Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հունիս 03,2009 00:00

«Գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից քարոզարշավն ուղեկցվել է մայրաքաղաքի բոլոր համայնքներում խիստ, ակտիվ, արագ տեմպերով եւ համատարած կերպով ընթացող ասֆալտապատման, աղբահանության եւ փողոցների լուսավորման աշխատանքներով։ Սրանով նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուները ծառայություններ են մատուցել ընտրողներին, ինչն արգելված է ՀՀ ԸՕ 18-րդ հոդվածի 7-րդ կետով։ Խիստ մտահոգիչ էին նաեւ ընտրական հանձնաժողովների անդամների տեղերի առուվաճառքի վերաբերյալ ստվերային գործարքները»,- ասված է «Ընտրությունը քոնն է» կազմակերպության երեկ տարածած հայտարարության մեջ։ Այս կազմակերպությունը մայիսի 31-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում, դիտորդների ամենամեծ թվով՝ 930, դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունն է: Երեկ կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը արձանագրեց. «Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7/01, 8/03, 8/05, 8/07, 8/28 տեղամասերում օրվա երկրորդ կեսին կատարվել են քվեաթերթիկների լցոնումներ։ Լցոնումները կատարվել են այն պահին, երբ քվեարկողների մեծ խմբերը մուտք են գործել նշված տեղամասային կենտրոններ եւ առաջացրել ընտրողների խոշոր կուտակումներ, անկառավարելի վիճակ։ Համայնքի բոլոր տեղամասերում կար վախի զգացողություն, եւ ընդհանրապես թույլ չէր տրվում մանրամասնորեն դիտարկել ու ուսումնասիրել այդ տեղամասերը»։ Բազմաթիվ տեղամասերում ձայների հաշվարկի ժամանակ արձանագրվել է անհամապատասխանություն քվեարկության մասնակիցների եւ մարված ու ստացված քվեաթերթիկների միջեւ: «9/12 տեղամասում ավտոմեքենաներով քվեարկելու բերված կողմնակի անձանց օգնությամբ մի կերպ տեղաշարժվող 30 զառամյալ ընտրողների քվեարկությունը իրականացվել է բաց կերպով, հանձնաժողովների անդամների սեղաններին»,- պատմել է Հարություն Համբարձումյանը։ Բանախոսը նաեւ նշեց, որ 9/05 տեղամասում մշտապես ներկա են եղել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ, ովքեր վերահսկել են ընտրողների քվեարկությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել