Պատասխանելով Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների մասին հարցին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ մամուլի ասուլիսում ասել է, որ Հայաստանը «կոնկրետ բնորոշիչ կեցվածքի» լրագրողների կարիք ունի. «Բազմաթիվ տեղամասերում լրագրողները, փաստորեն, վերցրել են հանձնաժողովի նախագահների լիազորությունները եւ սկսել են դիտողություններ անել տարբեր քաղաքացիների, որի հետեւանքով նաեւ կարող էր լարվածություն առաջանալ։ Հասարակական պահանջ է դարձել։ Լրագրողը չի կարողանում իր կեցվածքի բնութագիրը հասարակության մեջ ապահովել։ Նա իր ազատությամբ սկսել է արդեն սահմանափակել այլոց ազատությունը։ Սա վատ իրավիճակի հետեւանք է, եւ մենք այստեղ մեղադրում ենք ոչ թե լրագրողներին, այլ հենց գործող իշխանություններին, որ համապատասխան դաշտ չեն ստեղծում, որպեսզի ցիվիլ լրագրողական դաշտ ստեղծվի հանրապետության ներսում՝ թե՛ կրթական ասպարեզում, թե՛ կենսափորձի առումով»։