Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՔԾ-Ի ԱՐԱԾՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՇՈՈՒ Է»

Հունիս 04,2009 00:00

\"\"ՀԱԿ-ը պահանջում է անվավեր ճանաչել ոչ միայն Մալաթիա-Սեբաստիայում, այլեւ ամբողջ Երեւանում տեղի ունեցած ընտրությունները:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը արդեն երկու օր է, ինչ զբաղված է Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում, մասնավորապես՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ ստացված ահազանգերն ուսումնասիրելով ու այդ համայնքի թիվ 8 ընտրատարածքի մի քանի տեղամասերում եղած կեղծիքների փաստի առնչությամբ հունիսի 1-ին հարուցված քրգործի նախաքննությամբ: Ընդ որում, դա արվում է աննախադեպ թափանցիկությամբ՝ ԶԼՄ-ների ու դիտորդների ներգրավմամբ, ինչը լայնորեն լուսաբանվում է նաեւ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերություններով: Եվս մեկ սենսացիա՝ ՀՔԾ-ն փաստում է, որ մասնավորապես թիվ 8/05 ընտրատեղամասում կեղծիքները կատարվել են հօգուտ իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի: Սրան զուգահեռ՝ ընտրական հանձնաժողովներում վերահաշվարկվում են նաեւ նույն համայնքի թիվ 7/17, 8/18, 8/19, 8/22, 8/29, 8/30, 8/31, 8/32, 8/33 տեղամասերի քվեարկության արդյունքները:

Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախընտրական շտաբի պետ Վահագն Խաչատրյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց, թե այն, ինչ անում է ՀՔԾ-ն, ընդամենը շոու է, հերթական իմիտացիա, որով իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրենք, իբր, լրջորեն զբաղված են ընտրակեղծիքների բացահայտմամբ ու մեղավորներին պատժելով: «Մենք այդ գործընթացի հետ որեւէ հույս չենք կապում, առավել եւս, որ այդ քննության արդյունքում ոչինչ չի փոխվելու: ՀՔԾ-ն կգտնի 1-2 մեղավորներ, որոնց ձեւ կանի, թե պատժում է, բայց նախորդ ընտրությունների փորձը նկատի ունենալով՝ կարող եմ ենթադրել, որ նրանք շատ շուտ ազատ կարձակվեն, առավելագույնը կդատապարտվեն պայմանական ազատազրկման, ինչպես արդեն եղել է: Այս իմիտացիան նաեւ նպատակ ունի արձանագրելու, որ անգամ ի հայտ բերված խախտումները էական նշանակություն չեն ունեցել քվեարկության արդյունքների վրա»,- նկատեց նա:

Նա փաստեց, որ ՀԱԿ-ը դիմում-բողոքներ է ներկայացրել համայնքում բացված 54 ընտրատեղամասերից 31-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքների վերաբերյալ եւ պահանջում է այդ տեղամասերում ընտրություններն անվավեր ճանաչել: Իհարկե, Վ. Խաչատրյանի դիտարկմամբ, եթե իշխանություններն իսկապես ցանկանային լրջորեն զբաղվել տեղի ունեցած ընտրակեղծիքների բացահայտմամբ, ապա դրա արդյունքում անվավեր պիտի ճանաչեին ոչ միայն համայնքի երկու ընտրատարածքներում՝ թիվ 7-ում եւ 8-ում, այլեւ ողջ Երեւանում տեղի ունեցած ընտրությունները, ինչը նաեւ ՀԱԿ-ի պահանջն է: Գնահատելով Մալաթիա-Սեբաստիայում տեղի ունեցած ընտրությունները՝ ՀԱԿ ներկայացուցիչն ասաց, թե դրանք առանձնացան նաեւ նրանով, որ վերականգնվեց արդեն մոռացված «կարուսել» կոչված քվեարկությունը: Իսկ տեղամասերից մեկում՝ թիվ 7/17, տեղի ունեցած վերահաշվարկի արդյունքում, Վ. Խաչատրյանի փոխանցմամբ, 14 ծրարներ են հայտնաբերվել, որոնց վրա եղել են չսահմանված նմուշի կնիքներ, այսինքն՝ ոչ ԿԸՀ-ինը: Դրանցից 22-ի վրա եղել է «Գոռ Միսակյան» ՍՊԸ-ի կնիքը: Ու չնայած աղաղակող այդ փաստին, դրա առնչությամբ ոչ ոք չի ձերբակալվել: «Ասում եք՝ ՀՔԾ-ն գործեր է հարուցել, քննում է: Եթե դա շոու չէ, ապա հենց այս փաստի վերաբերյալ անմիջապես պետք է քրգործ հարուցվեր, ձերբակալվեր ՍՊԸ-ի նախագահը, այդ տեղամասի հանձնաժողովի նախագահը, ու ընտրություններն էլ ԿԸՀ-ն պետք է անվավեր համարեր, ինչը չի արվել, որովհետեւ այդ տեղամասի հանձնաժողովի նախագահը՝ Վահագն Մկրտչյանը, այդ համայնքից ընտրված ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերն է»:

Ի պատասխան մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ այս անգամ ամենաաղաղակող եւ սանձարձակ ընտրություններն անցել են հենց Մալաթիա-Սեբաստիայում, Վ. Խաչատրյանը, որն, ի դեպ, 2008թ. ընտրությունների ժամանակ նույն համայնքում եղել է նաեւ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը, պարզաբանեց. «Այդպես էլ պիտի լիներ: Այս համայնքում դա արդեն ավանդույթ է, այդպես եղել է նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ: Այնտեղ ընտրական պրոցեսը ղեկավարվում է մի կետից, եւ հրահանգները կատարվում են մեկ մարդու կողմից՝ Սամվել Ալեքսանյանի»: Ընդ որում, Վ. Խաչատրյանի կարծիքով, հենց այդ համայնքի վրա կենտրոնանալը նախապես է մտածված եղել. «Իշխանությունները, երեւի, որոշել են մեկ ընտրատարածքով հարցերը լուծել: Այդ է վկայում համայնքում ընտրությունների մասնակցության թիվը, որը ամենամեծն է մյուս համայնքների համեմատությամբ՝ մոտ 70 տոկոս, որից ՀՀԿ-ին քվեարկել է ընտրողների 50 եւ ավելի տոկոսը: Այս համայնքում ՀԱԿ-ը 4-րդն է եղել, որովհետեւ լցոնումները կատարվել են նաեւ ՕԵԿ-ի համար: Համայնքի ընտրական հանձնաժողովների կազմերը, այդ թվում՝ մեր տեղեկություններով, նաեւ դատական դեպարտամենտի անդամները, համալրված են եղել բացառապես Ս. Ալեքսանյանի մարդկանցով՝ բարեկամ-ընկերներով»: Հիշեցնենք, որ հենց այս ընտրատարածքում էր, որ ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցության տեղերը «վաճառվել» էին դեռ մինչեւ ընտրությունները»:

ՀԱԿ-ի ներկայացուցիչը ի պատասխան մեր հարցին՝ նաեւ ասաց, թե ՀՔԾ-ում հարուցված քրգործի շրջանակներում ինտենսիվորեն հարցաքննությունների են կանչվում ՀԱԿ-ի վստահված անձինք, բայց ոչ թե գործին օգուտ տալու, իրականությունը բացահայտելու եւ մեղավորներին պատժելու ակնկալիքով, այլ՝ այդ մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց հայտարարություններից. «Այդ աշխատանքը տարվում է նաեւ դրսում: Այն մարդիկ, ովքեր մեր վստահված անձանց ահաբեկել կամ բռնության են ենթարկել ընտրությունների ժամանակ, հիմա այցելում են այդ մարդկանց ու հորդորում չբողոքել, որովհետեւ «նույն թաղում, նույն համայնքում շարունակելու են կողք կողքի ապրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել