Սամվել Նիկոյանի կարծիքով, փաստահավաք խումբը իր չգոյությամբ խանգարում է հանձնաժողովի աշխատանքներին
Մարտի 1-ին Երեւան քաղաքում կատարված դեպքերի եւ դրանց հետեւանքների ուսումնասիրության նպատակով ստեղծված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո, որի ժամանակ պարոն Հարությունյանը հայտարարել էր, որ մարտի 1-ի դեպքերի ժամանակ նախագահականում գործել է հատուկ շտաբ, դիմել էր ՀՀ նախագահի նստավայր, խնդրելով պատասխանել՝ իրո՞ք նման շտաբ գործել է նախագահականում: Մեր տեղեկություններով, երկու օր առաջ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ստացել է իր դիմումի պատասխանը, որը զետեղված է եղել կարմիր թղթապանակի մեջ: Երեկ «Առավոտի» հետ զրույցում պարոն Նիկոյանը հաստատեց, որ ինքը ստացել է իր դիմումի պատասխանը, սակայն լրացուցիչ մանրամասներ հրաժարվեց հայտնել, ասելով, թե այսօր տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որի ժամանակ էլ ինքը կներկայացնի պատասխանը: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին հարցրինք, թե փաստահավաքի այս ամբողջ աղմուկը չի՞ ազդում ժամանակավոր հանձնաժողովի գործունեության վրա: Չէ՞ որ փաստահավաքը ի սկզբանե ստեղծվեց որպես օժանդակություն ժամանակավոր հանձնաժողովին: Ի պատասխան՝ պարոն Նիկոյանն ասաց. «Այն, ինչ կատարվում էր եւ հիմա էլ կատարվում է փաստահավաք խմբում, որեւէ ձեւով չի նպաստում այն խնդիրների իրականացմանը, որի համար ստեղծվել էր այդ խումբը: Ցավոք, դա սկսվեց այն պահից, երբ փաստահավաք խմբից արտահոսք եղավ մամուլ: Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների ուսումնասիրությունները, ինձ ուղարկելուց առաջ կամ միաժամանակ, հրապարակվեց նաեւ մամուլում: Այն, ինչ ակնկալվում էր փաստահավաք խմբից, այն է՝ քաղաքական հարթությունից տեղափոխվել իրավական հարթություն, որովհետեւ նրանք քաղաքական մարմինների կողմից առաջարկված մասնագետներ են, չկատարվեց: Երեւի նրանց վրա կար քաղաքական ճնշում՝ նմանատիպ նյութերը արագ ձեռք բերելու եւ միտինգում օգտագործելու պահանջով: Կարծում եմ՝ իրենք այդ գայթակղությանը չդիմացան: Ես պետք է արձանագրեմ, որ ողջունել եմ փաստահավաք խմբի ստեղծումը, մեծ հույսեր եմ կապել դրա հետ, ունեմ այդ խմբի օգնության կարիքը, կուզենայի, որ իրենք օգտակար լինեին: Ցավում եմ, որ այսպես ստացվեց: Այս պարագայում փաստահավաք խումբը իր չգոյությամբ դառնում է հանձնաժողովի աշխատանքները արգելակող մի բան: Ստացվում է, որ այսքան ամիսներ հանձնաժողովը սպասում էր մի բանի, որը չեղավ: Իրենք գործ անելու փոխարեն զբաղված են եղել փոխադարձ մեղադրանքներով եւ ներքին ռազբորկաներով»։ «Առավոտը» նկատեց, որ փաստահավաք խմբի եզրակացությունները որեւէ հանրահավաքում չեն հնչեցվել եւ չի օգտագործվել որպես հանրահավաքային նյութ, ուրեմն, ինչի՞ մասին է ակնարկում պարոն Նիկոյանը: Վերջինս ասաց, որ, իր տեղեկություններով, «որոշակի անդրադարձ եղել է»: Փաստորեն, փաստահավաք խմբում իրար հետ «յոլա չգնացին» ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները: Ըստ Սամվել Նիկոյանի, այդպես չէ, այդ խմբում ոչ միայն ընդդիմության եւ իշխանության, այլեւ՝ ոչ մեկը ոչ մեկի հետ «յոլա չի գնացել». «Եվ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը եւ ոչ մեկը մյուսի հետ յոլա չի գնացել»:
Վերջում փորձ արեցինք հստակեցնել՝ եթե հանձնաժողովը զոհերի մահվան հանգամանքների ուսումնասիրությունը եւ մասնագիտական պատասխանները ակնկալում էր փաստահավաք խմբից, իսկ խումբը ինքնակազմաքանդվեց, նշանակո՞ւմ է, որ զոհերի մահվան հանգամանքների բացահայտման հարցը մտավ փակուղի, եւ հասարակությունն այլեւս որեւէ մասնագիտական եզրակացություն չի կարող ստանալ մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքների մասին: Ի պատասխան՝ Սամվել Նիկոյանն ասաց. «Դուք ցավոտ հարց եք տալիս, որի դրական պատասխանը ես չունեմ»:
Հանձնաժողովի նախագահը խոստովանեց, որ հանձնաժողովը «շատ անհեթեթ իրավիճակում» է. «Կաս, գործում ես, քեզանից սպասում են, ակնկալիքներ կան, բայց դու գիտես, համոզված ես, որ այս իրավիճակում չես կարող որեւէ նորություն ասել զոհերի մահվան հանգամանքների հետ կապված: Այդ իսկ պատճառով, իհարկե, հանձնաժողովը անսահման չի կարող սպասել»,- եզրակացրեց պարոն Նիկոյանը։