավորն ասաց, որ նրանց ոչ ճանաչում է, ոչ էլ երբեւէ բարեւ է տվել: Նա նաեւ նշեց. «Ոչ էլ էն երկու «կիսաֆաբրիկատներին» (նկատի ունի 2 վկաները- Լ. Խ.) եմ ճանաչում, որ բերել, ներկայացնում են որպես Հակոբի զինվորներ: Հակոբի զինվորները կարգին տղերք են»:

Նիստի հաջորդ մասում Հակոբ Հակոբյանը պատասխանեց պաշտպան Մելանյա Առուստամյանի հարցերին: Մարտիմեկյան դեպքերին, պատգամավորի կարծիքով, պայքարը եղել է ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ, այլ մի երրորդ ուժի, որը որ այդ ամենը սարքում էր: Դրանից շատ մարդիկ են տեղյակ, եւ պատգամավորն էլ, իր խոսքերով՝ ամենից շատ հենց դրանից էր վախենում, որպեսզի արյունահեղություն չլիներ: Այնուհետեւ փաստաբան Մ. Առուստամյանը պաշտպանյալին հորդորելով, որ չջղայնանա, հարցրեց ոմն «Ճտեմի» ցուցմունքների մասին: Հակոբյանը, այնուամենայնիվ, բարկացավ հարցից: Նիստի ամբողջ ընթացքում հավաքվածները հումորի պակաս չէին զգում, միայն դատավորն ու մեղադրողն էին լուրջ-լուրջ լսում: Անդրադառնալով այն փաստին, որ իբր մարտի 1-ին Հակոբյանի գործողությունները պատկերող տեսագրությունը չի պահպանվել, պատգամավորն ասաց. «Ո՞նց կարողա ըտենց բան լինի, Չարենցի ժամանակվա դիսկերն էլ են պահպանվում»: Այլեւս չկարողանալով պատասխանել, իր խոսքով՝ «անհեթեթ հարցերին», Հ. Հակոբյանն ասաց. «Էն Ստալինի թվերին ժողովրդին կատաղացնելու համար Ստալինը մարդկանց գերմանացու շորեր էր հագցնում, մտցնում էր ժողովրդի մեջ, կոտորել տալիս,…հիմա ես ինչ իմանամ՝ ովքեր էին էդ օրվա «պրովակատորները», շատ մարդկանց ձեռնտու էր արյունահեղությունը»: Պատգամավորն իր ցուցմունքներում հրաժարվելով իրեն ներկայացված բոլոր մեղադրանքներից՝ ասաց. «Քենեդու սպանությունը դրել են Հակոբի վրա, պիտի մի կերպ սվաղե՞ն, թե՞ չէ»: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ այսօր՝ ժամը 11.30-ը:

Նշենք, որ երեկ Գրիգոր Ոսկերչյանը եւս ցուցմունքներ է տվել, իսկ Մյասնիկ Մալխասյանը նիստի ընթացքում միջնորդություն է ներկայացրել դատարանին, որպեսզի տեսագրությունները նորից դիտելու հնարավորություն տան, քանի որ պատգամավորը նախորդ նիստին դատարանի կողմից հեռացվել էր դատարանի դահլիճից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել